Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկա-իսրայելա-ռուսական կիսաեզրափակիչ

Մայիս 11,2011 00:00

\"\"Կազանում շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կշարունակվի առանց Լեւոն Արոնյանի:
Հայ շախմատիստի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի միջեւ քառորդ եզրափակչի հիմնական չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, եւ մրցակարգի համաձայն, նրանց միջեւ անցկացվեց նորից արագ շախմատի չորս պարտիա: Առաջինում հաջողությունն ուղեկցեց Գրիշչուկին, սակայն երկրորդ իսկ խաղում Լեւոնը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ երբ այդ օրվա նրանց երրորդ հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքիով, լարվածությունը հասավ գագաթնակետին: Թայ բրեքի վերջին պարտիայում ավելի ամուր գտնվեցին ռուսաստանցու նյարդերը: Տանելով վճռորոշ հաղթանակը՝ Գրիշչուկը պայքարը կիսաեզրափակչում շարունակելու իրավունք նվաճեց:
Ավելի համառ ընթացավ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) դիմակայությունը: Այս երկու գրոսմայստերների միջեւ թե քառորդ եզրափակչի հիմնական, թե թայ բրեքի չորս պարտիաներն ի հայտ չբերեցին ավելի հաջողակին ու նրանք պայքարը շարունակեցին կայծակնային շախմատում: Առաջին պարտիայում տանուլ տալուց հետո Կրամնիկը հավաքեց ուժերը եւ երեք անընդմեջ հաղթանակ տարավ՝ վերջնական ելքը գրանցելով իր օգտին (6,5:5,5):
 Վաղը կիսաեզրափակչում միմյանց հետ հանդիպելու են ԱՄՆ-ի նորընծա չեմպիոն Գատա Կամսկին ու Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Վլադիմիր Կրամնիկը: Երկրորդ զույգից ո՞ւմ կշարունակի ժպտալ հաջողությունը, կիմանանք մայիսի 15-ին: Բայց մի բան հայտնի է, եզրափակչում Ռուսաստանը հաստատ ներկայացուցիչ ունենալու է:
Արոնյան-Գրիշչուկ մրցամարտի ավարտից հետո մրցաշարը լուսաբանող սակավաթիվ լրատվամիջոցներ հրապարակել են ռուսաստանցու հայտարարությունները մամուլի ասուլիսում: Իսկ ահա հայ գրոսմայստերի մասին, համենայնդեպս՝ երեկ առավոտյան դեռ ոչինչ չկար: Մասնավորապես, «Սովետսկի սպորտը» մեջբերում է Գրիշչուկի հետեւյալ խոսքերը. «Իհարկե՝ երջանիկ եմ: Ֆավորիտներ այս մրցաշարում չկան: Լեւոնի հետ հանդիպմանը ես շատ լուրջ էի նախապատրաստվել: Գիտեմ, որ մեր զույգում հաղթողի գլխավոր հավակնորդ նրան էին համարում: Բայց այս կարգի մրցաշարերում ետնապահներ չեն լինում: Ես շատ հանգիստ էի եւ մինչեւ վերջ սառնասրտորեն էի գործում: Կարծում եմ՝ հենց դա էլ ինձ օգնեց խուճապի չմատնվել եւ վերջում վճռորոշ հարված հասցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել