Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆԱՉԱՌ ՉԷՐ

Մայիս 11,2011 00:00

Բաց նամակ ՀՀ Վճռաբեկ դատարանի  նախագահ Արման Մկրտումյանին

\"\"

Վճռաբեկ դատարանի հարգելի նախագահ՝ պարոն Արման Մկրտումյան, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 14.10.1010թ. Լ. Քոսյանի հայցն անհիմն կարգով մերժել է: Հայտարարում եմ, որ դատարանի վճիռը միանշանակ անարդարացի է: Պարզաբանեմ՝ ինչու:
1. Դատարանը խախտել է ՀՀ քաղ.դատ.օր-ի 45-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, փորձագետին չի տրամադրել կամ տրամադրել է անբավարար նյութեր, փորձագետին զրկել է առաջադրված հարցի վերաբերյալ եզրակացություն տալու հնարավորությունից:
Դատարանը խախտել է՝ ՀՀ քաղ. դատ.օր-ի 62-րդ հոդ. 4-րդ եւ 5-րդ կետերի պահանջները, ՀՀ քաղ.դատ.օր-ի 61 հոդվածի 2-րդ, 4-րդ կետը, ՀՀ քաղ.օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը: Դատարանը կանգ առնելով ապացույցներից միայն փորձագիտական եզրակացության բացակայության վրա, հայցվորի օրինական պահանջը մերժել է ամբողջովին: Սա ուղղակի խայտառակություն է, չէ՞ որ փորձագիտական եզրակացություն ձեռք բերելու հարցում խոչընդոտ ստեղծել է հենց ինքը՝ դատարանը:
2.ՀՀ քաղ.դատ.օր-ի 45-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ փորձագետին անբավարար նյութեր տրամադրելը, որի պատճառով եզրակացություն չստանալը, լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն չնշանակելը, փորձաքննությունը դատարանում չներկայացնելը (ՀՀ քաղ. դատ. օր-ի 61.1-րդ եւ 22-րդ հոդվածներ) եւ այլ փաստերը հայցվոր կողմը դիտում է որպես առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված ակնհայտ դատական սխալ: Դատարանն արդարադատություն իրականացնելու փոխարեն անցել է պատասխանող կողմի դիրքերը: Դատարանը պետք է լուծեր ընդամենը մեկ հարց՝ տարածքը 650քմ է՞, թե՞ 611: Լ. Քոսյանին արդյո՞ք պետք է հատկացվեր լրացուցիչ 10քմ մակերեսով տարածք, թե ոչ: Դատարանը կարող էր հայցը հիմնավորած մասով բավարարել, հայցվորին տրամադրելով 25քմ մակերեսով տարածք: Բայց քանի որ դատարանը մերժել է հայցվորի ամբողջական պահանջը, հետեւաբար, դատարանի վճիռն ակնհայտ անարդար է: Դատարանը վճռով՝ հայցվորի իրավունքներն ու պահանջները համարել է անհիմն: Տարօրինակ է, չէ՞ որ այդ իրավունքները սահմանադրական եւ օրենսդրական են եւ դրանք կախված չեն դատարանի ցանկությունից եւ կամայականությունից: Անհրաժեշտություն չեմ գտնում թվարկել գործով թույլ տրված բոլոր դատական սխալները, որոնք ազդել են գործի ելքի վրա եւ հանգեցրել գործի սխալ լուծման: Դատարանի անարդարացի վճռի հետեւանքով խաթարվել է իմ ընտանեկան անդորրը: Շուրջ 5 ամիս է՝ կինս գտնվում է սթրեսային վիճակում, առավել եւս, երբ հեռախոսային զանգեր են հնչում եւ նրան ասում, որ Ա. Թումանյանը հայտարարել է՝ 25քմ տարածքը չի տրվելու Լ. Քոսյանին, այն տալու են ԱԿ-ի նախագահ Վ. Գեւորգյանին: Նրա «իմաստուն» կանխազգացումները հաստատվեցին դատարանի վճռով, երբ հայցը ամբողջությամբ մերժվեց: Իհարկե, բերված վերաքննիչ բողոքը 2011թ. փետրվարի 9-ի բավարարվել է մասնակիորեն: Այն է՝ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թ. հոկտեմբերի 14-ի թիվ՝ ԵԿԴ 1695/02/08 քաղաքացիական գործով կայացրած վճիռը եւ գործն ուղարկել նոր քննության: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար, մի՞թե կարելի է անտեսել գործող օրենքները եւ ղեկավարվել ցանկություններով ու կամայականություններով:
Գործ 2-րդ: Իմ դեմ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայց է ներկայացրել «Ժպիտ» պոլիկլինիկա արտադրական կոոպերատիվը: Ըստ հայցվորի ներկայացուցիչ՝ ԱԿ նախագահ Վարդան Գեւորգյանի, 2010թ. ապրիլի 2-ի եւ 3-ի «Առավոտ» օրաթերթի հերթական համարներում «Ժպտալով տարածքը բաժանեցին» տպագրված հոդվածում ԱԿ անդամների (կոլեկտիվի) հասցեին ուղղվել են «հանցավոր խումբ», «խարդախներ», «հափշտակողներ», «կեղծարարներ», «հանցագործներ», «դրածո» եւ այլ վիրավորանք արտահայտող բառեր եւ բառակապակցություններ, որոնք ակնհայտ կերպով արատավորել են կոոպերատիվի եւ նրա անդամների պատիվն ու արժանապատվությունը: Վերոնշյալ բառերը դատարանի կողմից գնահատվել են որպես հայցվորի արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություններ՝ վիրավորանք: Բացի այդ, կոնկրետ փաստերի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացվել են տվյալներ, մասնավորապես՝ «Ա. Թումանյանն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու նպատակով նախապես համաձայնության գալով՝ կեղծ փաստաթղթեր է պատրաստել եւ սկսել շուրջ 104 քմ տարածքին տիրանալու գործընթացը», Վ. Կույումջյանի եւ Ա. Թումանյանի կողմից առկա են բազմաթիվ խարդախություններ եւ կեղծիքներ: Այդ ձեւով Վ. Կույումջյանը եւ Ա. Թումանյանը հափշտակել են 4,5 մլն դրամ արժողությամբ տարածք եւ բաժանել երկուսի միջեւ:
Դատարանը գտել է, որ առանց համապատասխան ապացույցների, «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածում հրապարակայնորեն հակաօրինական փաստերը եւ դրանց իբրեւ կատարողներին ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն՝ ուղղված «Ժպիտ» ԱԿ-ի կոլեկտիվի հասցեին, նպատակ ունենալով արատավորել հայցվոր կոոպերատիվի արժանապատվությունը եւ գործարար համբավը: Ես իմ բոլոր դիմում-բողոքներում բազմիցս նշել եմ, որ իմ բողոքը ուղղված է կոոպերատիվի նախկին նախագահ Վ. Կույումջյանի, բաժնի վարիչ Ա. Թումանյանի, բժիշկ-ստոմատոլոգ Է. Բաղդասարյանի եւ ԱԿ-ի նախագահ Վ. Գեւորգյանի դեմ, նշված անձանց հասցեին եմ ուղղել «հանցավոր խումբ», «խարդախներ», «հափշտակողներ», «կեղծարարներ», «դրածո» բառերը եւ ոչ թե կոլեկտիվին:
Այդ առթիվ ես տվել եմ սպառիչ պատասխաններ հայցադիմումի 14 էջանոց պատասխանում եւ կից ներկայացված 79 էջից բաղկացած փաստաթղթերում:
Վադիկ Կույումջյան- «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԱԿ-ի նախկին նախագահ:
Վ. Կույումջյանը եւ Ա. Թումանյանը, չարաշահելով Լ. Քոսյանի վստահությունը, խաբեությամբ հափշտակել եւ յուրացրել են նրան հասանելիք 10 քմ մակերեսով, ինչպես նաեւ կանոնադրությամբ եւ սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հասանելիք 7 քմ տարածքները: Վ. Կույումջյանն ապօրինի կարգով տիրացել է 611քմ տարածքի 7 տոկոսին եւ այն յուրացրել: Վ. Կույումջյանը եւ Ա. Թումանյանը 105 քմ 90սմ տարածքը կոոպերատիվի 19 անդամների միջեւ բաժանելու փոխարեն՝ կեղծ, շինծու ակտ կազմելու միջոցով հափշտակել եւ յուրացրել են: Լ. Հովհաննիսյանից վերցրած 2 հազար ԱՄՆ դոլարի գումարը հափշտակել եւ յուրացրել է: Մի՞թե Կույումջյանի գործողություններում առկա չէ կեղծիք, հանցավոր խումբ, հափշտակություն հասկացությունները: Այսօր այդ «հազվագյուտ» մարդատեսակը դարձել է պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի ջատագովը: Այստեղ են ասել՝ «սայլը ճռռալու տեղ սայլվորն է ճռռում»:
Արմեն Թումանյան: Հափշտակել եւ յուրացրել է 611քմ տարածքի 3%-ը՝ շուրջ 18քմ տարածք: Այնուհետեւ, 1995թ. դեկտեմբերի 29-ին հանցավոր համաձայնության մեջ մտնելով Վ. Կույումջյանի հետ, 105քմ 90սմ տարածքի համար մուծել են 211 վաուչեր (գումարով՝ 4.222.000 դրամ), սակայն որեւէ տեղ ցույց չեն տվել իրենց կատարած մուծումները, հետագայում տարածքը հափշտակել եւ յուրացրել են: Իսկ 2 տարի 6 ամիս հետո կատարած հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Թումանյանը հանցավոր համաձայնության մեջ մտնելով բժիշկ-ստոմատոլոգ Է. Բաղդասարյանի եւ ԱԿ նախագահ Վ. Գեւորգյանի հետ՝ 1998թ. հունիսի 22-ին ռուսերեն լեզվով կազմել են կեղծ ակտ, իբր 195 վաուչեր բաժանվել է 20 աշխատողներին: Ա. Թումանյանի կողմից կազմած բաշխացուցակը միանշանակ կեղծ է, շինծու եւ ապօրինի: Մի՞թե Ա. Թումանյանի գործողություններում առկա չէ «հանցավոր խումբ», «խարդախություն», «հափշտակություն», «կեղծիք» հասկացությունները: Տեսե՜ք ով է այսօր դարձել պատվի, արժանապատվության ջատագովը: Ավելին՝ կեղծ, շինծու փաստաթուղթ կազմելու միջոցով ցույց է տվել, որ իբր 20 բաժնետերերին անհատույց բաժանել է 97.5քմ տարածքին համարժեք 195 վաուչեր:
Էդիկ Բաղդասարյան. 1998թ. հունիսի 22-ին մասնակցել է կեղծ ակտ կազմելու գործընթացին եւ այն ստորագրել: Ընդամենը 7 տարվա ստաժ ունեցող Է. Բաղդասարյանին, ըստ հաշվարկի, պետք է հատկացվեր 7×1,4քմ=9քմ 80 սմ: Ըստ Է. Բաղդասարյանի բացատրության, ինքը 3 վաուչեր իր փայաբաժնից հանձնել է Լ. Հովհաննիսյանին եւ դրա դիմաց ստացել գումար, հետեւաբար այդ դեպքում Է. Բաղդասարյանի տարածքը դառնում է 9քմ 80սմ հանած 1,5քմ, այսինքն՝ 3 վաուչերին հասանելիք տարածքը: Վերջնական հաշվարկով նրա տարածքը դառնում է 8քմ 40սմ, մինչդեռ կոոպերատիվի բաժնային ֆոնդում Է. Բաղդասարյանի փայը կոոպերատիվի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից կազմում է 2,04%, այսինքն՝ 12քմ 10սմ: Ո՞ր օրենքի համաձայն է Է. Բաղդասարյանին տրվել ապօրինի կարգով 3քմ 70սմ ավելի տարածք: Հետեւաբար, մի՞թե Է. Բաղդասարյանի գործողություններում առկա չէ «կեղծիքը», «խարդախությունը», «հանցավոր խումբը» եւ «հափշտակությունը»: Է. Բաղդասարյանն իր «ծառայությունների» համար ստացել է, որպես պարգեւատրում, ոչ միայն 3քմ 70սմ ապօրինի տարածք, երբ 1 քմ-ն վաճառվում էր 3.000 ԱՄՆ դոլարով, այլեւ աշխատասենյակ, իսկ շուրջ 40 տարի անբասիր աշխատած Լ. Քոսյանը այսօր ոչ մի սանտիմետր տարածքի տեր չէ: Նշված բոլոր տեսակի ապօրինությունները կբացահայտվեն միայն եւ միայն քրգործ հարուցելու եւ օբյեկտիվ քննություն կատարելու ընթացքում:
Վարդան Գեւորգյան. Սեփականաշնորհման գործընթացի ժամանակ ընդամենը 6 տարվա ստաժ ունեցող Վ. Գեւորգյանին ըստ հաշվարկի պետք է հատկացվեր 6×1,4քմ=8քմ 40սմ տարածք: Ըստ Վ. Գեւորգյանի հայտարարության, ինքը 3 վաուչեր հանձնել է Լ. Հովհաննիսյանին: Հետեւաբար, 8քմ 40սմ-1,5քմ=6քմ 90սմ: Վերջնական հաշվարկով նրա տարածքը դառնում է 6քմ 90սմ: Մինչդեռ 1999թ. հուլիսի 30-ի կոոպերատիվի բաժնային ֆոնդում Վ. Գեւորգյանի փայը կոոպերատիվի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից կազմում է 2% տոկոս, այսինքն՝ 12քմ մակերեսով տարածք: Հարց է ծագում, ո՞ր օրենքի համաձայն է Վ. Գեւորգյանին տրվել 5քմ 10սմ ապօրինի ավելի տարածք, երեւի կատարած «ծառայության» եւ 22 հունիսի 1998թ. գոյություն չունեցող 195 վաուչերների վերաբերյալ կազմած կեղծ, շինծու ակտը ստորագրելու համար: Այսօր պոլիկլինիկան միլիոնավոր դրամի գումարներ է պարտք պետությանը: Հարգարժան պարոն նախագահ, ո՞ւր են կոլեկտիվի 22 անդամները, երբ Վ.Կույումջյանը տարիներ շարունակ հափշտակում էր միլիոնների հասնող գումարները: Ո՞ւր էր այդ կոլեկտիվը, երբ Վ. Կույումջյանը եւ Ա. Թումանյանը թքած ունենալով գործող օրենքների վրա, ապօրինի կարգով տիրացան 105քմ տարածքին, ո՞ւր էր այդ կոլեկտիվը, երբ 9 ամիս շարունակ կոլեկտիվի անդամները թափառում էին քննչական մարմինների եւ դատարանի դռներին: Վերջապես ո՞ւր էր այդ կոլեկտիվը, երբ Ձեր հոսանքի հաշվին հարեւան խանութի աշխատակիցները ձմռանը ամառային համազգեստով էին շրջում, իսկ «Ժպիտի» աշխատակիցները վերարկուի վրայից սպիտակ խալաթ էին հագնում եւ աշխատում բետոնե սալիկների վրա, իսկ պարոն Վ. Կույումջյանը գրպանում էր հոսանքից առաջացած գումարները: Այսօր Լ. Քոսյանն իր խախտված իրավունքների, իր տարածքը հափշտակելու համար դիմումներ է գրել եւ դուք այն դիտում եք պատվի, արժանապատվության արատավորող հանգամանքներ եւ զրպարտություն: Մի՞թե նրա գործողություններում առկա չեն կեղծիքը եւ հափշտակությունը:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ հարգելի պարոն Ս. Արամյան, նման անժխտելի, անառարկելի փաստերի առկայության պայմաններում մի՞թե օգտագործած բառերում եւ բառակապակցություններում առկա է վիրավորանք կամ զրպարտություն: Չէ՞ որ ՀՀ քաղօրի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված գերակա հանրային շահով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե՝
1/ դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացված ապացույցներում,
2/ դա տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա շահով, եւ եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխղճորեն ներկայացրել այդ տվյալները,
3/ այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից, կամ նրանցից ելնող փաստաթղթից:
«Առավոտի» 2010թ. ապրիլի 2-ի եւ 3-ի համարներում տպագրված «Ժպտալով տարածքը բաժանեցին» հոդվածում հրապարակայնորեն արված արտահայտությունները բխել են 2008թ.-ից սկսված մինչդատական եւ դատական վարույթի ընթացքում Լիդա Քոսյանի եւ «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա» արտադրական կոոպերատիվի միջեւ ծագած գույքային եւ դատական վեճերի գործերով քննվող փաստացի տվյալներից:
Լ. Քոսյանի խախտված իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելը, աշխատանքային ստաժը վերականգնելու պահանջը, բնեղենով հասանելիք 42 քմ անշարժ գույքի տարածքի փայաբաժինը պահանջելը, ինչպես նաեւ անարդար դատական ակտերը բողոքարկելը մի՞թե հիմնված չեն ստույգ փաստերի վրա:
Վերաքննիչ դատարանը 09.03.2011թ. դատական ակտով, 358.225 դրամ գումարի չափը դատարանի վճռով արհեստականորեն 3մլն-ով ուռճացնելու հանգամանքը պատճառաբանել է, որ ՀՀ քաղդատօրի 143-րդ հոդվածին համապատասխան, դատարանը 14.02.2011թ. որոշմամբ ուղղել է 09.12.2010թ. վճռի պատճառաբանական մասում (էջ 10) տեղ գտած թվաբանական սխալը:
Դրանով դատարանը պատասխանող կողմին՝ ինձ զրկել է 14.02.2011թ. որոշումը բողոքարկելու իրավունքից: Հայցվոր կողմը վճիռը ստանալուց անմիջապես հաջորդ օրերին հեռախոսազանգերով սպառնալիքներ է հնչեցրել իմ հասցեին 3 մլն-ի ուռճացումը վերագրելով ինձ, որպես նոր զրպարտություն…
Առանց թերթի իմացության՝ պատվի, արժանապատվության եւ վնասի փոխհատուցման հայց է ներկայացվել «Առավոտում» հանդես եկած հոդվածագրի դեմ, ինչը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել