Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղինակային իրավունքները՝ պարարվեստում

Մայիս 11,2011 00:00

Ըստ ճանաչված արվեստագետ եւ պարուսույց Արտաշես Կարապետյանի՝ դրանք առայժմ հաճախ են ոտնահարվում

\"\"

Պարն արվեստի ձեւերից է, որի գեղարվեստական կերպարի ստեղծումը շարժումն է ու մարդու մարմնի դիրքերը: Այն ծագել է տարբեր շարժումներից ու ժեստերից, որոնք կապված են եղել աշխատանքային զանազան պրոցեսների հետ: Այնուհետեւ, աստիճանաբար փոփոխելով պարային շարժումները, նրանք ընդհանրացան, եւ արդյունքում ձեւավորվեց պարային արվեստը: Ամեն մի ժողովուրդ ստեղծել է իր պարը: ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՊՄՀ-ի պարարվեստի ամբիոնի դասախոս Արտաշես Կարապետյանը կարծում է, որ պարարվեստի դաշտը չափից դուրս թափթփված է. ով ասես եւ ինչպես ասես՝ դարձել է պարի մասնագետ: 4-5 շարժման տիրապետելով՝ իրենց պարող են կարծում ու դաս են տալիս: «Պետք է այնպես անել, որ ամեն մեկը չկարողանա մտնի այս դաշտ, սա շատ նուրբ մասնագիտություն է: Միայն շարժումներին տիրապետելը չէ, որ անհրաժեշտ է, պետք է պարի ու պարարվեստի պատմություն իմանալ, մանկավարժություն, մարդու անատոմիա եւ հոգեբանություն, որպեսզի կարողանան երեխաների հետ շփվել, սովորեցնել եւ, ամենակարեւորը, հասկանալ, թե որ տարիքում ինչ պետք է սովորեցնել: 7-8 տարեկան երեխաներին «Բերդ» պարել են սովորեցնում: Դա գրագետ չէ»,- ասում է նա:
Մասնագետների կարծիքով, այսօր Հայաստանում պարարվեստի ոլորտում հեղինակային իրավունքները չեն պաշտպանվում: Ամեն մի նորաթուխ ուսուցիչ առանց չարչարվելու վերցնում է հայ վարպետների բեմադրությունները, յուրացնում, ցուցադրում պարն ու ներկայանում որպես բեմադրության հեղինակ:
«Պարարվեստի հեղինակային իրավունքները պետք է պաշտպանեն այս ոլորտի ներկայացուցիչները: Ես «Մարաթուկ» անսամբլում ինչ բեմադրել եմ՝ գրանցել եմ «Հայհեղինակում»: Հիմա եթե ինչ-որ մեկն առանց իմ թույլտվության վերցնի իմ բեմադրությունն ու ներկայացնի, կկարողանամ ինքս ինձ պաշտպանել»,- ասում է վարպետը: «Մե՛նք պետք է իրավունքը տանք պարելու, քանի որ ոմանք կարող է աղավաղեն պարը: Այդպիսի դեպքեր շատ են եղել»,- ասում է Ա. Կարապետյանը, այնուհետեւ վրդովվում. «Դեռեւս հեթանոսական ժամանակաշրջանի պարեր կան մեզ հասած, որոնք մնացել են անմշակ: Թող դրանք վերցնեն, մշակեն, իրենց աշխատանքը ներդնեն ու ցուցադրեն, ինչո՞ւ են մերը գողանում ու աղավաղում»:
Պարարվեստի գործիչները չեն հիասթափվում եւ հույսները դնում են նաեւ խորհրդարանի վրա, քանի որ այս ոլորտում չկա համապատասխան մի օրենք, որը կսթափեցնի միջակություններին եւ կստիպի հարգել մեծերի իրավունքները: Այս գործում ներդրում ունի Հայ պարարվեստի եւ պարագետների միությունը, որը պատրաստվում է օրենքին վերաբերող հարցերը քննարկման սեղանին դնել: Եթե վերջապես ընդունվի օրենք, որի միջոցով պարային բեմադրություններն անձեռնմխելի կլինեն, ապա կարելի է հույս ունենալ, որ պարային դաշտն էլ մի օր մաքուր կլինի, իսկ բեմադրությունները՝ անկրկնելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել