Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ «ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ» ՕՐ ԷՐ

Մայիս 12,2011 00:00

\"\"«Ժառանգություն» խմբակցությանը հաջողվեց մի հարցում կառավարության մի օղակի հետ համագործակցության եզր գտնել:

«Ժառանգություն» կուսակցության համար երեկ ակտիվ օր է եղել. կուսակցության ներկայացուցիչները հասցրել են հա՛մ հանդիպել ԱՄՆ Պաշտպանության պետական համալսարանի Պատերազմի պետական քոլեջի պատվիրակության հետ, հա՛մ խորհրդարանում հարցեր ուղղել ՀՀ կառավարության անդամներին ու նաեւ «հարց լուծել»:
Այսպես, ամերիկյան պատվիրակության հետ, որի կազմում են եղել նաեւ քոլեջի պրոֆեսորադասախոսական ու վերլուծական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ, հանդիպել են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, որոնք ներկայացրել են «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները Հայաստանի արտաքին «բարդ միջավայրի, անվտանգության խնդիրների, արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ»:
Իսկ ահա խորհրդարանում, որտեղ երեկ ԱԺ-կառավարություն ավանդական «հարցուպատասխանի» օրն էր, «Ժառանգության» պատգամավորներն անդրադարձել են մեր երկրի առողջապահության, բնապահպանության ու գյուղատնտեսության ոլորտներին: Խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցը վերաբերել է կառավարության կողմից շրջանառության մեջ դրված՝ «ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի 11911-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծին, որն ուսումնասիրելուց հետո պատգամավորը եզրակացրել է. «Մարզերում մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ մատչելիության բարձրացման նպատակով, օրինակ՝ Լոռու մարզում 2 անգամ կրճատվելու է տարբեր բաժանմունքների մահճակալների թիվը: Նախագծում ամրագրված է, որ Վանաձորի թիվ 1 եւ թիվ 2 հիվանդանոցների միաձուլման հետեւանքով կազատվի, ես կասեի՝ կազատագրվի 4.300 քմ մակերես, Բերդում՝ 3.600 քմ, Ստեփանավանի տարածաշրջանում՝ 12.000 քմ: Միայն 3 քաղաքում՝ 19.900քմ տարածք: Նախագծով հանձնարարվում է առողջապահության նախարարին բանակցել Համաշխարհային բանկի հետ՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ»: Ա. Բախշյանի դիտարկմամբ, առաջարկվել է մի նախագիծ, որով կառավարությունը ոչ թե բնակչության առողջության խնդիրներն է լուծում, այլ բնակչության առողջության հաշվին տարածքներ է ազատագրում՝ առանց խորանալու, որ երկիրն ունի երկրաշարժի գոտի, որ կա դեռ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականություն, ու որ բժշկական հիմնարկների օպտիմալացման արդյունքում շահածը բազմապատիկով ենք կորցնելու: Հարցադրմանը պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ մահճակալների պակասեցումը հիմնավորելով նրանով, որ խորհրդային ժամանակների համեմատությամբ փոխվել է բնակչության թիվ եւ մահճակալ հարաբերակցությունը: Իսկ երկու հիվանդանոցների միաձուլման դեմ բողոքողները, նախարարի ասելով, հիմնականում հենց բուժհիմնարկների ղեկավարներն են: Իհարկե, Ա. Բախշյանին այդ պատասխանը չի բավարարել, ու նա հայտարարել է հիշյալ խնդիրների վերաբերյալ գրավոր հարցում անելու իր մտադրության մասին:
«Ժառանգության» պատգամավոր Ստ. Սաֆարյանի հարցը վերաբերել է Սայաթ-Նովա պողոտա, Նալբանդյան, Ա. Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում ինչ-որ անձանց կամ կազմակերպության կողմից բարձրահարկ շենք կառուցելու նպատակով շուրջ 9.000 քմ տարածք ցանկապատելուն, որի արդյունքում լրջորեն վնասվել են հաստաբուն եւ տարիքով բազմաթիվ ծառեր, նոր կառուցվելիք շենքի հիմքեր են գցել: Ցանկապատված տարածքի վրա բացակայում է կառուցվող շենքի մակետը, շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության անվանումը եւ այլ՝ օրենքով անհրաժեշտ տեղեկություններ: Պատգամավորի ասելով, դա պատահական չէ, քանի որ, իրենց ունեցած տեղեկություններով, հերթական շինարարության շուրջ հանրային լսումներ չեն կազմակերպվել, բացակայում է դրա վերաբերյալ բնապահպանական եզրակացությունը, այնինչ շինարարությունն իրականացվում է կանաչապատ տարածքում եւ ակնհայտորեն ունենալու է բնապահպանական հետեւանքներ տարածքի շենքերի բնակիչների համար: Ավելին, համաձայն Երեւանի քաղաքապետարանի 23.03.2011թ. տեղեկանքի՝ «Վերը նշված բակային տարածքի կառուցապատման նախագծային փաստաթղթերը դեռեւս մշակված եւ համաձայնեցված չեն»: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հաստատել է հիշյալ հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ բնապահպանական եզրակացության բացակայության փաստը՝ համաձայնելով նաեւ, որ իրականացվող շինարարությունը, անշուշտ, բնապահպանական հետեւանքներ հարուցելու է: Նա պատրաստակամություն է հայտնել «Ժառանգություն» խմբակցության հետ համատեղ աշխատել նման օրինախախտումները կանխելու համար: Ստ. Սաֆարյանն էլ «երկաթը տաք-տաք են ծեծում»-ով առաջնորդվելով՝ նախարարին առաջարկել է հենց այսօր՝ հինգշաբթի օրը, միասին այցելել հիշյալ տարածք եւ տեղում ծանոթանալ իրավիճակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել