Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՄԵՂՍԱԿԻՑ Է «ՄԱՐՏԻ 1»-Ի ԴԵՊՔԵՐԻՆ

Մայիս 11,2011 00:00

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ավելի քան վստահ է, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերի համար առաջին պատասխանատվություն կրողը տվյալ ժամանակահատվածում նախագահի աթոռը զբաղեցնող անձն է, իսկ այնուհետեւ՝ իշխանության մյուս ներկայացուցիչները: «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցում Ստեփան Սաֆարյանի ուշադրությունը հատկապես գրավել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հատվածը: «Արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքի խախտմամբ: ՀՀ-ի կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ ՀՀ-ն պարտավոր էր մարդու իրավունքների սահմանափակման որեւէ քայլ կատարելուց առաջ տեղյակ պահել ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչը չի արվել: Այսքանը միայն բավարար է՝ ասելու համար, որ ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ եւ ոչ իրավաչափ արձագանք են տվել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին»,- «Ա1+»-ի մատուցմամբ, ասել է խմբակցության ղեկավարը: Նրա կարծիքով, «Մարտի 1»-ի դեպքերի համար իր մեղքի բաժինը ունի նաեւ խորհրդարանը. «Ճակատագրի հեգնանքով, այդ օրը կարգավիճակի բերումով «Ժառանգությունը» նույնպես ներկա էր ԱԺ-ում հրավիրված նիստին: Մենք հիշում ենք, թե ինչպես դա տեղի ունեցավ: ՀՀ իշխանություններն ունեին այլընտրանք այդ օրն իրենց այլ կերպ պահելու: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ապա նույն օրը, կեսօրին, ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրեր, եւ քաղաքական լուծումներ կտրվեին իրավիճակին: Մենք բազմիցս նշել ենք, որ ԱԺ-ն մեղսակից է 2008թ. մարտի 1-ի դեպքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել