Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՎՈՒՇԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Մայիս 11,2011 00:00

\"\"Մայր աթոռը փող ունի, բայց չի կառուցում, Նոյեմբերյանի քաղաքապետարանը ուզում է կառուցել, բայց փող չունի

2010 թվականի դեկտեմբերի 10-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստեղծվեցին Հայ առաքելական եկեղեցու երկու նոր թեմեր՝ Տավուշի եւ Վայոց ձորի: Մինչ այդ՝ Տավուշը Գուգարաց թեմից «կիսանկախ» վիճակում էր: Կարգավիճակի բարձրացումը, սակայն, չլուծեց որոշ հին, ձգձգված հարցեր:
16 200 բնակիչ ունեցող առողջարանային քաղաք Դիլիջանը եկեղեցի չունի: Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար դեռեւս 2006 թվականին բարերարները Մայր աթոռին 1 միլիոն դոլար են նվիրել, համայնքում էլ ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ ներգրավելով այլ ֆինանսներ: Բայց Դիլիջանի քաղաքապետարանը եկեղեցու շինարարության հարցում դեռեւս Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերել: Այսօր Դիլիջանի «Թուֆենկյան» թանգարանի մասնաշենքերից մեկում գործում է ժամանակավոր եկեղեցի կամ աղոթատեղի: Դիլիջանցիների վկայությամբ՝ այստեղ հաճախ արարողություններ է կատարում Շավարշ քահանան, սենյակում նաեւ մոմեր են վաճառվում: Իսկ 5 տարի առաջ նվիրված մեկ միլիոն դոլարը դեռ բանկում է, ու դժվար չէ հաշվել, թե կլորիկ այս \"\"գումարը որքան տոկոսներ է բերել: Դժվար է ասել՝ ուր են գնացել այդ գումարները:
1997 թվականին բոստոնահայ Գեւորգ եւ Պերճուհի Ներսիսյանների բարեգործությամբ Իջեւանում կառուցվեց Ներսես Շնորհալի եկեղեցին: Այն Տավուշի թեմի աթոռանիստ եկեղեցին է: Եկեղեցու հետնամասում մասնավոր սեփականություն հանդիսացող շենքի վերնամասի շինարարություն է ընթանում: Արդեն երրորդ հարկն է կառուցվում, իսկ տուֆակերտ եկեղեցին հազիվ մեկուկես հարկի բարձրություն ունի: Շենքի կառուցմամբ փակվում է աթոռանիստ եկեղեցու լուսավորությունը:
Բերդի ողջ տարածաշրջանում գործող եկեղեցի չկա: Մոտ մեկ տարի առաջ հոգեւոր ակտիվ գործունեություն սկսեց ծագումով Չինարի գյուղից տեր Արամ քահանան: Նա կիրակի օրերը արարողություններ է կատարում Տավուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 2-3 տարի առաջ Մայր աթոռի ֆինանսավորմամբ սկսված Սուրբ Աստվածածնի հիմնանորոգումը մեկ տարի առաջ դադարեցվել է, եկեղեցին գմբեթ չունի:
\"\"1997 թվականի հուլիսի 18-ին Նոյեմբերյանի երկրաշարժի հետեւանքով քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին վթարային դարձավ: Ծիսական արարողությունները կատարվում էին եկեղեցուն կից հովվատանը, ուր նեղվածք էր, խնկի եւ մոմերի ծուխը խեղդում էր հավատացյալներին: 2009 թվականին ավարտվել է եկեղեցու հիմնանորոգումը, սակայն դեռեւս կիսատ եւ չլուծված են մնում եկեղեցու՝ որմնանկարներով զարդարման, շրջակայքի բարեկարգման խնդիրները: Եկեղեցու մատույցներում գործում էր 10 հազար վոլտ լարումով էլեկտրական ենթակայան, ինչը վտանգավոր էր: Այն քանդել են, դրա փոխարեն, որպես ժամանակավոր լուծում, բաց տրանսֆորմատոր տեղադրել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը հայտնեց, որ եկեղեցու հարեւանությամբ տարածք է հատկացվել՝ նոր ենթակայան կառուցելու համար: Սակայն դեռեւս բաց է էլեկտրական ենթակայանի շինարարության ֆինանսավորման հարցը:
Նյութական այս սուղ պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսը իր համար նստավայր է բացում Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել