Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ միջազգային կառույցների եւ գերտերությունների կողմից հավասարակշռող հայտարարությունները այլեւս անարդյունավետ են. դրանք պետք է ուղղված լինեն կոնկրետ ռազմատենչ հայտարարությունների եւ ռազմական սադրանքների հեղինակ Ադրբեջանին։ Այս մասին, ըստ «Նոյյան Տապան»-ի, երեկ ԱԺ–ում հայտարարել է Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ)։ Նա պարզաբանել է, որ Ադրբեջանի գործողությունները կարող են ուղղակիորեն հանգեցնել լայնածավալ պատերազմի։ Այս նկատառումները պատգամավորը փոխանցել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին։ «Ժամանակն է, որ մեր դիվանագիտությունը ավելի կոշտ ձեւակերպումներով հանդես գա եւ պահանջի միջազգային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Հրայր Կարապետյանը։