Երեկ հաղորդագրություն էր տարածել արցախյան պատերազմի վետերան Արսեն Մինասյանը: Ըստ այդ հաղորդագրության. «Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը համարժեքորեն չի գնահատվում իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարարել է արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը՝ Երեւանում իր որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում:
Ծնունդով Արթիկ քաղաքից ընդամենը 22 տարեկանում ընկած Մյասնիկ Գասպարյանի (Միրոյի) խիզախության մասին արցախյան հերոսամարտի մասնակիցների շրջանում լեգենդներ են պտտվում:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հանրահայտ Կոմանդոսը, հիշեցրել է Միրոյի հայտնի սխրանքը. 1992թ. նա հաջողացրել է ադրբեջանցիների քթի տակից գերեվարել 2 տանկ եւ տեղափոխել դրանք հայկական զինուժի կողմ:
Միրոյի մարտական ընկերները ցերեկույթի ընթացքում զայրույթով նշեցին, որ Արթիկի քաղաքապետարանը (քաղաքապետ՝ Խաչատուր Վարաքյան) ցինիկաբար ընթացք չի տալիս արթիկցի հերոսի անունով փողոց անվանակոչելու դիմումին: Միրոյի հիշատակը հավերժացնելու համար քաղաքապետարան միջնորդագրեր են ներկայացրել Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները:
Հերոսի մայր Սուսաննա Գասպարյանը հայտարարեց, որ մոտ ապագայում Երեւանում պատրաստվում է տալ մամուլի ասուլիս եւ իրազեկել լրատվամիջոցներին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զոհված հերոսների հիշատակի հանդեպ դրսեւորվող վերաբերմունքի մասին»: