Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի մարտյան տեղեկագրից՝ 2011
թ. հունվար-մարտին ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 251 մլն դոլար, ինչը գրեթե 24%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հիմնական գումարները, ինչպես հայտնի է, գալիս են Ռուսաստանից. 2011թ. Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 195 մլն դոլար՝ նախորդ տարվա 155 մլն դոլարի համեմատ։ ԱՄՆ-ից 2011թ. Հայաստան է փոխանցվել 18 մլն դոլար՝ նախորդ տարվա 14 մլն դոլարի համեմատ։ Ղազախստանից փոխանցվել է 4,2 մլն դոլար՝ նախորդ տարվա 2,8 մլն դոլարի համեմատ։
Իսկ երեկ կայացած նիստում ԿԲ-ն որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8,5%: 2011թ. ապրիլին հանրապետությունում արձանագրվել է 0,2% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2,6 տոկոսային կետով եւ կազմել է 8,9%։ ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են գների կայունացման միտումներ: Ինչ վերաբերում է ներքին զարգացումներին, ապա ԿԲ-ի կարծիքով, դրանք համախառն պահանջարկի վրա կունենան չեզոք ազդեցություն։ Նաեւ՝ ներկա բնակլիմայական պայմաններում եւ գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում են տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:
ԿԲ խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը եւ տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձեւավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը: