Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ

Մայիս 11,2011 00:00

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ երկրի՝ մեծությամբ երրորդ կուսակցությունը՝ «Ազգայնական շարժումը» հայտնվել է աղմկալի սեքսուալ սկանդալի կիզակետում:
Վերջին մի քանի օրերին թուրքական մի շարք կայքերում հայտնվեցին կուսակցության միանգամից չորս ղեկավար անդամներին, այդ թվում՝ «Ազգայնական շարժման» փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզին (նկարում) պատկերող տեսագրություններ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Թաքնված տեսախցիկների օգնությամբ կատարված այս տեսագրություններում քաղաքական գործիչները, CNN Turk-ի բնորոշմամբ, «սեռական բնույթի գործողություններ են իրականացնում երիտասարդ կանանց հետ»:
Այս սկանդալի արդյունքում առավել դժվարին կացության մեջ է հայտնվել «Ազգայնական շարժման» առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Նա մի կողմից փորձում է ստիպել սկանդալում ներքաշված իր կուսակիցներին հրաժարական տալ եւ հրաժարվել ընտրություններին մասնակցելու գաղափարից, մյուս կողմից՝ քննադատության է ենթարկում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարներին՝ համոզված կերպով պնդելով, թե հենց նրանք են կանգնած այս սկանդալի ետեւում: Նա նաեւ պահանջել է վարչապետ Էրդողանից՝ պաշտոնապես բացահայտել այս դավադրության հեղինակներին: Թուրք վերլուծաբաններից շատերը, սակայն, այս սկանդալը որակում են մահացու հարված թուրք ազգայնականների համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին հարցումները վկայում են, որ Էրդողանի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 38, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության օգտին՝ 20 տոկոսը:
Սկանդալի մեջ ներքաշված «Ազգայնական շարժման» աջակիցների թիվը տատանվում է ռիսկային 10 տոկոսի շրջանում, վկայում են Անկարայում գործող Metro Poll հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել