Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

40 ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԴՊՐՈ՞Ց

Մայիս 11,2011 00:00

\"\"Կամ ինչո՞ւ է հայ ծնողը գումար տալիս, որ հայ երեխան հայերեն կրթության չստանա

ՀՀ հանրակրթական դպրոցների հետ կողք կողքի ավանդաբար գործել են այնպիսի հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք ունեցել են ռուսերեն ուսուցմամբ դասարաններ: Դրանք այժմ էլ շարունակում են գործել: Ըստ ԿԳ նախարարության մշակած «Սովորողների ընդունելության կարգի»՝ այսօրինակ դասարաններում իրավունք ունեն սովորելու օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ, ռուս ծնողներ ունեցող երեխաները, ՌԴ-ում 6 տարի սովորած աշակերտներն էլ իրավունք ունեն կրթությունը շարունակել ռուսական դասարաններ ունեցող հայաստանյան դպրոցներում՝ 7-րդ դասարանից: Եթե երեխան ցածր դասարանից է, ապա նրան թույլ է տրվում մեկ տարի սովորել ռուսական դասարանում, այդ ընթացքում սովորել հայերեն եւ տեղափոխվել հայկական դասարան:
«Առավոտի» տեղեկություններով՝ այժմ էլ շարունակում են նմանատիպ դասարաններում սովորել երեխաներ, որոնք չեն բավարարում ԿԳՆ-ի սահմանած չափանիշներին: Մի լավ «մաղարիչով» այսպիսի դասարաններ ունեցող հայաստանյան դպրոցների տնօրեններն իրենց թեթեւ ձեռքով դպրոց են ընդունում հայ ծնողներ ունեցող երեխաների, որոնց շարքում քիչ չեն նաեւ պաշտոնյաների զավակները:
Վերոնշյալ խնդիրը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ բլոգներում: Բլոգերներից մեկը գրում է. «Ինչպե՞ս կարող է ռուսական դպրոցում դասավանդվել պատմությունը: Պարզ է՝ ռուսական տեսանկյունից դիտված: Կամ՝ ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները պետք է պատմություն կամ այլ հումանիտար առարկա սովորեն որեւէ օտար պետության շահերի տեսանկյունից լուսաբանված: Մի խոսքով, հասկանալի չէ, թե ինչու անկախ Հայաստանը պետք է աճեցնի Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց մայրենի լեզուն կլինի ռուսերենը, աշխարհին դիտելու կերպը՝ ռուսականը: Ռուսական դպրոցը կամ, այսպես կոչված, ռուսական դասարան ունեցող դպրոցը կարող է պատրաստել կամ ազդեցության գործակալ, կամ, լավագույն դեպքում՝ պոտենցիալ գաստարբայտեր»:
Մինչ մեզանում ՀՀ հայ քաղաքացիները բավականին մեծ գումարներ են պատրաստ ծախսել, ինչ է թե՝ իրենց երեխան սովորի ռուսական դպրոցում, կամ, այսպես կոչված, ռուսական դասարաններում, վերջերս Էստոնիան, որի ազգաբնակչության 30 տոկոսը ռուս է, որոշում կայացրեց, որի համաձայն՝ այդ երկրի ռուսական դպրոցներում սովորող այլազգի երեխաները (բացառված է, որ այդպիսի դպրոցներում էստոն երեխա սովորի), սկսած 7-րդ դասարանից, առնվազն վեց առարկա պետք է պետական լեզվով՝ էստոներեն, անցնեն: Իսկ մեզ մոտ դեռ ընդհատակյա, երբեմն նույնիսկ առանց համապատասխան հրամանի, գործում են ռուսական դպրոցներ:
«Առավոտի» հետ զրույցում այս խնդրին անդրադարձավ նաեւ տառաստեղծ Ռուբեն Թարումյանը. «Այսօրվա վիճակով միայն Երեւանում գործում է 40 ընդհատակյա ռուսական դպրոց, որոնց գործունեությունը ԿԳ նախարարի համառ ջանքերով քիչ-քիչ օրինականացվում է: Ես ունեմ բազում փաստեր, որ այդ դպրոցներում սովորում են երեխաներ, որոնք ոչ մի հիմք չունեն այդտեղ հայտնվելու: Ես ունեմ բազում ծանոթներ, որոնք հայ են, բայց նրանց երեխաները սովորում են այդպիսի դպրոցներում: Մյուս կողմից էլ, նույնիսկ այն սկզբունքը, որ ռուսական դպրոցներ կարող են ընդունվել ոչ ՀՀ քաղաքացիների, կամ օտարազգիների երեխաներ, եւս ընդունելի չէ: Եթե նա հայ չէ, թող գնա իր ազգային դպրոցը. օրինակ՝ ռուսական դպրոց պիտի գնա միայն ռուսը, այն էլ ոչ թե մեր պետության կողմից պետականորեն պահվող ռուսական դպրոցը: Փառք Աստծո, Ռուսաստանը բավականին հարուստ պետություն է, թող ապահովի: Կամ մեկ այլ սկզբունք մշակվի. օրինակ՝ որքան պետական հայկական դպրոցներ Ռուսաստանում կան, այնքան էլ ՀՀ-ում լինեն ռուսական դպրոցներ: Իսկ մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը»: Փաստենք, որ ռուսական դասարաններ ունեցող նմանատիպ դպրոցների շարքում է թիվ 176-ը, Մայակովսկու անվան թիվ 7, Պուշկինի, Չեխովի անվան դպրոցները եւ էլի շատուշատ կրթական հաստատություններ:
«Առավոտը» ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերահսկվում իրավիճակը, որպեսզի ՀՀ քաղաքացի, հայ ծնողներ ունեցող երեխաները չհաճախեն ռուսական դպրոցներ: Նա պատասխանեց. «Նման բաները շատ վտանգավոր են, քանի որ գուցե այդ երեխաները կարողանան սովորել մինչեւ 5-րդ դասարան, սակայն Կրթության պետական տեսչությունը քաղաքապետարանի տեսական ստուգումները անմիջապես կբացահայտեն այդօրինակ երեւույթները, եւ կպատժվեն դպրոցի տնօրենները»: Ռուսական որոշ դպրոցների անօրինական գործունեության կապակցությամբ վարչության պետը նշեց. «Ձեր նշած 40 դպրոցներից նրանք, որոնք ավանդաբար եղել են ռուսական դպրոցներ, ինչպիսիք են Պուշկինի, Չեխովի, Մայակովսկու անվան կրթօջախները, ունեն հատուկ հրաման, որպեսզի պահեն ռուսական դասարաններ: Այդ դասարաններ հաճախում են հիմնականում ՌԴ քաղաքացիների երեխաներ, որոնց թիվը աստիճանաբար նվազում է: Սակայն ավագ դպրոցների համակարգի ներդրմամբ՝ վերջին շրջանում գրանցվել են նաեւ դեպքեր, երբ ռուսական դասարաններում սովորող երեխաները ավագ դպրոցի, օրինակ, բնագիտական հոսք ընտրելիս նախընտրում են հայալեզու կրթությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել