Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում է կարճել գործը

Մայիս 11,2011 00:00

«Կողոպտիչների» տասնյակը հանդես  եկավ վերջին խոսքով

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հնչեց Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի բնակարանի եւ երկու այլ կողոպուտների իրականացման եւ մեկի նախապատրաստման գործով տասը ամբաստանյալների վերջին խոսքը։ Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից, ամբաստանյալ Արմեն Նիկողոսյանն ասել է. «Բոլոր ամբաստանյալներն ասացին, որ ինձ չեն ճանաչում, եւ ես զենքի, գծագրի կամ որեւէ ցուցում չեմ տվել: Հարգելի դատարան, իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ես չեմ կատարել նշված հանցագործություններից ոչ մեկը։ Ո՞րն է մտացածին իմ բերած ապացույցներից, իմ բերած փաստերից ո՞րն արժանահավատ չէ»։ Նա անարդար համարեց փաստերի կասկածելի լինելու պարագայում իրենց նկատմամբ առավելագույն պատժաչափ՝ 9-15 տարվա ազատազրկում պահանջելը։
Ամբաստանյալ Արսեն Սողոմոնյանն իրեն մեղավոր ճանաչեց հանցագործության մասին իմանալու եւ լռելու մասով։ Նա նշեց, որ հանցանքին իր որդու մասնակցության պատճառով է ինքը լռել, եւ հաշվի առնելով այն, որ մերձավորների մասին ցուցմունք չտալը թույլատրելի է, դա կարող է մեղմացուցիչ հանգամանք դիտվել: Նրա որդու՝ 29-ամյա ամբաստանյալ Բագրատ Սողոմոնյանի համար դատախազը պահանջում է 14 տարի ազատազրկում։ «Դա իմ ապրած կյանքի կեսն ա»,- ըստ tert.am-ի, ասել է Բ. Սողոմոնյանը, եւ հավելել. «Ես չեմ ճանաչել եւ չեմ էլ ճանաչում Արա Կարապետյանին»: Նա չի հերքել խմբակային կողոպուտին իր մասնակցությունը, սակայն նշել է. «Իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում իմ կատարած արարքին»։
«Արա Կարապետյանին ճանաչում եմ, բայց ինքը ինձ օգնել ա, աշխատանք ա տվել, ոչ մի վատ բան չի արել»,- նշել է ամբաստանյալ Արշակ Գրիգորյանը։ Մեկ այլ ամբաստանյալ՝ Սուրեն Մելքոնյանն էլ ասել է. «Իմ միակ հանցանքը, որ չգիտեմ՝ ինչի է հանցանք, պայուսակը Կարենին հանձնելն է։ Նորից կրկնում եմ՝ ես ոչ մի Հարություն չեմ ճանաչում»։
Իսկ ամբաստանյալներից մեկի՝ գործարար Արա Կարապետյանի վերջին խոսքը «Առավոտը» ստացել էր էլեկտրոնային փոստով: 32 էջանոց «վերջին խոսքում» Արա Կարապետյանը մասնավորապես նշել էր. «Իմ վերջին խոսքը հետեւյալն է՝ ես հանցագործություն չեմ կատարել եւ ես հանցագործ չեմ:
Հարգելի դատարան, թույլ տվեք անկեղծ ասել, նախանձելի չէր ձեր վիճակը, քանի որ նախաքննության մարմնի կողմից կանխամտածված եւ խճճված այս պարզ եւ սովորական քրեական գործը Ձեր դատին ներկայացվեց հարյուրավոր անհայտներով եւ բազմաթիվ կանխամտածված կեղծիքներով»: Այնուհետեւ ամբաստանյալը մանրամասնորեն եւ իրավաբանական լեզվով դրվագ առ դրվագ ներկայացրել էր իր գործը՝ փորձելով ապացուցել իր անմեղությունը՝ եզրահանգելով. «Հարգելի դատարան, ինչպես դուք տեսաք եւ համոզվեցիք, մեղադրող կողմի ապացուցողական բազան զրո է, իսկ ապացույցներ նրանք ոչ բերեցին դատաքննության ընթացքում, ոչ ճառի ընթացքում, իսկ ռեպլիկի ընթացքում պաշտպանական կողմի բերած հզոր ապացուցողական բազայից հետո էլ ընդհանրապես մեղադրող կողմը հրաժարվեց իր ռեպլիկի իրավունքից: Այսինքն՝ հարգելի դատարան, ոչ հանցակազմ եւ ոչ ապացույց, իսկ այս պարագայում քրեական գործը, ըստ 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի եւ 2-րդ մասի, ենթակա է հիմնավոր կարճման»:
Հիշեցնենք, որ գործարար Արա Կարապետյանը հրաժարվում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներից՝ մի շարք իրականացված եւ չիրականացված կողոպուտների կազմակերպում:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատավճիռը կհրապարակվի մայիսի 24-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել