Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 50/50 Է

Մայիս 11,2011 00:00

\"\"Կարծում է հայտնի թուրք լրագրող Յավուզ Բայդարը

«Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ձայների մեծամասնություն ստանա, հավանական է, որ նորից հնարավորություն ստեղծվի շարունակել սկսած արտաքին քաղաքականությունը, այն է՝ հարեւանների հետ զրո խնդիրներ ունենալը: Մեր նպատակները չեն փոխվել, եւ ամեն պահի հայ-թուրքական սառած գործընթացը կարող է վերսկսվել: Չնայած Երեւանը վստահությունը կորցրեց արձանագրությունների տապալումից հետո, նախագահ Սարգսյանը եւ շատ գործիչներ հիասթափություն են զգում Էրդողանի կառավարությունից, բայց խնդիրները դեռ առկա են, եւ դրանց լուծման համար կարող են նորից հիմնական երկու արձանագրություններ առաջ գալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թուրքական «Sabah» եւ «Today’s Zaman» օրաթերթերում երկար տարիներ հայ-թուրքական թեման լուսաբանող, նաեւ «Sabah»-ի օմբուդսմեն Յավուզ Բայդարը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի առանց ղարաբաղյան հարցը մեջտեղ բերելու: Նրա խոսքով, բանակցությունների վերսկսման հավանականությունն այս պարագայում հիսուն-հիսուն է: Նախորդ արձանագրությունների նման ինչ-որ փաստաթղթի՝ նորից բանակցությունների սեղանին հայտնվելը հավանական համարում է ամռան վերջին կամ աշնանը: Հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան տապալեց նախաստորագրված արձանագրությունները՝ առաջ բերելով Լեռնային Ղարաբաղի հարցը, երբ նախապես որոշվել էր նախապայման առաջ չքաշել, Յ. Բայդարը պատասխանեց. «Արձանագրությունների ստորագրման ժամանակ նախապես ամեն ինչ լավ էր ընթանում, որովհետեւ այդ հարցում կար ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի հետաքրքրությունը: Ադրբեջանական կողմը դժգոհեց, թե չկա համապատասխան տեղեկատվություն թուրքերի կողմից Ադրբեջանի մասով, եւ ավելի ու ավելի քննադատաբար սկսեց դժգոհել: Համաձայն մի խումբ մարդկանց, օրինակ՝ Կարսի քաղաքապետի կամ Անկարայի քաղաքական գործիչների, արձանագրությունների պատճառով մեծ ճնշում կար Բաքվի կողմից, այստեղ իրենց դերն էին խաղում նավթը, գազը, տնտեսական գործոնը, եւ այդ պատճառով չնայած նախագահ Գյուլը եւ նրա ղեկավարած կառույցը արձանագրությունները ստորագրելուն կողմ էին, բայց վարչապետ Էրդողանի համար դա բարդ եղավ, որովհետեւ մի կողմից՝ Թուրքիայի համար կարեւոր երկիր հանդիսացող Ադրբեջանն էր, մյուս կողմից՝ Թուրքիայի հասարակական կարծիքը, որը Ադրբեջանին կողմ լոբբի իրականացնելու հարցում մեծ դեր ունեցավ: Սա բարդ հարց էր վարչապետ Էրդողանի համար, եւ երբ հասկացավ իրավիճակը, փոխեց միտքը եւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է ներգրավվի այս պրոցեսի մեջ»: Մյուս կողմից, ըստ Յ. Բայդարի, Ադրբեջանը կրկնակի խաղ խաղաց, Ադրբեջանի ներսում ռուսական լոբբին եւս մեծ դեր ունեցավ, «որովհետեւ Ռուսաստանի համար ավելի ձեռնտու էր, որ կոնֆլիկտը շարունակի մնալ որպես կոնֆլիկտ եւ լուծում չստանա»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ սառեցված հարաբերությունների վերսկսման ամենահեշտ ուղին Ստամբուլում, Անկարայում եւ Երեւանում համապատասխան խորհուրդներ ստեղծելը կլինի, ինչը հայ-թուրքական փակ սահմանի պարագայում կօգնի լուծել անձնագրային, վիզաների հարցը. «Սա, իհարկե, անուղղակի ճանապարհ է, բայց գիտեք, որ շատ հայեր են ապրում, անլեգալ աշխատում Թուրքիայում եւ շատ խնդիրներ են ունենում: Դա կարող է լինել առաջին քայլը, ինչը նաեւ Ադրբեջանին խուճապի մեջ չի գցի ու շատ չի բարկացնի»: Յ. Բայդարի կարծիքով, մի բան հստակ է՝ ոչ ոք Բաքվի մտադրությունները փոփոխելու հարցում լավատես չէ: Նրա մեկնաբանմամբ, լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կշարունակվի, եւ երկու երկրները չեն կարող մտերմանալ, որովհետեւ խնդիրն իրականում շատ բարդ է: Մեր զրուցակիցը վստահ է նաեւ, որ Ստեփանակերտից թռիչքներ իրականացնելն էլ ավելի կխորացնի լարվածությունը երկու երկրների միջեւ եւ կմեծացնի պատերազմի հավանականությունը: Յ. Բայդարից հետաքրքրվեցինք՝ միջազգային կառույցների կողմից Թուրքիայի վրա ճնշում չի՞ գործադրվում հայ-թուրքական սահմանը բացելու, հարեւան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եւ արդյոք հնարավո՞ր է, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ՝ առանց այս հարցերի լուծման: «Ճնշում, որքան գիտեմ, չի գործադրվում, որովհետեւ միջազգային կառույցների հիմնական ուշադրությունն այժմ արաբական աշխարհի վրա է կենտրոնացած, հայկական հարցը չես կարող համեմատել Սիրիայի, Լիբիայի, Պաղեստինի հարցի կարեւորության հետ: Հայկական հարցը փոքր մի մաս է, բայց եթե ռեալ նայենք՝ այո՛, միջազգային հանրությունը, Միացյալ Նահանգներն ավելի, քան Եվրախորհուրդը, ԵՄ-ն, ցանկանում են լուծված տեսնել արձանագրությունների հարցը: ԵՄ-ն ավելի քիչ դերակատարում ունի Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցում, որովհետեւ այն ձեւով, ինչ ձեւով որ Եվրամիությունը վերաբերվեց Թուրքիայի հետ վերջին հինգ տարում, աղետալի էր (was disaster), նրանք Թուրքիայում կորցրին իրենց շատ աջակիցներին: Կարծում եմ, որ ԵՄ-ն ի վիճակի չէ որոշել՝ այսօր Թուրքիան կլինի՞ անդամ, կթույլատրվի՞ լինել, թե՞ ոչ, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում պարզություն չկա: Ոչ միայն ակադեմիական շրջանակներում, բոլորը հիասթափված են ԵՄ-ից: Սա շատ վատ վիճակ է եւ խանգարում է հայ-թուրքական սահմանի բացմանը եւ մնացած հարցերի լուծմանը»,- պատասխանեց Յ. Բայդարը: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որ պարագայում հայ-թուրքական երկխոսությունը կկայանա եւ հայերն ու թուրքերն իրար թշնամիներ չեն համարի: Ըստ Յ. Բայդարի, երկխոսությունն արդեն կա ակադեմիական, մշակութային շրջանակներում, կան շատ ծրագրեր, մարդիկ ազատ կերպով մի երկրից մյուսն են գնում, եւ երկխոսությունը զարգանում է: Նրա խոսքով, հայկական հարցը, 1915 թվականի Ցեղասպանության թեման այժմ թուրքական մեդիայում քննարկումների ուշադրության կենտրոնում է. «Մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ կարելի է ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներ կազմակերպել Թուրքիայում: Տարեցտարի դա ավելի նորմալ է դառնում, եւ ավելի շատ մարդիկ են գնում, իսկ ազգայնականների կողմից ճնշումը մեր կյանքի մի մասն է, եւ այս պարագայում նորմալ է, որովհետեւ այդ տեսակի մարդիկ միշտ կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել