Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՂԹԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՆՈՐ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ

Մայիս 11,2011 00:00

Փաստում է Արմեն Մարտիրոսյանը

\"\"

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի տեղեկություններով, վերջին շրջանում ապօրինի ճանապարհով Հայաստան է ներմուծվում թղթի մեծ քանակություն. «Թղթի շուկան ուսումնասիրելով՝ պարզել ենք, որ մաքսային ճանապարհով թղթի ներմուծումն այդքան մեծ չէ, որքան թղթի ծավալները շուկայում: Հայաստանը, բացի զուգարանի թղթից, այլ թուղթ չի արտադրում, չի էլ վերամշակում: Ստացվում է, որ այլ ապրանքների անվան տակ թուղթ են ներմուծում»: Ըստ նրա, թղթի ներմուծման ոլորտում էլ խոշոր տնտեսվարողների համար արտոնություններ են սահմանվել. «Թղթի 70%-ը ներմուծում է 10 խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից, իսկ մնացած 4000 փոքր տնտեսվարողները, չգիտես ինչու, վճարում են հարկերը: Չհարկվող թուղթը վերաբերում է սիգարետի, ցեմենտի պարկերին: Այսինքն՝ կրկին հարկերից ազատվել են տնտեսական, քաղաքական լծակներ ունեցող օլիգարխները»:
Պարոն Մարտիրոսյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից նորաստեղծ հասարակական խորհրդի անդամ է ու երեկ խորհրդի անդրանիկ նիստին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ուշադրությունը հրավիրեց այլ հարցերի վրա եւս: Ա. Մարտիրոսյանի ունեցած տեղեկություններով, թղթից բացի՝ նաեւ մեծ քանակությամբ պոլիէթիլենային տոպրակներ են հանրապետություն ներկրվում. «Գիտնականների հաշվարկով, Հայաստանն իր սարերով 4 անգամ կարելի է ծածկել պոլիէթիլենային տոպրակներով: Ես կարծում եմ, որ այդքան չի ներկրվում, դա նշանակում է, որ դրա անվան տակ էլ այլ ապրանքներ են ներմուծվում»: Պարոն Շաբոյանն էլ վստահեցրեց, մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր փոփոխություններով, գերիշխող դիրք ունեցող այն տնտեսվարողները, որոնք կչարաշահեն իրենց դիրքը, այսուհետեւ ոչ միայն կտուգանվեն, այլեւ չարաշահման արդյունքում ստացած ողջ գերշահույթը կվճարեն պետբյուջե: Ըստ նրա, Ազգային ժողովի կողմից հաստատված օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առաջիկայում՝ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո: Ա. Շաբոյանի համոզմամբ, անբարեխիղճ մրցակցությունը պատժելու համար միայն 500.000 դրամ տուգանքը շատ քիչ է. «Բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, երբ տնտեսվարող սուբյեկտները գերադասում են վճարել տուգանքները ու նորից կրկնել նույն խախտումը»:
Հասարակական խորհրդի անդամ, սպառողների պաշտպան Արմեն Պողոսյանն էլ Ա. Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչու է փոքր ու խոշոր տնտեսվարողների նկատմամբ միեւնույն պատժամիջոցները կիրառվում. «Միեւնույն պատժամիջոցը չի կարելի կիրառել խոշորի եւ փոքրի նկատմամբ, պետք է հաշվի առնել, որ մեկի համար դա պարգեւատրում է, մյուսի համար՝ իսկական խորտակում»: Պարոն Շաբոյանն էլ խոստացավ. «Խոշոր տնտեսվարողները այսուհետեւ ենթարկվելու են մեծ պատասխանատվության, փոքր տնտեսվարողները՝ փոքր պատասխանատվության: Պատժամիջոցների նոր չափանիշներ են այսօր ներդրված մեր օրենսդրության մեջ»:
Սպառողների պաշտպանը հանդիպման ընթացքում նաեւ բարձրացրեց շաքարավազի ու հացի որակի խնդիրները. «Այսօր սպառողները խոնավ շաքարավազ ու 30% օդ լցրած հաց են գնում: Ինչպե՞ս ենք կարգավորելու այս հարցը»: Ի պատասխան՝ պարոն Շաբոյանը նկատեց, որ դա առաջին հերթին սննդի անվտանգության տեսչության գործառույթն է, ոչ թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովինը: «Ինչպե՞ս եք որոշում, թե առաջինը ում գործառույթն է: Եթե դա առողջությանս չի վնասում, բայց առաջին հերթին գրպանս է թալանում, ուրեմն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է զբաղվի»,- հավելեց Արմեն Պողոսյանը:
 «Անտարես» հրատարակչության տնօրենն էլ անբարեխիղճ մրցակցության դեպքերի շարքը թվարկելով՝ հասավ մինչեւ հեռուստագովազդ. «Քանի տարի է՝ գովազդում են անորակ ապրանք՝ բարձրորակ ապրանքատեսակի բնորոշմամբ, պիտակով: Սա անբարեխիղճ մրցակցություն է ստեղծում: Նման հեռուստագովազդների հետ կապված հարցերը հենց բարձրացնում ենք, միանգամից ուղարկում են ՀՌԱՀ, այնտեղից էլ ուղարկում են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, թե՝ դա իրենց գործառույթը չէ: Բայց ո՞վ պետք է զբաղվի այս խնդրով»: Ա. Շաբոյանն էլ համաձայնեց, որ որոշ գովազդներում մրցակցության խախտումներ են թույլատրվում, ապա հավելեց, որ հանձնաժողովը պետք է ավելի հետեւողական լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել