Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՆ

Մայիս 10,2011 00:00

Ծիսական տիկնիկների մոգական ուժը

\"\"

\"\"Նուրի, Ակլատիզ, Զատկի խաթուն, Պաս պապ, Ուտիս տատ, Բոստանի խրտվիլակ, Հարսի տիկնիկ… թվարկվածները ծիսական տիկնիկներ են, որոնք շատերի համար գուցե անծանոթ են. ժամանակին հայկական տներում, գյուղական բակերում, այգիներում, հողամասերում պահվում էին տիկնիկներ, որոնցից յուրաքանչյուրը մի խորհուրդ ուներ՝ անձրեւաբեր, անձրեւ դադարեցնող, հաջողություն բերող, երեխայի ծնունդ ավետող եւ այլն:
Օրինակ՝ Նուրին մեկ այլ անունով կոչել են Անձրեւի հարս, որովհետեւ այն անձրեւաբեր խորհուրդ է ունեցել: Գյուղի երեխաները տիկնիկին պտտեցրել են գյուղով մեկ եւ նրա վրա անընդհատ ջուր լցրել, որպեսզի երկինքը գթա գյուղացուն ու փրկի երաշտից: Բացի Անձրեւի հարս լինելուց, Նուրին նաեւ բարեկենդանի խորհուրդ է ունեցել: Երբ երեխաները նրան պտտեցրել են գյուղով մեկ, տնետուն են մտել, ասել են՝ «Նուրին, Նուրին եկել է, աչք ու հուրին եկել է, յուղ տուր քսեմ պորտին, ձու տուր դնեմ ձեռքին…»: Ու այդպես մարդկանց տներից յուղ ու ձու հավաքելով՝ գյուղի երեխաները խնջույք են արել:
Ուտիս տատ տիկնիկը ժամանակը փոխանցելու խորհուրդ է ունեցել: Այդ տիկնիկը պատրաստել են երիտասարդ տղաները. քրջոտ շորերով տատիկ են գործել, ապա տարել ձորից գլորել, որ իբր դրա ժամանակը վերջացավ, ու այժմ Ակլատիզ տատի հերթն է գալիս, ինչն էլ խորհրդանշում է Մեծ պահքը:
Ներկայումս պահպանվածների թվին է դասվում Բոստանի խրտվիլակը կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Չուչելը, ինչն էլ ագռավներին քշելու համար է եղել, որ դաշտի կամ այգու բերքը չվնասեն: Չնայած այժմ հազվադեպ կհանդիպենք խրտվիլակների, բայց շատերը դեռ հավատում են, որ Չուչելը մոգական ուժ ունի:
\"\"Ժողովուրդը միշտ էլ համոզված է եղել, որ ծիսական տիկնիկներն օժտված են մոգական ուժով եւ կարող են փրկել չարից, ապահովել պտղաբերություն, հաջողություն բերել: Սակայն դրանցից նաեւ վախեցել են, ինչից ելնելով էլ տիկնիկներին կամ տափակ դեմքերով են պատրաստել, կամ դրանք աչքեր, քիթ ու բերան չեն ունեցել:
Ազգագրագետ Մանան Առաքելյանը նշում է, որ դրանք ժողովրդական հավատալիքներ են, որոնք հնուց են գալիս ու տարածված են աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ. «Տիկնիկ սարքելիս տիկնիկագործները միշտ ու մինչ օրս էլ դեմքի մի մասը պակաս են գործում, որովհետեւ ժողովրդի մեջ հավատ է եղել, որ եթե տիկնիկն ամբողջական լինի, չար հոգի կարող է մտել նրա մեջ եւ ի չարս գործել»:
Չնայած Մանանը հավատացնում է, որ դրանք ժողովրդական հավատալիքներ են եւ պետք չէ դրանց հավատալ, բայց խոսող տիկնիկների մասին լեգենդներն ու առասպելները դեռ շարունակում են հետապնդել մեզ: Օրինակ, խոսվում է, որ Փարաջանովի տուն-թանգարում կա մի տիկնիկ, որը գիշերները խոսում է, ծիծաղում, թարթում աչքերն ու լացում:
Տիկնիկագործ Կարինե Միրումյանի փոխանցմամբ, թանգարանի այդ տիկնիկը միայն գիշերներն է կենդանանում. «Տեսնող եղել է: Ասում են՝ այդ տիկնիկը, որը, ի դեպ, նստած աղջիկ է, գիշերները ծիծաղում է: Սա այն դեպքն է, որ ասում են, թե մեջը հոգի է մտել: Կարծում եմ՝ Փարաջանովից հետո մի բան մնացել է այդ տիկնիկի \"\"մեջ: Երբ Փարաջանովը ձեռք է տվել այդ տիկնիկին, ըստ իս՝ հոգու մի մասն անցել է դրան»:
Տիկնիկների կենդանանալուն Կ. Միրումյանը հավատում է. «Եթե ուզենաս՝ կխոսեն. պետք է տեսնես եւ լսես նրանց: Ես խոսում եմ նրանց հետ, ու ինձ համար նրանք բոլորն էլ կենդանի են՝ լինեն անբերան, թե անաչք»:
Տիկնիկագործներին ու ազգագրագետներին մտահոգում է ծիսական տիկնիկների հանդեպ ունեցած ժողովրդի անտարբերությունը:
Այդ կապակցությամբ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում «Արատա» երիտասարդական ակումբի եւ ազգագրագետ Մանան Առաքելյանի նախաձեռնությամբ բոլոր հայկական ծիսական տիկնիկները մեկտեղվել էին «Անձրեւի հարս» խորագիրը կրող ցուցահանդեսի ներքո, որին մասնակցում էր 45 տիկնիկագործ:
Մ. Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ինչեր ենք կորցնում եւ ինչեր մոռանում: Հեռավոր գյուղերում մինչ օրս պատրաստում են Նուրի եւ նրա միջոցով փորձում, օրինակ, անձրեւ կանչել: Երեւանում այդ էթնիկ մշակույթն ավելի դեգրադացման է գնում եւ մոռացվում: Բայց գյուղական հասարակության մեջ մի շերտ կա, որն ավանդաբար պահպանում է տիկնիկների ավանդույթը: Իհարկե, ժամանակն իր շունչը հաղորդում է այս տիկնիկներին, որոնք հիմա են պատրաստվում եւ ավանդականից մի փոքր տարբերվում: Բայց գոնե այդ տիկնիկների նպատակը նույնն է մնում: Ծիսական տիկնիկներն իսկապես մոռացության շեմին են: Օրինակ՝ ասում ես Ակլատիզ, անտարբեր հայացքով նայում են վրադ, որովհետեւ չգիտեն, թե դա ինչ է»:
Մ. Առաքելյանը կարծում է, որ Մեծ պահքը, Ամանորը կամ Սուրբ Զատիկը նշելիս մեզ ոչինչ չի խանգարի, եթե մեր տներում ունենանք խորհրդանիշ տիկնիկներ, որոնք այդ տոնի էությունն են՝ բարեբերության, հաջողության խորհրդով: «Օրինակ, Հարսի տիկնիկը նախկինում համարվել է հարսանեկան ամենակարեւոր նվեր, ավանդական հարսանիքի գլխավոր տարրն է եղել: Ես չեմ քարոզում, որ ապրենք հին օրենքներով, ավանդույթներով, բայց հնարավոր է, չէ՞, վերցնել այդ արժեքներն ու նոր շունչ հաղորդելով բերել մեր օրեր՝ առանց անտեսելու կամ մոռանալու»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել