Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՂՂԱՓԱՌ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 11,2011 00:00

\"\"

ՄԻ քանի ամիս առաջ ԶԼՄ-ներում բուռն քննարկման առարկա դարձած ուղղափառ դրես-կոդը (հագուստի չափանիշը) ապրիլի 28-ի երեկոյան ներկայացվեց Մոսկվայի ոսկերչական տներից մեկում:
Հյուրերին ներկայացված մոդելներին բնորոշ էին համեստությունը եւ շքեղությունը: Հագուստների մեծ մասն ուներ ժամանակակից ձեւ, սակայն ընդհանուր առմամբ հավաքածուն այն էր, ինչն արեւմտյան որոշ նկարիչ-մոդելավորողներ անվանում են ռուսական ոճ:
Շուրջ հազար հանդիսատես դիտել է պավլոպոսադյան նախշերի մոտիվներով, ժանյակներով, մորթեղենով եզրակարված զգեստները, թիկնոցները, վերարկուները, որոնք յասամանագույն երանգների եւ կանաչի ու վարդագույնի, մուգ կարմրի ու կապույտի վառ համադրություններ էին: Մոդելների ցուցադրությունն ուղեկցվում էր ոչ միայն բեմահարթակի համար ավանդական ռիթմիկ երաժշտությամբ, այլեւ ժողովրդական մեղեդիներով, օպերային մեներգերով եւ հանրահայտ մյուզիքլներից երգերով:
Ըստ qahana.am-ի՝ երեկոյի բեմահարթակային մասն ավարտվեց Զայցեւի «Վալենկի» անվամբ հավաքածուի ցուցադրությամբ:
Այնուհետեւ տեղի ունեցավ հյուրերի եւ կազմակերպիչների քննարկում, որը վարեց հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը:
«Ուղղափառ հագուստը ոչ մի կերպ չի տարբերվում ցանկացած այլ հագուստից, որը ընտրում են իրենց հետեւող եւ հարգող մարդիկ»,- ասել է նա՝ հայտնելով ցուցադրությունից ստացած իր տպավորությունը, եւ խոսքը տվել Սինոդական բաժնի եկեղեցու եւ հասարակության փոխհարաբերությունների բաժնի ղեկավար, ավագ երեց Վսեւոլոդ Չապլինին, ով համառուսական դրես-կոդի  գաղափարի հեղինակն է:
Համոզված լինելով, որ մարդու արտաքինը եւ ներքին էությունը փոխկապակցված են, Վսեւոլոդ Չապլինը կոչ է արել մտածել թե հագուստի եւ թե սրտի գեղեցկության մասին:
Նա հատկապես նշել է, որ առաջ է քաշել ոչ թե ուղղափառ, այլ համազգային դրես-կոդի գաղափարը, որն ընդունելի կլիներ նաեւ մահմեդականների, հուդայականների, բուդդայականների համար: «Ես  ասել եմ նախեւառաջ այն մասին, որ մարդը պետք է կարգին, պատշաճ հագնված լինի»,- շեշտել է  նա:
Հոգեւորականը հույս է հայտնել, որ նման հագուստներն ավելի հաճախ կհանդիպեն նորաձեւության երեկոներում, եւ համաձայնել է քննարկմանը մասնակից մի կնոջ հետ, ով առաջարկել է բացել ուղղափառ փոքրիկ մասնագիտացված վաճառասրահներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել