Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԿԱՆԱՉԻ ՀԱՇՎԻՆ

Մայիս 11,2011 00:00

Կապանում ծաղկած ծառերը կտրել են ավտոտնակ կառուցելու համար

\"\"Կապանի բնակիչ Կիմա Մարտիրոսյանը դժգոհ է Կապանի քաղաքապետարանի կայացրած որոշումից: Ըստ բնակչի՝ քաղաքապետարանի մի որոշումով իր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծված կանաչապատ գոտու մի հատվածը տրվել է իրենց շենքի մեկ այլ բնակչի՝ ավտոտնակ կառուցելու նպատակով: Կիմա Մարտիրոսյանը բուժհաստատությունում էր, երբ ընտանիքի անդամները զանգել եւ տեղեկացրել են, որ տարածքի նոր տերերը եկել են եւ ծառեր են հատում: Անմիջապես \"\"վերադառնալով՝ 71-ամյա Կիմա Մարտիրոսյանը կանաչ գոտու ցանկապատը քանդված եւ ծաղկած պտղատու ծառերից 2-ը՝ 20-25 տարվա կեռասենին ու բալենին հատված է տեսել:
Կապանի Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի այս բնակիչը դեռեւս 1990 թվականից է իրենց շենքի դիմացի քարքարոտ հողակտորից կանաչ գոտի ստացել: «Ժամանակին տարածքը աղբատեղի էր: Մաքրել եմ, քարերը հեռացրել, հող եմ բերել լցրել, կանաչ գոտի սարքել, պտղատու ծառեր տնկել, տնից ջուր տարել ջրել, աճեցրել, մրգից բակի երեխաներն են օգտվել, նույնիսկ ես տուն չէի բերում: Համայնքը պիտի շահագրգռված լինի, որ ծառ տնկեն, կանաչ գոտիներն ավելանան, բայց էսօր ծառը կտրում են եւ ավտոտնակ կառուցում, ես էլ մեքենա ունեմ, բայց երբեք մտքովս չի անցել էդ ծառերը կտրեմ եւ ավտոտնակ կառուցեմ ինձ համար: Էսօր հանգիստ խիղճով եկան կտրեցին: Վերջին 2-3 օրն անընդհատ գնում-գալիս էին, նշում, որ օրենքը սենց ա, պտի կտրեն: Ես էլ ասացի, ո՞նց եք կտրում, ախր ծառերը ծաղկել են, էդքան տարի աճեցրել, խնամել եմ, հիմա եկել կտրո՞ւմ եք, իրենք էլ, թե՝ պետք լինի կտրելու ենք ու տենց էլ արեցին»,- վրդովված ու հիասթափված պատմում է 71-ամյա թոշակառուն:
Հարցը մեկ օրվա չէ: Դեռեւս 2010 թվականին է Կիմա Մարտիրոսյանը դիմել Սյունիքի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն՝ ՇՊԱԿ, երկու անգամ դիմել է քաղաքապետարան: «2010թ. հոկտեմբերի 14-ին Կապանի բնակիչ Կիմա Մարտիրոսյանը դիմել է մեզ, ներկայացրել իրավիճակը եւ խնդրել է իր դիմումը վերահասցեագրել Կապանի քաղաքապետին: Դիմումը վերահասցեագրելուց հետո քաղաքապետարանից պատասխան գրություն չեղավ: Դրանից հետո իրավիճակը հանդարտվեց: Արդեն այս տարվա ապրիլ ամսին քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ իրավիճակը նորից բարդացել է, ամեն գնով ցանկանում են կանաչ գոտու մի հատվածը ոչնչացնել, քանի որ իրենց շենքի բնակիչներից մեկը Կապանի քաղաքապետարանի թույլտվությամբ ցանկանում է այդ հատվածում ավտոտնակ կառուցել: Մեր առաջարկով քաղաքացին 2-րդ անգամ գրավոր դիմում գրեց այս տարվա ապրիլի 28-ին, որը կրկին վերահասցեագրվեց Կապանի քաղաքապետին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում տալ գրավոր պատասխան: Արդեն մայիսի 3-ին կանաչ գոտու տվյալ հատվածի ծառերը հատվեցին»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Սյունիքի ՇՊԱԿ ղեկավար, փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանը:
Ծառերը հատելու պահին, չգիտես ինչու, ներկա էր նաեւ ոստիկանության երկու աշխատակից:
Կապանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, այդ տարածքը Կիմա Մարտիրոսյանին չի պատկանել եւ 25 քմ տարածքը հրապարակային սակարկության արդյունքում օտարվել է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի բնակիչ Անդրյուշա Դավթյանին (ով այժմ ապրում է Երկաթուղայինների փողոցում): Այս մասին մայիսի 4-ին Կապանի քաղաքապետարանը տեղեկացրել է Կիմա Մարտիրոսյանին, ինչը, սակայն, այդպես էլ չի փարատել բնակչի դժգոհությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել