Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՄԱՏՐՈՍՈՎԸ»

Մայիս 11,2011 00:00

Երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնաշղթաներով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) օգնական Օնիկ Հովհաննիսյանին: «Առավոտի» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մաքսանենգություն՝ խաբեությամբ խոշոր չափերով մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության):
Դատական մեկուկես ժամանոց դռնփակ նիստում դատավոր Էդիկ Ավետիսյանը՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում կայացրեց, որով բավարարեց ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը, եւ որպես խափանման միջոց՝ Օնիկ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանքը, որից հետո Հովհաննիսյանը տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:
Մինչ դատարանում տեղի էր ունենում դռնփակ դատական նիստը, դրսում հավաքված սակավաթիվ մարդկանց զրույցներից հայտնի դարձավ, որ «վերեւները կռուպնի ընգել են Կարոյի հետեւից, վայ թե էս անգամ Կարոն չկարանա Օնոյին պլստացնի, լավ էր՝ Սիմոնը թռավ Եվրոպա: Էս երկու օրն էլ Կարոն ստեղից Եվրոպա կուղարկի Ծիծակին»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սիմոնը պատգամավորի եղբայրն է, ով աշխատում է ոստիկանության համակարգում, իսկ Ծիծակը նախկինում աշխատել է ՀՀ նախագահի անվտանգությունում, անունն էլ Արման է: Մարդիկ փսփսում էին նաեւ, որ «Օնոն Կարոյի Մատրոսովն ա՝ ինչ գործ ըլնում ա, վերցնում ա իրա վրա»: Հիշում էին, օրինակ, որ 2007-ին Երեւանի Աճառյան փողոցում «Ֆոլքսվագեն Տուարեգով» Կարոյի տղա Վարդանը ավտովթար էր կատարել՝ հարվածելով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային, որում եղել էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ազգականները: Այդ փաստով քրեական գործ հարուցվեց Օնիկի նկատմամբ: Նույն Օնիկը նաեւ որպես վկա է ներգրավված 2009-ի հոկտեմբերի 5-ին Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին Կարո Կարապետյանի եւ Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործում: Պատգամավորը այդ օրը օգտագործել էր հրազեն, որի ժամանակ Ա. Զադոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այն ժամանակ Կ. Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը դա կատարել է ինքնապաշտպանության նպատակներով: Մեզ հետ զրույցում Կարո Կարապետյանը երբ լսեց, որ մեկնաբանություն եմ խնդրում «Առավոտի» համար, ասաց, որ ինքը մեր թերթի հետ գործ չունի: Իսկ հետո անդրադառնալով իր օգնականի կալանման փաստին՝ ավելացրեց, որ «էդ ամենը սուտ ա, ոչ մի մաքսանենգություն չկա, սարքած ա էդ ամենը, վաղը 11-ին ես կապացուցեմ»: Սպասենք ապացույցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել