Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՎՈՎԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Մայիս 11,2011 00:00

Ուկրաինայի Լվովի մարզի նահանգապետ Միխայիլ Ցիմբալյուկը (նկարում) հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով
«Ինտերֆաքսը»: Համաուկրաինական «Ազատություն» միության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հենց իրենք են «հասել» պաշտոնյայի հրաժարականին։ Ավելի վաղ «ազատականները» նահանգապետին պատասխանատու էին համարել մայիսի 9-ին Լվովում տեղի ունեցած բախումների եւ անկարգությունների, ինչպես նաեւ քաղաքում կարմիր դրոշներով հանրահավաք անցկացնելու համար: Նրանք խոստացել էին, որ «հասնելու են նրա հրաժարականին»։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ մայիսի 10-ի առավոտյան միության մարզային եւ քաղաքային խորհուրդների պատգամավորները գնացել են նահանգապետի գրասենյակ՝ իրենց բողոքը ներկայացնելու։
Նահանգապետի մամուլի քարտուղարը հաստատել է, որ գրասենյակում «բարձր տոնով» խոսակցություններ են տեղի ունեցել, եւ որ նահանգապետը հրաժարականի դիմում է գրել։ Մամուլի քարտուղարը, սակայն, չի հայտնել, թե նահանգապետը պաշտոնապես ինչպես է բացատրում իր հրաժարականը։
Հիշեցնենք, որ մայիսի 9- ին Լվովում «Ազատություն» միության ներկայացուցիչները փորձել էին տապալել Երկրորդ աշխարհամարտի վետերանների մասնակցությամբ անցկացվող՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները: Մի քանի երիտասարդներ պատռել, ոտնատակ էին արել կարմիր դրոշները՝ վանկարկելով «Փառք Ուկրաինային», հետո նույնիսկ ծեծկռտուք էր սկսվել միության կողմնակիցների եւ վետերանների միջեւ։ Միության կողմնակիցները ոտքերով տրորել էին այն ծաղկեպսակը, որը Լվովում Ռուսաստանի հյուպատոս Օլեգ Աստախովը պետք է դներ Լվովի զինվորական գերեզմանոցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել