Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական կարգավիճակ՝ «Փարոսին»

Մայիս 10,2011 00:00

Աշխարհում տեսակի մեջ եզակի երգչախումբը նման ցանկություն ունի

\"\"
Պ. Դոմինգոն եւ Ր. Միքայէլեանը:

Ժամանակին, երբ առաջինը անդրադարձանք հիմա արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար  Սերգեյ Խաչատրյանին, մշակույթի չինովնիկներից մեկը զանգեց խմբագրություն եւ վրդովված ասաց. «Մի՞թե մշակույթում այլ երեւույթներ չկան, որ «Առավոտն» անդրադառնում է նորելուկներին…»: 2010-ին էլ, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ղեկավարելով կոնսերվատորիայի Կ. Սարաջեւի անվան սիմֆոնիկ նվագախումբը, վկայակոչելով մասնագետների խոսքը, անդրադարձանք լիբանանահայ Րաֆֆի Միքայէլեանին, դարձյալ չինովնիկներից մեկը  իր դժգոհությունը հայտնեց այդ առիթով: Տեղեկացնենք, որ Ր. Միքայէլեանը 2009թ.-ից հանդիսանում է սայլակ օգտագործող հաշմանդամների աշխարհում միակ երգչախմբի՝ «Փարոսի» գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը: Օրերս երգչախումբը պատրաստվում է մեկնել Վիեննա՝ տեղի քաղաքապետարանի հրավերով, այնուհետեւ կմասնակցի  Բրատիսլավայում կայանալիք ամենամյա հեղինակավոր «Musica Sacra» միջազգային մրցույթին: Հիշեցնենք, որ այս երգչախումբը պատիվ ունեցավ 2010-ի դեկտեմբերին կայացած երեւանյան միակ համերգին բեմ բարձրանալ աշխարհահռչակ Պլաչիդո Դոմինգոյի հետ:
Հետաքրքրությանը՝ գուցե կայանալիք հյուրախաղն ու մրցույթին մասնակցությունը առնչվում են Դոմինգոյի անվան հետ, քանի որ մրցույթին մասնակցող շուրջ 15 երգչախմբերից «Փարոսը» առանձնահատուկ է, Ր. Միքայէլեանն ասաց, որ դեռեւս անցյալ տարվա աշնանն են Վիեննայի քաղաքապետարանից ստացել հրավեր, միեւնույն ժամանակ սկսել են պատրաստվել Բրատիսլավայի մրցույթին, այնպես որ, մեծանուն երգիչն այստեղ դերակատարում չունի: Հավելեց նաեւ, որ Վիեննայում կայանալիք 3 համերգներին կներկայացնեն հիմնականում հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ՝ Կոմիտասից մինչեւ Տերտերյան, Երկանյան: Ինչ վերաբերում է մրցույթին, խմբավարը  հայտնեց, որ «Փարոսը» կմասնակցի 23 հոգանոց կազմով, մանրամասնելով. «Երկու փուլից կազմված մրցույթը  անց է կացվում վոկալ անսամբլների, մինչեւ 24 հոգանոց կամերային եւ  24-ից բարձր երգչախմբերի միջեւ: Կներկայացնենք Կոմիտաս, Եկմալյան, Ստրավինսկի, Ռոսինի, Արկադելթ, Մեխանեջյան եւ Մանսուրյան»:
Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են այս երկու ձեռնարկների աջակիցները: Պարզվեց, որ «Փարոսը» այս մասով մտահոգություն չունի, նրան հայրենիքում ձեռք են մեկնել ՀՀ  եւ ԱԺ նախագահները, մշակույթի նախարարությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Փարոս» հիմնադրամը, իսկ արտերկրում՝ Վիեննայի քաղաքապետարանն ու բրատիսլավյան մրցույթի կազմակերպիչները: Այսուհանդերձ, խմբավարը ունի մտահոգություն. «Երեւանի կոնսերվատորիան ավարտել եմ Ռուբեն Ասատրյանի դասարանը՝ իբրեւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր եւ ասպիրանտուրան՝ Իվան Վարդանյանի ղեկավարությամբ, իբրեւ խմբավար: Իհարկե, նվիրված եմ «Փարոսին» ու գիտեմ, որ 1993-ին Վաչագան Նավասարդյանի հիմնած այս երգչախումբը բարձրարվեստ կատարումներով ելույթներ է ունեցել  մարզերում, Հայաստանը ներկայացրել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ այլուր: Իմ ղեկավարությամբ «Փարոսը» հիշարժան համերգ ունեցավ նաեւ Արցախում: Սակայն իմ էությամբ  ես սիմֆո- դիրիժոր եմ… Կարծում եմ, կգա այն ժամանակը, երբ հայրենիքում ինձ կվստահեն կանգնել նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ»:
Անդրադառնալով «Փարոսին», Ր. Միքայէլեանը կարծիք հայտնեց, որ գուցե վերեւներում մտածեն աշխարհում միակ նվագախմբին պետական կարգավիճակ տալու հարցի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել