Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարգացում՝ «Աստիճաններով»

Մայիս 11,2011 00:00

\"\"Հայ-վրացական անդրսահմանային համագործակցության խնդիրները եւ հեռանկարները

2009 թվականին Վրաստանից Հայաստան է ներմուծվել ընդամենը 34,7 միլիոն դոլարի վրացական ապրանք, որը կազմում է Վրաստանից արտահանման 1.6 տոկոսը, իսկ Հայաստանից Վրաստան՝ 47,5 միլիոն դոլարի ապրանք, որը Հայաստանից արտահանման 4,7 տոկոսն է: Վրաց-հայկական սահմանային անցակետերից միայն Բագրատաշենի անցակետն է հագեցած մաքսային կշեռքով: Նինոծմինդայի սահմանային անցակետում կշռվում են մինչեւ 700 լարի (մոտ 400 դոլար) ընդհանուր արժեքով բեռները, իսկ վճարումն էլ կատարվում է ոչ թե տեղում՝ այլ Նինոծմինդա քաղաքում: Վրաց արտահանողները գյուղմթերք Հայաստան արտահանելիս դժվարություններ են կրում ապրանքների ծագման սերտիֆիկատ ձեռք բերելու խնդրում: Չնայած Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրի բազմաթիվ միջազգային, տարածաշրջանային, երկկողմ պայմանագրեր են գործում, սակայն մեծ դժվարություններ կան երկու երկրների փոքր եւ միջին բիզնեսի արտադրանքի արտահանման համար: Խոշոր բիզնեսը կարողանում է հարեւան երկիր արտահանում իրականացնել, իսկ փոքր եւ միջին բիզնեսը դրա հնարավորությունները չունի: Նախ՝ երկու երկրների փոքր եւ միջին ձեռներեցները լավատեղյակ չեն հարեւան երկրի մաքսային եւ այլ օրենքներին, նաեւ առկա են օրենսդրական, տեխնիկական խնդիրներ: Հայաստանը եւ Վրաստանը սահմանային տարածաշրջանների համագործակցության ռեսուրսը լավ չեն օգտագործում: Նոյեմբերյանի համայնքների միության գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը ցանկացել է հանդիպման ժամանակ իր վրացի գործընկերներին նվիրել «Վրաց-հայկական զրուցարան», սակայն պարզվել է, որ նման հրատարակություն չկա: Տպագրված է լոկ «Հայ-վրացական զրուցարան», ուր տեղ են գտել առավել տարածված բառակապակցությունները: Անդրանիկ Վերանյանը, Նոյեմբերյանի եւ Սպիտակի քաղաքապետերը, Նոյեմբերյանի, Սպիտակի ֆերմերների ասոցիացիաները, Շիրակի մրցունակության կենտրոնը անցած շաբաթ Վրաստանում մասնակցել են դասընթացի, որը կազմակերպվել է «Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ տարածաշրջաններում աղքատության հաղթահարումը, վստահության վերականգնումը եւ գյուղատնտեսության զարգացման համար քաղաքացիական հասարակության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորել է Ավստրիայի զարգացման գործակալությունը (CAR)՝ Քաղաքացիական զարգացման գործակալության (CIDA) եւ Ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման կենտրոնի (CARD) համագործակցությամբ: Այցելություններ են եղել Մառնեուլիի պահածոների գործարան, Մառնեուլիի ավտոշուկա, քաղաքի ոստիկանություն, Ախալցխայի կաթնամթերքի վերամշակման գործարան, տեղի բիո-կոլտնտեսություն: Եղել են հանդիպումներ Ռուսթավիի քաղաքապետի, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի հետ: Ամենուր քննարկվել են հայ-վրացական անդրսահմանային համագործակցության հեռանկարները:
Արդեն մեկ տարի Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվում է «Աստիճան-2» ծրագիրը, որին մասնակցում են երկու երկրների սահմանային համայնքներն ու հասարակական կազմակերպությունները: Այս ծրագրով Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում փոքր դրամաշնորհներ են տրվում: Օրինակ, Նոյեմբերյան քաղաքում վերանորոգվում է խաղողի այգիների ոռոգման ջրագիծը:
Նախատեսվում է այս ծրագրի ավարտից հետո սկսել «Աստիճան-3» ծրագիրը, որին կմասնակցեն նաեւ սահմանային համայնքների փոքր եւ միջին ձեռներեցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել