Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԿԳՏՆՎԻ

Մայիս 11,2011 00:00

\"\"Ընդ որում, թերեւս, Ռոբերտ Քոչարյանի շրջապատից

Մայիսի 9-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հրապարակեց հունվարին Երեւան կատարած իր այցի արդյունքում կազմած զեկույցը, որը ՀՀ իշխանություններին ուղղված կոշտ քննադատություն է պարունակում: Երեկ «Առավոտն» այս զեկույցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, արդեն նախկին դիվանագետ Առաքել Սեմիրջյանից, որը մշտապես ու ակտիվորեն զբաղվել է ոչ միայն քաղբանտարկյալների խնդրով, այլեւ, որպես կանոն, ներկա է եղել «Մարտի 1»-ի զոհերի հարազատների եւ ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգի հանդիպումներին:
Ա. Սեմիրջյանը չթաքցրեց, որ ոգեւորված է հրապարակված զեկույցով: Նրա դիտարկմամբ, Հանձնակատարի զեկույցն ամբողջական է եւ ճշգրտորեն արտացոլում է այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել մարտի 1-2-ին, եւ այն զարգացումները, որոնք հաջորդել են այդ իրադարձություններին: Ըստ նրա, զեկույցում մասամբ թաքնված ձեւով, մասամբ բացահայտորեն ասվում է ոչ միայն այն, թե ինչ է կատարվել «Մարտի 1»-ին եւ դրանից հետո, այլեւ՝ թե ինչ է անհրաժեշտ անել «Մարտի 1»-ը բացահայտելու համար:
Սեմիրջյանը Համմարբերգի զեկույցը մի քանի հիմնական հատվածների բաժանեց. «Առաջինն այն արձանագրումն է, որ «Մարտի 1-2»-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի գործադրումը անհամաչափ էր: Դա ամենակարեւոր կետն է, որովհետեւ դա շեշտելը նաեւ նշանակում է, որ հետագա բոլոր գործողությունները ցուցարարների դեմ եղել են անհամաչափ: Ինքը բաց տեքստով չի ասել, բայց դա ենթադրում է, որ մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ է գործադրվել, նշանակում է՝ մարդկանց կոտորել են, տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում:
Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերն անարդյունավետ են: Հանձնակատարը բաց տեքստով չի ասում, բայց սա նշանակում է, որ 3 տարի իշխանությունը կամ չի կարողանում բացահայտել սպանությունները՝ դրան ունակ չէ, կամ ուղղակի պարտակում է դրանք:
Զեկույցի երրորդ հիմնական մասն այն է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ընտրովի:
Չորրորդ, որն էլի շատ ուշագրավ է, այն է, որ Հանձնակատարը ողջունում է նախագահ Ս. Սարգսյանի հրահանգը՝ «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ, բայցեւ ակնկալում է, որ դա վերածվի կոնկրետ քայլերի՝ մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Ասել կուզի՝  Ս. Սարգսյանի հրահանգը դեռ բավարար չէ, եւ որ ԵԽ-ն հետեւում է իրադարձությունների զարգացմանը: Պարզ է, որ այդ հրահանգներն ու հայտարարությունը ոչ միայն միջազգային հանրության, այլեւ մեզ համար արժանահավատ չեն, եւ առանց կոնկրետ քայլերի դրանք միայն ծիծաղ կարող են առաջացնել եւ մնալ սոսկ որպես հայտարարություններ»:
Իշխանությունների հետագա գործունեության համատեքստում որպես Համմարբերգի մատնանշած անհրաժեշտ քայլեր Սեմիրջյանն առանձնացրեց զեկույցի այս երկու դիտարկումը՝ մարտյան իրադարձությունների հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների հետեւանքները մեղմելու համար «լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու եւ հասարակության հաշտեցման համար», եւ «10 զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին»: Ա. Սեմիրջյանի համոզմամբ, սրանով միջազգային հանրությունը, ըստ էության, իշխանություններին դրդում է «Մարտի 1»-ի գործով  կոնկրետ եւ լուրջ՝ պատասխանատու մարդիկ ձերբակալել. «Եվ այս նույն համատեքստում է, որ զեկույցում պնդում կա, թե «մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն, ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել»:
Մեր հարցին, թե՝ գործող իշխանություններն իրենք իրենց կբացահայտե՞ն, թե՞ էլի բացահայտման իմիտացիա կլինի, Սեմիրջյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ իրենք մի քանի քավության նոխազներ կգտնեն, ու այդ առումով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը պատահական չէր: Հիմա իրենք կփորձեն իրենց կաշին փրկելու համար «Մարտի 1»-ի պատասխանատվությունը իրար վրա բարդել, ճշտել՝ ով ինչքանով է տեղյակ ու մեղավոր եղել կամ չի եղել, ու դրանով էլ կսկսվի ավազակապետության կործանումը: Այլ ելք ես չեմ տեսնում: Եթե իրենց մնա՝ ոչինչ էլ չեն բացահայտի: Քոչարյանի հայտարարությունները պատասխան են հենց Համմարբերգի զեկույցին, որովհետեւ այդ բոլոր պահանջները կատարելու դեպքում միանգամից սպանությունների կոնկրետ անուններ են տրվելու, իսկ քանի որ իշխանություններն իրենք իրենց չեն կարող մեղադրել, ուստի՝ ամեն ինչ անելու են, որ այդ կոնկրետ մարդիկ լինեն Քոչարյանի շրջապատի մարդիկ: Ես այսպիսի կոշտ եւ լուրջ մեղադրանքներ պարունակող մի երկրորդ զեկույց  չգիտեմ: Հույս ունեմ, որ երկրորդը չի էլ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել