Կարծում է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը
Տարիներ շարունակ Նազարբեկյան թիվ 48 կիսակառույց շենքը, որը ո՛չ պետական գրանցում ունի, ո՛չ տեր ու տիրական, դարձել է Աջափնյակ վարչական շրջանի համար անօրինական եկամուտների աղբյուր: Շենքը սկսվել է կառուցվել 90-ականների սկզբին, հետո ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է շինարարությունը: Չնայած 1997 թվականին ՀՀ կառավարությունը որոշել է շենքը հանձնել թաղապետարանի հաշվեկշռին, սակայն, ինչպես օրենքն է պահանջում՝ հանձնման-ընդունման ակտը մինչ օրս չի կայացել: Հետեւաբար՝ Աջափնյակի թաղապետարանը չի հանդիսանում շենքի սեփականատերը: Բայց սա ամենեւին էլ չի խանգարել թաղապետարանին աջ ու ձախ բնակարանները բաշխել՝ ում որ ինքը հարմար գտնի: «Առավոտն» (05.08.2010 թ.) անդրադարձել է այս շենքի պատմությանը եւ այնտեղ տարբեր պատճառներով բնակություն հաստատած մարդկանց պատմություններին:
2004 թվականից այս կիսակառույցում սկսել են ապօրինի բնակվել անօթեւաններ, սակայն նրանք ինքնագլուխ չեն տիրացել կիսակառույցի բնակարաններին: Նրանց այդ հասցե են ուղղորդել հենց թաղապետարանի աշխատակիցները՝ «դատարկ տներ են, գնացեք ապրեք, էլի»: Երկար տարիներ այս շենքում ինքնակամ բնակվում են նույն համայնքի վթարային շենքերի բնակիչներ, որոնք ընդամենը 100 հազար դրամ փոխհատուցում են ստացել եւ չեն կարողացել նոր բնակարան գնել: Նրանք դիմել են Աջափնյակի թաղապետարան, որտեղից էլ նրանց հորդորել են բնակվել Նազարբեկյան 48-ում: Նույն կերպ է եղել նաեւ մյուս ինքնակամ բնակիչների հետ, որոնց թվում են Չեռնոբիլի աղետից տուժած ընտանիքներ: Ընդ որում, ոստիկանությունը նրանց այդ հասցեում փաստացի գրանցում է տվել եւ ինքնակամ բնակիչների անձնագրերում առկա է ոստիկանության կնիքը: Շենքում բացակայում են բոլոր կոմունիկացիաները, բնակիչներն իրենց ուժերով են էլեկտրաէներգիա անցկացրել, դուռ-պատուհան տեղադրել: Սակայն միառժամանակ ապրելուց հետո հայտնվել են նոր բնակիչներ՝ այդ բնակարանների օրդերը ձեռքները, որը նրանց 90-ականներին տրամադրել է գործկոմը: Սակայն, եթե սկզբում օրդեր ունեցող բանկիչները ընդամենը 11-ն են եղել, ապա այդ թիվը անհասկանալիորեն գնալով ավելացել է, դառնալով՝ 36: Իսկ ինքնակամ բնակիչների հարցմանն ի պատասխան, թաղապետարանը պատասխանել է, որ շենքի բոլոր 54 բնակարաններն էլ բաշխված են: Օդում կախված շենքը բնակիչների համար դարձել է կռվի առարկա:
Չնայած թաղապետարանը սեփականատեր չի հանդիսանում, սակայն ինքն իրեն շենքի տեր է հռչակել եւ 2007 թվականին դիմել է դատարան՝ ինքնակամ բնակիչներին վտարելու պահանջով: Սա, ըստ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանի՝ անօրինականություն է: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորն էլ, ըստ իրավաբանի, ոչ պատշաճ եւ բազմակողմանի ուսումնասիրելով խնդիրը, արագացված դատի միջոցով վճիռներ է կայացրել եւ պարտադրել ճանաչել օրդեր ունեցողների սեփականության իրավունքները. «Իսկ սեփականության իրավունքը ծագում է կադաստրում պետական գրանցման պահից, որը մինչ օրս չկա: Դատարանի վճռով օրդեր ունեցողները դիմել են կադաստրին՝ իրենց սեփականությունը ճանաչելու համար, իսկ կադաստրը պատասխանել է, որ իրավունք չունի նման գործողության: Անհասկանալի է, թե ո՞ւմ էր ձեռնտու աղմուկ բարձրացնել, դատարան մտնել, մարդկանց իրար դեմ հանել: Մտածել են՝ լավ փող աշխատելու միջոց է»: Իրավաբանի խոսքերով՝ Երեւանի քաղաքապետարանն էլ պաշտոնապես պատասխանել է, որ շենքի հանձնման-ընդունման փաստաթուղթ գոյություն չունի, ընդամենը 2005 թ.-ի հողամասի հատակագիծ է եղել. «Երբ կառավարությունը որոշել է շենքը տալ թաղապետարանին՝ վերջինս նախ պետք է միջոցներ ձեռնարկեր իր հաշվեկշռում ընդունելու ուղղությամբ, ապա սկսեր վկայականներ ունեցողների խնդրով զբաղվել: Հիմա եռակողմ շահերի բախում է տեղի ունենում: Քաղաքացիներն իրար դեմ են դուրս եկել, իսկ բոլոր պետական ատյանները ձեռքերը լվացել են եւ մի կողմ քաշվել»:
Այդուհանդերձ, առաջին ատյանի դատարանի վճիռն ունեցող «օրդերով» բնակիչներն ամեն մեկն իր հերթին կրկին դիմել է դատարան՝ ինքնակամ բնակիչներին վտարելու պահանջով: Մ. Խաչատրյանի խոսքերով, ըստ օրենքի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է դիմի վճռաբեկ դատարան՝ 1-ին ատյանի թերություններով կայացրած վճիռները բեկանելու համար: Այսինքն՝ դատախազը, պետգույքի շահերից ելնելով, պետք է սկսի այդ գործընթացը: Առավելեւս, որ Ա. Հովսեփյանի միջնորդությամբ նմանատիպ գործ եղել է 2005 թվականին Նորքի այգիներ 227 հասցեի շենքի դեպքում: Այդ ժամանակ շենքի փախստական բնակիչները դիմել են դատարան՝ իրավազուրկ գույքը սեփականացնելու համար, ինչն էլ բավարարվել է: Հետագայում գլխավոր դատախազը բացահայտել է, որ դեռեւս 1991թ.-ին այդ շենքը հանձնվել է նախարարների կոմիտեին, որի իրավահաջորդն է կառավարությունը: Ա. Հովսեփյանի ջանքերի շնորհիվ եւ դատարանի միջոցով անվավեր են ճանաչվել փախստականների իրավունքները, իսկ շենքը ստացել է պետական գրանցում: Նազարբեկյան 48 շենքի դեպքում իրավաբանը մի փոքր մտահոգություն ունի. «Քանի որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը գլխավոր դատախազի եղբայրն է, ապա չի բացառվում, որ այս անգամ Աղվան Հովսեփյանը չանդրադառնա այս խնդրին»:
Նշենք, որ կենտրոնը դիմել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն եւ քննությունն արդեն ընթացքի մեջ է: Խաչատրյանի խոսքերով՝ «Մենք պարզապես պահանջում ենք պարզել, թե իրականում ովքեր են օրդերով բնակիչներ, ովքեր՝ անօթեւաններ, արդարացի լուծում տան, այլ ոչ թե սոցիալական ընդվզում առաջացնեն»: