Վրաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությունում գերազանց են հանդես գալիս Հայաստանի երեք հիմնական առաջատարները: Երկրորդ տուրից հետո նրանք իրենց անվան դիմաց միայն հաղթանակ էին գրանցել եւ տեղ էին զբաղեցնում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 16 լավագույնների ցուցակում:
Երեկ կայացած երրորդ տուրում մրցակարգով միմյանց դեմ էին դուրս եկել մեր հանրապետության ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ Էլինա Դանիելյանը խաղում էր աշխարհի ներկայիս ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի՝ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեի հետ: Մեր լիլիթները, ինչպես եւ ենթադրելի էր, ամենեւին էլ միմյանց հետ լուրջ ճակատամարտ տալուն տրամադրված չէին: Նրանք, կատարելով պահանջվող առաջին քայլերը, շատ արագ՝ արդեն 10-րդ քայլում միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղասիրական ձեռքսեղմումով:
Այլ խնդիր էր դրված սպիտակ խաղաքարերով խաղացող մեր առաջատարի՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի առջեւ: Նրա մրցակիցը Վրաստանի ներկայիս լավագույն ներկայացուցիչներից մեկն էր՝ բազմափորձ Նինո Խուրցիձեն: Հուրախություն հայ շախմատասերների, Էլինան, որ վերջին շրջանում գերազանց մրցելույթներ է ունենում, այս անգամ էլ առանձնացավ մարտական ոգով եւ առավելության հասավ իսկապես ահեղ մրցակցի նկատմամբ՝ նրան ստիպելով 60-րդ քայլում ընդունել իր պարտությունը:
Երբ այս ինֆորմացիան արդեն պատրաստ էր, երկրորդ տուրից հետո միայն հաղթանակ տոնած մյուս 15 շախմատիստուհիները դեռ շարունակում էին պայքարը: Սակայն, անկախ նրանց արդյունքներից, մեր Էլինան այսօրվա դրությամբ հաստատ Եվրոպայի 130 ուժեղագույն շախմատիստուհիների առաջատարներից մեկն է: