Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնագլուխ հարցումներ

Մայիս 11,2011 00:00

Բժշկականի ուսանողուհին առանց ԿԳ նախարարությանը տեղյակ պահելու՝ դպրոցներում հարցաթերթիկներ է տարածում

Օրերս Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները լրացրել են ինչ-որ հարցաթերթիկներ, որոնցում եղել են սեռական բնույթի եւ ընտանիքի սոցիալական վիճակների մասին հարցեր, օրինակ՝ հարո՞ւստ եք, թե՞ աղքատ, ամսական եկամուտի չափը, դաշտանային շրջանը սկսվե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցերը դպրոցի աշակերտների ծնողների շրջանում մեծ աժիոտաժ են առաջացրել: Ոմանք նեղսրտել են, թե ինչո՞ւ պետք է 7-8-րդ դասարանի աշակերտից ճշտեն՝ իրենք հարուստ են, թե ոչ: «Առավոտը» կապվեց հարցախույզն իրականացնողի հետ: Պարզվում է, հեղինակը Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի աշխատակից Անի Կարախանյանն է: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ հարցաթերթիկները «առողջական բնույթ են կրում», եւ դրանց պատասխանները անհրաժեշտ են իր գիտական աշխատանքի համար:
Երբ նրան տեղեկացրինք ծնողների դժգոհությունների մասին, նա զարմացած ասաց. «Հարցաթերթիկում գրված չի եղել՝ դու հարո՞ւստ եք, թե՞ աղքատ: Այլ՝ ֆինանսական բարեկեցությունը՝ շատ բարեկեցիկ, բարեկեցիկ, միջին, այդքան էլ բարեկեցիկ չեմ, անբարեկեցիկ եմ: Այս հարցի նպատակը մանկական գիրության գործոնների հայտնաբերումն է եւ գիրության կանխարգելումը դեռահաս երեխաների շրջանում: Քանի որ գիրության համար շատ կարեւոր ռիսկի գործոն է հանդիսանում ընտանիքում մարդու սոցիալական վիճակը: Արտասահմանյան տվյալների համաձայն՝ որքան ցածր է մարդու սոցիալական վիճակը, այնքան բարձր է գիրության տոկոսը»:
Նրա խոսքով, գիտական աշխատանքի նպատակը սոցիալական վիճակի եւ ռիսկի այլ գործոնների կապերի բացահայտումն է, գիրության եւ ճարպակալության տարածվածության խնդիրները. «Այսինքն՝ ֆինանսական վիճակը ինչպես է անդրադառնում երեխայի քաշի վրա»:
Անիի խոսքով, նման հետազոտություններ իրականացվում են եվրոպական շատ երկրներում. «Երեւանի 22 դպրոցներում անցկացվելու է այս հետազոտությունը, որպեսզի Երեւան քաղաքից հստակ տվյալներ ունենամ: Գիտական հետազոտությունս աննպատակային չէ»:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ նախարարությունը տեղյա՞կ է դպրոցներում անցկացվող նման հարցումներից եւ տվե՞լ է իր համաձայնությունը: «Մեզ ոչ ոք չի դիմել եւ չենք հաստատել ոչ մի հարցաթերթիկ՝ հանրակրթական դպրոցներում հարցումներ անցկացնելու համար»:
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ ասացին, որ իրենք նման մի բան հիշում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել