Մոտ 1 շաբաթ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «անտեղի վիրահատությունից», կարելի է ասել, փրկվել է Ախուրյանի բնակիչ՝ 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը: Նա 2008թ.-ին այս բուժկենտրոնում թոքի վիրահատության է ենթարկվել եւ օրեր առաջ այցելած է եղել «Սուրբ Աստվածամայր»՝ պարզապես հետազոտվելու: Այդ ժամանակ վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված՝ Էջմիածնի բնակիչ Գեւորգ Մովսիսյանը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության, բուժանձնակազմի անփութության հետեւանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գեւորգ Մովսիսյանը, այլ Նարեկ Դանիելյանը, ում եւ բժիշկները նախապատրաստել են վիրահատության, սակայն աղմուկ բարձրանալուց հետո ստիպված են եղել կասեցնել: Քանի որ այս բուժհիմնարկը գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, ուստի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել են բժշկական կենտրոնի մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր, անեսթեզիստ Վ. Հայրապետյանը: Իսկ բուժկենտրոնի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա. Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: