Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿԻ ԿՅԱՆՔԻՆ՝ ՎՆԱՍ, ՄՅՈՒՍԻՆ՝ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՈՒՄ

Մայիս 11,2011 00:00

Աբորտը կարող է դառնալ նաեւ հոգեբանական խնդիրների պատճառ

\"\"

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թեեւ վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այնուամենայնիվ, ամեն տարի աշխարհում կատարվում է 40-50 մլն հղիության արհեստական ընդհատում, որոնցից կեսը՝ ոչ անվտանգ պայմաններում։ Աշխարհի մասշտաբով մայրական մահացության 13%-ը պայմանավորված է հղիության արհեստական ոչ անվտանգ ընդհատման բարդություններով։ Ամեն տարի հղիության արհեստական ընդհատման հետեւանքով մահանում է 70 հազար կին, տասնյակ հազարավորներ տառապում դրա բարդություններից։ Գործնականում աշխարհի բոլոր երկրներում գործում է որոշակի պայմաններում հղիության արհեստական ընդհատումը թույլատրող օրենք։ Աշխարհի երկրների 98%-ում, ուր բնակվում է ողջ երկրագնդի բնակչության 96%-ը, մոր կյանքի վտանգը գնահատվում է որպես օրինական հիմք՝ հղիության արհեստական ընդհատման համար։ Առնվազն 75 մլն հղիություն ամեն տարի (մոտ 175 մլն հղիության ընդհանուր թվից) հանդիսանում է անցանկալի, որի հետեւանքով կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ։
«Որոշ կանանց մոտ ի հայտ են գալիս վախի զգացողություններ, դեպրեսիաների ախտանիշներ, անքնություն, բարձր ջերմություն, ցավեր փորի շրջանում, վախ, սեռական ցանկության անհետացում: Ոմանք իրենց մեղավոր են զգում այն պարզ պատճառով, որ վերջ են դրել լույս աշխարհ եկող երեխայի կյանքին: Աբորտի առավել մեծ վտանգ կարող է ներկայացնել դրա անավարտ կատարվելու փաստը, ինչը կրկին վիրահատական միջամտություն կպահանջի: Վտանգ կարող են ներկայացնել արյունահոսությունը, ինֆեկցիաները, կնոջ արգանդի վնասվելը եւ այլն: Եթե աբորտը չի կատարվում բժիշկ գինեկոլոգի կողմից՝ բժշկական համապատասխան հաստատություններում, այն կարող է ճակատագրական հետեւանքներ թողնել: Աբորտը, մնացած վիրահատությունների նման, կապված է առողջական մի շարք խնդիրների՝ ռիսկերի հետ: Պետք է հիշել, որ աբորտ կատարելուց հետո կինը կարող է այլեւս չհղիանալ»,- մեզ հետ զրույցում աբորտից առաջացած հետեւանքների մասին ասաց Ռումինիայից ժամանած բժիշկ Միրճա Օնոֆրիեսկուն:
Վերջերս Օսլոյի համալսարանի հետազոտող գիտնականներն ուսումնասիրել են 40 կանանց, ովքեր դիմել են աբորտի եւ 80 կանանց, ովքեր նոր են պատրաստվել դա անել: Համեմատություն անցկացնելով նրանց միջեւ՝ պարզել են, որ բոլորի մոտ էլ հոգեբանական անհանգստություն է առաջացել ու պահպանվել բավականին երկար ժամանակ:
Ըստ ամերիկյան «Pro-Life Charity Life» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Փրինգլի՝ ապացուցված փաստ է, որ հետաբորտյան շրջանում կանանց տառապանքը կարող է լինել շատ ուժեղ, քանի որ այդ ժամանակ նրանք անցնում են այնպիսի տագնապների միջով, ինչը տեղի է ունենում մարդու կյանքի ամենադժվար պահերին: Սակայն Եվրոպական «Family Planning Association»-ի ներկայացուցիչների խոսքերով՝ իրականում ոչ մի ապացույց չկա, որը կկարողանա հաստատել աբորտից առաջացած հոգեկան տրավմաների առկայությունը: Ըստ բժիշկների՝ նրանք, ովքեր աբորտ են կատարում, անցնում են զանազան համախառն զգացմունքների, զգացողությունների միջով: Իսկ դրանք բնական ռեակցիաներ են, բայց ոչ բոլորն են երկար ժամանակ տառապում: Որոշ հոգեբաններ էլ այս կարծիքին են. աբորտ անող կանանց օրգանիզմը ժամանակի ընթացքում ապաքինվում է, սակայն հոգիները՝ շարունակում տանջվել երկար տարիներ, անգամ ամբողջ կյանքում:
ԱՄՆ-ից ժամանած հոգեբան Վիկտորիա Թորնը, որը հետաբորտյան տրավմաների բուժման ԱՄՆ-ի «Ռահիլա» ծրագրի սկզբնավորողն է, մեզ հետ զրույցում ասաց. «Ռահիլա» ծրագիրը գործում է ԱՄՆ-ի արդեն 170 նահանգներում, ինչպես նաեւ այլ երկրներում: Այսօրինակ ծրագրերը անհրաժեշտ են հատկապես աֆրիկյան երկրներում եւ Արեւմտյան Եվրոպայում: Այս ճանապարհով կարելի է օգնել շատ կանանց, որպեսզի խուսափեն հետաբորտյան տառապանքներից: Նշեմ, որ այսօրինակ ծրագրերից բացի, եկեղեցին միակ հաստատությունն է, որը կարող է «ապաքինել» հազարավոր կանանց, ովքեր տառապում են մեղքի զգացումից եւ կատարած վիրաբուժական գործողություններից առաջացած ցավերից»:
Բժիշկ գինեկոլոգները խորհուրդ են տալիս չանտեսել կամ չհետաձգել աբորտի հետեւանքով առաջացած հոգեբանական տրավմաները, որոնք շատերի համար նշանակություն չունեցող երեւույթներ են:
Համաձայն Հայաստանում անցկացված հետազոտությունների տվյալների՝ մեր երկրում աբորտով ավարտվող հղիությունների տոկոսը աճում է կնոջ տարիքի եւ հղիության հերթականությանը զուգընթաց: Շատ կանանց կարծիքով աբորտն ավելի անվտանգ է, քան հակաբեղմնավորիչների օգտագործումը, եւ որ աբորտ կատարելը հեշտ է, բայց դա սխալ տեսակետ է, ինչն էլ կապված է հակաբեղմնավորիչների ազդեցության եւ հղիության արհեստական ընդհատման բարդությունների ու հետեւանքների մասին կանանց ունեցած ոչ ճիշտ տեղեկացվածության հետ:
Այնուամենայնիվ, նշենք՝ աբորտը միակ բժշկական միջամտությունն է, որի արդյունքում մասնակիցներից մեկին՝ կնոջ առողջությանը հասցվում է զգալի վնաս, իսկ մյուսին՝ դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկին, զրկում կյանքի իրավունքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել