Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայիսի 9-ը՝ մարզերում

Մայիս 11,2011 00:00

Մեծ հայրենականի հաղթանակի 66 եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձների առթիվ մարզերում միջոցառումներ են եղել:
Գեղարքունիքից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 5400 հոգի, զոհվել է 2730-ը, այսօր ողջ է 250-ը: Մարզի որոշ համայնքների ղեկավարներ վետերաններին դրամական պարգեւներ են տվել: Կարմիրգյուղում Մեծ հայրենականում ընկածների, արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողների կողքին բացվել է Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող արձան: Հուշարձանային համալիրը կառուցվել է Կարմիրգյուղի բյուջեի եւ գյուղացիների հաշվին՝ ծախսվել է 14 միլիոն դրամ:
Արագածոտնում նախ ծաղիկներ են դրել տարբեր վայրերում տեղադրված Հայրենական պատերազմի հերոսներին եւ արցախյան ազատամարտի մասնակիցներին նվիրված հուշարձաններին, հետո մարզկենտրոն Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում երգ-երաժշտությամբ նշել հաղթանակների տարեդարձները: Վերջում Հայրենական եւ Արցախի պատերազմի վետերանների համար սեղան է բացվել:
Վայոց ձորում՝ մարզում տեղակայված զորամասերի մասնակցությամբ, զինվորական շքերթ է կազմակերպվել: Հետո այց՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակին կանգնեցված հուշարձան- կոթողին ու հյուրասիրություն՝ ի պատիվ վետերանների: Մարզի մի շարք համայնքներում վետերանները պարգեւներ ու հուշանվերներ են ստացել:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Հայրենական մեծ պատերազմում զոհված նոյեմբերյանցիների հուշակոթող բարձրացողների մեջ էր նաեւ 87-ամյա Ավետիք Ասատրյանը, ով Երկրորդ աշխարհամարտում հանդիպել է հորը, կռվել նրա կողքին ու… Լեհաստանում հուղարկավորել նրան: Նաեւ իր վաստակ հաղթանակի 66-րդ տարեդարձը նշող վետերանը ինչպե՞ս է առողջական վիճակդ հարցին պատասխանեց. «մարտական, պատրաստ եմ նորից մարտնչել»: Նոյեմբերյանի քաղաքապետարանը վետերանների համար ճաշկերույթ էր կազմակերպել քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Ֆրունզե Խաչիկյանի հուշաղբյուրի մոտ:
Տավուշցի մեկ այլ վետերան՝ Կողբ գյուղից 94-ամա Վազգեն Փաշիկյանը հայրենի գյուղում է նշել Հաղթանակի օրը: Վազգեն Փաշիկյանը մասնակցել է բազմաթիվ մարտերի՝ սովետա-ֆիննական, Մեծ հայրենական, Ճապոնիայի դեմ պատերազմներում: Նա հինգ անգամ վիրավորվել է:
Իսկ Արճիս գյուղում Մայիսի 9-ը նշվել է հրավառությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել