Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար մարդ են «հայտնաբերել»

Մայիս 11,2011 00:00

Ու «Փարոսը» միանգամից կտրել

52-ամյա Եվա Ղազարյանը 5 երեխաների մայր է: Տարիներ շարունակ նրա բազմանդամ ընտանիքի միակ եկամուտը եղել է «Փարոսը»: Սակայն այսօր ընտանիքը զրկվել է նույնիսկ այդ օգնությունից: Տիկին Եվայի ներկայացմամբ՝ այն բանից հետո, երբ իր հին ծանոթը՝ Աիդա Սմբատյանը հյուրընկալվել է իր տանը եւ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով որոշ ժամանակ ապաստան խնդրել, սոցիալական ծառայության աշխատակիցներն իրեն «հարուստ» են համարել եւ նպաստից միանգամից զրկել: Սակայն տիկին Եվան իր ծանոթին տեղ է տվել, քանի որ նա հիվանդ է եղել. «Անօգնական կին էր, երկու ոտքերը վիրահատված ու երկաթներ են դրված, ինչպես կարող էի նրան տիրություն չանել, երբ նա ժամանակին ինձ օգնության ձեռք է մեկնել»,- մեզ հետ զրույցում պատմեց Ե. Ղազարյանը: Նրա խոսքերով, ծառայության տեսուչը այս տարվա ապրիլին երբ «հայտնաբերել» է նրանց տանը տիկին Աիդային, կարծել է, թե իր մայրն է եւ պահանջել, որ ինքը նոր դիմում ներկայացնի ընտանիքի անդամների փոփոխության մասին: Առանց հետեւանքների մասին մտածելու, Ե. Ղազարյանը տիկին Աիդային ներկայացրել է որպես մորաքույր: Սակայն մեզ հետ զրույցում տիկին Եվան խոստովանեց, որ Ա. Սմբատյանի հետ որեւէ արյունակցական կապ չունի: Տիկին Եվայի խոսքերով՝ պարզապես խղճահարությունից դրդված է նրան ընդունել եւ որպես հարազատ ներկայացրել: Այսօր նրա ընտանիքը «Փարոսից» կտրել, կնշանակի 3 անչափահաս երեխաների զրկել հացից: Ընտանիքի հոգսը փոքր-ինչ թեթեւացնելու համար տիկին Եվան իր 1 երեխային մանկատուն է հանձնել, 3-ը գիշերօթիկում են սովորում, ավագ որդին էլ բանակում է: Այդպես վարվել է այն բանից հետո, երբ ամուսինը 2007թ.-ին դատարանի կողմից անհայտ բացակայող է ճանաչվել: Հենց այդ ժամանակից էլ ամբողջ ընտանիքի հոգսն ընկել է մոր ուսերին: «Փարոսից» ստացած 33 հազար դրամը մի կերպ է հերիքել հանրակացարանի 2 սենյակի վարձին եւ կոմունալ վճարումներին: Սեզոնին բանջար է հավաքում, որ սնվեն ու գոնե մի քիչ բանջարեղենային սնունդ ստանան, սակայն ձմռանը, ինչպես կինն է նկարագրում, «չոր ու ցամաք» հացով են յոլա գնում: Մի քանի օր առաջ Ե. Ղազարյանը բանջար հավաքելու ժամանակ թունավոր օձի խայթոցից է փրկվել, միայն այն պատճառով օձը չի կծել, քանի որ ձմռան ցրտից հետո դեռեւս լիարժեք ուշքի եկած չի եղել: «Ցանկացած աշխատանք կանեմ, բայց երբեք ողորմություն չեմ խնդրի, ոչ էլ երեխաներիս թույլ կտամ: Սակայն ոչ մի տեղ իմ տարիքի կնոջը աշխատանք չեն տալիս»: Տիկին Եվան երազում է այն օրվա մասին, որ բոլոր երեխաներին իր շուրջը կհավաքի ու բոլորով միասին կապրեն: Բայց դա առայժմ հնարավոր չէ: Երեխաները միայն հանգստյան օրերին են մոր մոտ լինում: 14-ամյա Գագիկն ու 8-ամյա Ռուբենը անվճար բոքսի են գնում, մարզիչի խոսքերով, երկուսն էլ խոստումնալից մարզիկներ են, բայց տիկին Եվան անգամ մարզահագուստ գնել չի կարողանում, 9-ամյա Մաթեւոսը երազում է նկարիչ դառնալ: Ուսուցչուհին էլ խորհուրդ է տվել տղային Կոջոյանի անվան նկարչական դպրոց ուղարկել, բայց դպրոցը նախ հեռու է, բացի այդ էլ՝ վճարովի:
Ինչպես Նոր Նորքի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալ Արմինե Անդրանիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, այս ընտանիքի նպաստի կասեցման պատճառն այն է եղել, որ տեսուչը իսկապես այցելության ժամանակ նրանց տանը օտար մարդ է հայտնաբերել, որի մասին ծառայությունը տեղյակ չի եղել: Բացի այդ, իրենք ունեն Ե. Ղազարյանի հայտարարագիրը, որով նա տեղեկացնում է, որ հիվանդության պատճառով ժամանակավորապես մորաքույրն իր մոտ է բնակվում: Իսկ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված են միայն մայրն ու անչափահաս երեխաները: Անհրաժեշտ են մորաքրոջ անձնագիրը ու սոցիալական խումբը, եթե այդպիսին ունի, որովհետեւ սոցիալական ծառայություններում պետք է հաշվառվի ընտանիքի կազմի հետ կապված ցանկացած փոփոխություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել