Այսօր, ժամը 16.30-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Ա1+»-ի ներկայացրած հայցով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը վիճարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ դեկտեմբերի 16-ի 96Ա որոշումը եւ պահանջում այն չեղյալ համարել: Այս որոշմամբ «Ա1+»-ը պարտվող է ճանաչվել թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում, քանի որ նրա ներկայացրած ֆինանսական միջոցները ոչ հավաստի են համարվել: «Հայցադիմումով նաեւ ասում ենք, որ ՀՌԱՀ-ի կողմից միջամտություն է տեղի ունեցել, եւ խախտվել է «Մելտեքս» ՍՊԸ-ի՝ արդար մրցակցության իրավունքը: Այդ պատճառով պահանջում ենք ճանաչել «Ա1+»-ի իրավունքի խախտումը»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Մելտեքս» ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
«Ա1+»-ը ՀՌԱՀ-ին մի շարք հարցադրումներ է ներկայացրել, որոնց պատասխանները, ըստ Տիգրան Տեր-Եսայանի, կստիպեին մտածել, որ Հանձնաժողովը կփորձի գալ հաշտության. «ՀՌԱՀ-ի պատասխանին ծանոթանալուց հետո առավել եւս վստահ եմ, որ մեր հարցադրումներն առավել քան ճշմարտացի են»: Հիշեցնենք, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մայիսի 9-ին հրապարակած զեկույցում անդրադառնալով «Ա1+»-ի խնդրին՝ ափսոսանքով նշել է, որ հեռարձակման արտոնագրերի վերջին մրցույթը չի նպաստել ազատ արտահայտվելու սկզբունքին: Խոսելով «Արմնյուզ» եւ «Մելտեքս» ընկերությունների միջեւ մրցակցության մասին՝ Թոմաս Համմարբերգը գտել է, որ այդ մրցույթում հայտերը գնահատելու համար ընտրված մեթոդաբանությունը խնդրահարույց է եւ ազդել է մրցույթի արդյունքների արժանահավատության վրա: