Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐՎԱ «ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ»

Մայիս 11,2011 00:00

\"\"Ժ. Անանյանի հայտնի կատակերգությունը՝ այլ մեկնաբանմամբ

1972թ.-ից մինչ օրս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում է եւ շարունակում է պահանջարկ վայելել Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» կատակերգությունը, որն իսկապես լեգենդար է դարձել անվանի դերասաններ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի, Ստեփան Հարությունյանի, Մարիամ Ղազարյանի, Բորիս Պեպանյանի դերակատարումներով: Օրերս հիշյալ կատակերգության իր տարբերակը Մայր թատրոնի բեմում, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սուսաննա Բաղդասարյանի ռեժիսուրայով ներկայացրեց Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը:
«Առավոտը» ժամանակին անդրադարձել էր այս թատրոնում գեղարվեստական ղեկավարի պաշտոնի շուրջ ծավալված իրադարձություններին, մասնավորաբար՝ տնօրեն-գեղարվեստական ղեկավար հակամարտությանը, նաեւ ընդգծել այն միտքը, թե թատրոնին անհրաժեշտ է ունենալ գեղարվեստական ղեկավար, ով պիտի կազմակերպի ստեղծագործական աշխատանքը: Ի տարբերություն երեւանյան որոշ թատրոնների (Սունդուկյանի անվան, Ազգային օպերային, Կամերային երաժշտական), Աճեմյանի անվան թատրոնը ի վերջո ունեցավ իր գեղարվեստական ղեկավարը՝ ի դեմս ճանաչված բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի եւ, բարեբախտաբար, հիմա թատրոնում տիրում է ստեղծագործական կայուն մթնոլորտ: Դրա ապացույցներից մեկն էլ «Տաքսի, տաքսիի» ծնունդն է:
Թատրոնին հաջողվել էր արդիականացնել հայտնի կատակերգությունը, նրա գլխավոր հերոս Կնյազին (Սամվել Առաքելյան) «դարձնել» գյումրեցի, ով իր բարբառի կոլորիտով նոր երանգ էր բերում պիես: Բեմադրիչը փոխել էր կատակերգական հանգուցալուծումը. թյուրիմացությունների առիթ դարձած ճամպրուկը «նվիրելով» Ադելաիդային (Դիանա Մացոյան) եւ Հովիկին (Տիգրան Գաբոյան), ովքեր պատրաստվում են ընտանիք կազմել: Այլ փոփոխություններ էլ կային, այսպես՝ Փիլոյանի (Սամվել Խաչատրյան) քարտուղարուհի Նունուֆարը (Անահիտ Մութաֆյան) դարձել էր Վանաձորից հյուր եկած բարեկամուհի, որը պատրաստվում է ընդունվել թատերական ինստիտուտ: Դրանից կերպարը կարծես ավելի կատակերգական էր դարձել: Բեմադրիչն ու դերասանները սրամիտ լուծումներով ու ցայտուն կատակերգական հնարներով «վերապատմում» էին Անանյանի գործը, որի ամեն դրվագ հանդիսատեսն ընդունում էր ծափահարություններով: Հանդիսատեսի բուռն ծափողջույնները ստացավ Ռոզի դերակատարուհին՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, որին հանդիսատեսը սիրել է հատկապես «Ուրախ ավտոբուս» (ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան) ֆիլմից, ուր անվանի դերասանուհին կերպարավորել էր ընկեր Սաթենիկին:
Եթե գյումրեցիները ավելի բարեխղճորեն վերաբերվեին իրենց բեմադրությանը, ապա կստեղծեին համապատասխան նկարչական ձեւավորում, թեեւ բուկլետում այդ «դերի» դիմաց ամրագրված է Ա. Քեշիշյան անունը: Ըստ մեր տեղեկությունների, բեմում հայտնված կահույքը «հավաքվել» էր Մայր թատրոնի պահեստից, հետեւաբար հնարավոր չէր «կռճոններով» ստեղծել ոճական միասնություն: Զգեստներն էլ ոչ թե հղացված էին ներկայացմանը համապատասխան, այլ դերասաններն իրենք էին «ձեւավորել»: Ճաշակով էր Ռ. Մխիթարյանի երաժշտական ձեւավորումը:
Չենք կարող չնշել մի փաստի մասին. ներկա թատերագետներից ոչ մեկը չցանկացավ մասնագետի խոսք ասել Գյումրիի «Տաքսի, տաքսիի» մասին՝ պատճառաբանելով, թե իբր իրենց խոսքը «կմոնտաժենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել