Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավոր, բայց առանց աշխատավարձի

Մայիս 11,2011 00:00

Երիտասարդական խորհրդարանի ապագա պատգամավորներին նախապես զգուշացնում ենք. ԱԺ-ն չի խրախուսելու երիտասարդ պատգամավորների՝ թիկնապահներով «ման գալը»: Երեկ «Առավոտի»՝ երիտասարդնե՞րն էլ են թիկնապահներով շրջելու հարցին այսկերպ պատասխանեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս տարվա մարտի 28-ի որոշմամբ ստեղծվել է Երիտասարդական խորհրդարան, որը կգործի շուտով:
Ա. Դավթյանի խոսքով, Երիտասարդական խորհրդարանը խորհրդակցական հասարակական մարմին է լինելու: Նրա փոխանցմամբ, այն պետք է նման լինի գործող ԱԺ-ին՝ 131 պատգամավոր, 12 հանձնաժողով, սակայն խորհրդարանը նախագահ եւ փոխնախագահ չի ունենալու. «Այն գործելու է կանոնակարգի համապատասխան՝ նիստերի միջոցով: Յուրաքանչյուր նիստ ղեկավարելու է հանձնաժողովի նախագահներից մեկը, որի լիազորությունները կպահպանվեն մինչեւ հաջորդ նիստի սկիզբը»:
Ա. Դավթյանի խոսքով, Երիտասարդական խորհրդարանում, ինչպես ԱԺ-ում, ներկայացվելու են կուսակցությունները՝ համապատասխան քվոտայով. «Արդեն դիմումների եւ գրանցման ժամկետն ավարտվել է, այն մինչեւ ապրիլի 30-ն էր: Այս խորհրդարանի անդամներ կարող են լինել ՀՀ ԱԺ ինչպես ներկայացված, այնպես էլ չներկայացված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ: Մեզ մոտ գործում է նաեւ ինքնաառաջադրման կարգը: Խորհրդարանը խրախուսելու է նաեւ անկուսակցականների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, հաշմանդամների մասնակցությունը»:
ԱԺ պատգամավորը նկատեց, որ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին ներգրավելու ցանկություն են հայտնել նաեւ աղջիկները: Նշենք, որ Երիտասարդական խորհրդարանը գործելու է շուրջ մեկ տարի՝ մինչեւ նոր ընտրություններ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններից Երիտասարդական խորհրդարան է ներկայացել ՀՀԿ-ից՝ 20, ԲՀԿ-ից՝ 9, ՀՅԴ-ից՝ 5, ՕԵԿ-ից՝ 3, «Ժառանգությունից»՝ 2 երիտասարդ:
ՀՀԿ ներկայացուցիչ Ա. Դավթյանի խոսքով. «Մենք հեծանիվ չենք հորինում, աշխարհի մեծաթիվ երկրներում գործում են նմանատիպ խորհրդարաններ»:
ԲՀԿ-ական Վ. Էնֆիաջյանն էլ ասաց. «2004 թ. ձեւավորվել էր նման մի խորհրդարան, սակայն այն ինչ-ինչ պատճառներով երկար կյանք չունեցավ: Այնպես որ, սա մեր երկրորդ փորձն է»:
Անդրադառնալով թիկնապահների թեմային, Ա. Դավթյանն ասաց. «Ես չգիտեմ կոնկրետ ով է իր թիկնապահներով աչքի ընկել, բայց ինչպես ես, այնպես էլ Էնֆիաջյանը թիկնապահ չունենք եւ չենք էլ պատրաստվում ունենալ: Ինչ վերաբերում է Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ ով իրեն կպահի ոչ պատգամավորին վայել, հետ կկանչվի: Նշեմ, որ ԱԺ ազատ ելումուտ ունենալու համար երիտասարդները ստանալու են մանդատ, իսկ աշխատավարձ, բնականաբար, չի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել