Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՂԵՆ ՓՈՐՁԱԾ ԹԱՆԻ ՀԱՄԻՆ ՇԱՏ ՍՈՎՈՐ ԷՐ»

Մայիս 11,2011 00:00

\"\"Երջանիկ Աբգարյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին

Երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք ուշագրավ դիտարկումներ է արել 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների առիթով: Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հիմա որոշել խոսել մարտի 1-ից, երբ ՀԱԿ-ն ու իշխանությունը փորձում են, վերաբացելով այդ չփակված էջը, համագործակցության սեղանի շուրջ նստել: ՀԱԿ-իշխանություն հնարավոր համագործակցությունը Քոչարյանի համար վտանգավոր կլինի՞, նա այդ համագործակցության առիթով մտահոգվելու տեղ ունի՞, մանավանդ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Արեւմուտքը վերջին շրջանում ակտիվորեն սկսել է հիշեցնել այդ դեպքերի եւ դրանց բացահայտված չլինելու մասին: Երեկ այս համատեքստում «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀՇ անդամ, մարտիմեկյան իրադարձությունների առիթով երկու ամիս ազատազրկում կրած Երջանիկ Աբգարյանն ասաց. «Ակնհայտորեն Քոչարյանին անհանգստացրել է ո՛չ այնքան ՀԱԿ-իշխանություն շփման եզրեր առաջանալու հնարավորությունը, որքան մարտի 1-ի սպանությունների գործերի հնարավոր վերանայման հեռանկարը: Այդ հեռանկարը, ինչպես երեւում է, խիստ մտահոգել է նրան, այլապես նա անհրաժեշտ չէր համարի իր հայտնի անկապ ու մտացածին դատողությունները վերաշարադրել եւս մեկ անգամ: Ինչ վերաբերում է Արեւմուտքի դիրքորոշման կոշտացմանն այդ իրադարձությունների գնահատման հարցում, ապա դա նրա համար ունի նաեւ այլ կարեւոր ենթատեքստ՝ ի դեմս վերջին շրջանում Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական եւ տնտեսական ներկայության էլ ավելի խորացման եւ միջազգային կարեւորագույն հարցերում Հայաստանի անվերապահ ռուսամետ կողմնորոշման»:
Իր հարցազրույցում Քոչարյանն, ըստ էության, փորձում է մարտիմեկյան իրադարձությունների մեղքը բարդել ընդդիմության առաջնորդների, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, ասելով, թե՝ «մարտի 1-ը ձեռնտու էր նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները», եւ հավելում, թե Տեր-Պետրոսյանը կարող էր կանխել մարտի 1-ի սպանությունները, եթե իրեն ադեկվատ պահեր. «Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն՝ փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Երջանիկ Աբգարյանն այսպես է հակադարձում. «Քոչարյանն այդ օրը շատ էր ձգտում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ հանցագործությունների միջավայրում հայտնվի մեն-մենակ, առանց թիկնապահների, շատ-շատ էր ուզում: Բա, իհարկե, տղեն փորձած թանի համին շատ սովոր էր: Այն միջավայրը, ուր վխտում էին մարդասպան քրեական հանցագործները, օլիգարխական բանդիտները եւ պաշտոնական ու ոչ պաշտոնական դիպուկահարները, Քոչարյանի նախագահության պարագայում, անկասկած, ամենաապահովն էր որեւէ ընդդիմության առաջնորդի կյանքի համար, որովհետեւ հիմնավորապես բացառում էր որեւէ հետքի առկայություն: Իսկ ընդդիմության ղեկավարության կատարյալ «գլխատումը» բացառելու համար, անտարակույս, Քոչարյանը չէր օգտվի Քրեական օրենսգրքի միայն 300 եւ 225 հոդվածների ծառայությունից, որպեսզի այդ ղեկավարները «երկար տարիներ բանտում անցկացնելով»՝ ողբային «ադեկվատ պահելու» եւ քոչարյանասերժական իշխանության հաճախորդ դառնալու իրենց շանսերի անդառնալի կորուստները»: Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից մարտի 1-ի իրադարձությունների «շահարկմանը», ապա մեր զրուցակցի մոտ հարց է առաջանում. «Ի՞նչ է, այդ օրվա սպանությունները եւ այլ ծանր հանցագործությունները մարդիկ պարտավոր են մոռանա՞լ, դրանց պատասխանատուներին պետք է թողնեն, որ անպատի՞ժ մնան: Եվ ինչո՞ւ է Քոչարյանը անհանգստանում դրանից, իսկ Սարգսյանն ու մնացածները, որ մինչեւ վերջերս ձգտում էին «մարտի 1-ի էջը» օր առաջ փակել, ինչո՞ւ են այսօր այդ օրվա սպանությունների մասին հանկարծ հիշել, եւ ժամանակ շահելու նպատակով կարող է՝ դրա՞նք էլ են ուզում օգտագործել որպես քաղաքական իմիտացիայի եւ բլեֆի միջոց: Թող Քոչարյանն իր հին ու նոր շրջապատով շահագրգռված լինի բացահայտել այդ սպանությունները եւ ոչ թե, ըստ էության եւ իրողության, ամեն ինչ անի ծածկադմփոցի ենթարկելու այդ ծանր ոճրագործության պատվիրատուներին եւ կատարողներին՝ հետն էլ այդ հարցը «շահարկելու» մեջ ուրիշներին մեղադրի, երբ վերջիններս սոսկ հավատարիմ են իրենց քաղաքացիական պարտքին ու դիրքորոշմանը»:
Ի դեպ, մարտի 1-ի սպանությունների՝ ընդդիմադիրների կողմից իրեն ուղղված բոլոր մեղադրանքների առիթով էլ Ռոբերտ Քոչարյանը նկատում է. «Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին»: Երջանիկ Աբգարյանը հակադարձեց, որ ՀՀՇ-ի իշխանության օրոք քաղաքական հակառակորդներ չեն սպանվել: Նա, իհարկե, չժխտեց, որ այդ տարիներին աղմուկ բարձրացրած քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, բայց հայտարարեց, որ դրանց մեղավորները կրել եւ կրում են իրենց պատիժները, ու ավելորդ չհամարեց հիշեցնել, որ նրանցից ոմանց ազատ արձակեց հենց Քոչարյանը՝ 1998-ին՝ «իրադրության փոփոխության» պատճառաբանությամբ՝ նկատի ունենալով «Վահան Հովհաննիսյան+30» գործով անցնող մի շարք կարկառուն դաշնակցականների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել