Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում որեւէ մեկի հասցեին մեղադրանք չկա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Քոչարյանն իր հարցազրույցում Մարտի 1-ի մասով պատասխանատվություն է դնում նաեւ Ազգային ժողովի վրա, Գալուստ Սահակյանն, ըստ tert.am-ի, պատասխանել է. «Եթե արտակարգ իրավիճակ է, բնականաբար՝ մասնակիցն ենք, եթե երկրի համար կարեւորագույն հարց է, բնականաբար՝ քննարկումների դաշտ է լինում, ի՞նչ է պատահել, ես դրական եմ գտնում, որեւէ խնդիր չեմ տեսնում: Ոչ միայն խնդիր չեմ տեսնում, այլեւ որեւիցե մեղադրանք որեւիցե կողմի նկատմամբ չեմ համարում, որ կա»: Ըստ Գալուստ Սահակյանի՝ «նախկին նախագահը քաղաքական գործընթացներից տեղյակ մարդ է եւ պետք է նրա խոսքն ընդունել այնպես, ինչպես կա՝ առանց մեկնաբանությունների»: Հարցին, թե արդյոք Քոչարյանի հարցազրույցը չի՞ խանգարի ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ ինքը չի կարծում, որ իշխանություններն այսօր «մոմեր են վառում ընդդիմության հետ անպայման երկխոսելու համար: Էդ երկխոսությունը չի կարելի հայհոյանքի պես մի բան դարձնել: Արդեն մարդիկ մեկը մյուսին որ ուզում են վիրավորել, ասում են՝ ես քեզ կերկխոսեմ: Երկխոսությունը, բազմիցս կրկնել ենք, այն է, երբ քաղաքական դաշտը մեկն է, եւ բոլոր քաղաքական ուժերի իրավունքները նույնն են, հավասար են: Այնպես որ, քաղաքական դաշտը, քաղաքական պրոցեսը հենց փոխադարձ համաձայնությունների, քննարկումների դաշտն է: Այլ դեմք քաղաքական դաշտը չի կարող ունենալ»: ՀՀԿ-ԲՀԿ լարվածության մասին լուրը ՀՀԿ փոխնախագահը համարել է «ընդդիմության երազանքը»: Անդրադառնալով Սասուն Միքայելյանին ազատ արձակելու մասին լուրերին՝ ասել է. «Իմ կարծիքով՝ այդ հարցի շուրջ քաղաքական որոշում կայացնելու բարդ խնդիր չի եղել: Խորհրդարանական ուժերը, գտնելով, որ առողջական վիճակն այնքան է ծանր, որ հնարավորինս օրենքը կարելի է օգտագործել ժամկետից շուտ ազատելու մասին, ընդամենը դիմել ենք երկրի նախագահին»: