Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մայիս 10,2011 00:00

«Վերածնունդից» մինչեւ երեւանյան մենահամերգ

Մոսկվացի ճանաչված դաշնակահար Վազգեն Վարդանյանը Հայաստանում է՝ Գյումրիում մեկնարկած «Վերածնունդ» միջազգային փառատոնի կապակցությամբ: Նա այդ մրցույթի ժյուրիի անդամ է, նաեւ ելույթ է ունեցել փառատոնի շրջանակներում:
Վ. Վարդանյանն ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, վերապատրաստվել Ջուլիարդում (Նյու Յորք), որտեղ նրան տրվել է Գեղեցիկ արվեստների մագիստրոսի աստիճան: Նա աշակերտել է այնպիսի անվանի երաժիշտների, որոնց թվում են Լեւ Վլասենկոն, Դմիտրի Սախարովը, Ջերոմ Լովենտալը եւ այլք: Ունենալով հարուստ երկացանկ, որում ներառված են բոլոր դարաշրջանների արժեքավոր ու հանրահայտ գործերը, Վարդանյանը մենահամերգներով հանդես է եկել Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, այլ երկրներում, նաեւ վարպետության դասեր տվել Տարանտոյում (Իտալիա) եւ Սեուլում (Հարավային Կորեա): Ավելի վաղ նա Հարավային Կորեայում արժանացել էր առաջին մրցանակի եւ Գրան պրիի՝ որպես կատարող Սու Րիի միջազգային մրցույթում: Որպես դաշնակահար, նա բոլոր այն համերգային նախագծերի կենտրոնում է, որոնք կազմակերպվում են Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, տեղի Երաժշտության տանը եւ մյուս գլխավոր համերգասրահներում:
Վ. Վարդանյանը հանդես է եկել աշխարհի հայտնի բեմերում, որոնց թվում են Լինքոլն կենտրոնը, Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիան, Սեուլի արվեստների կենտրոնը եւ այլն:
Երաժիշտը համագործակցել է հնչեղ անունների հետ, այդ թվում՝ դիրիժորներ Վալերի Գերգիեւի ու Կոնստանտին Օրբելյանի, ալտահար Յուրի Բաշմետի, դաշնակահար Նիկոլայ Պետրովի, կոմպոզիտոր Լուկաս Ֆոսի: Հայազգի երաժիշտը մասնակցել է ամերիկյան The Festival of the Hamptons-ին եւ Benno Moiseevich Festival-ին, Արամ Խաչատրյանի եւ Գորովիցի 100-ամյակներին նվիրված փառատոներին եւ այլ միջոցառումների:
«Նյու-Յորք Թայմսը» նրան բնորոշել է որպես գերտաղանդավոր դաշնակահար, ով հրաշագործ է դառնում՝ տարրալուծվելով Բեթհովենի եւ Շոպենի մեջ, իսկ Բոստոնի, Կալիֆոռնիայի համալսարանների պրոֆեսոր Լուկաս Ֆոսը նրան անվանել է ցնցող դաշնակահար, ընդգծելով վիթխարի վիրտուոզությունը: Կարճ ասած՝ երաժշտարվեստի վարպետների ու ամենաքմահաճ երաժշտական քննադատների կողմից Վարդանյանին տրված գնահատականները բավականին շռայլ են:
«Առավոտը» փոքրիկ հեռախոսային զրույց ունեցավ նրա հետ:
Երաժիշտը պատմեց, որ հայրը ծնունդով երեւանցի է, մայրը՝ Սամարղանդից, սակայն՝ ղարաբաղյան արմատներով: Հայրը հրաշալի հոբոյահար էր, սովորել է Մոսկվայում, սակայն հանելուկային պատճառներով այդպես էլ չի արել երաժշտի կարիերա: Մայրը, որ մասնագիտությամբ բժշկուհի է, թեեւ չունի բարձրագույն երաժշտական կրթություն, բայց, Վ. Վարդանյանի ձեւակերպմամբ, երաժշտությունից հասկանում է ոչ պակաս, քան համապատասխան կրթությամբ շատ մասնագետները: Արվեստագետը շեշտում է, որ ծնողներն են միանշանակ իրեն կողմնորոշել դեպի երաժշտություն եւ մեծ դեր ունեցել երաժշտի իր ճակատագրում:
Դաշնակահարն ասաց, որ գիտակից տարիքում առաջին անգամ է Հայաստանում. նախկինում այցելել է 3 եւ 5 տարեկանում, բայց քաղած հիշողությունները գունեղ է համարում. «Այդ տարիներին հորս հետ այցելել եմ Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը՝ Գառնի, Էջմիածին…Հայրս ծանոթ էր «Արարատ» ֆուտբոլային թիմի անդամների հետ: Մինչեւ հիմա շատ լավ հիշում եմ Զանազանյանի մեքենայի համարը, մակնիշն ու գույնը… Դա նարնջագույն «Վոլգա» էր… Փոքր էի, բայց տպավորված էի երեւանցիների ջերմությամբ, միշտ երազում էի կրկին այցելել Հայաստան եւ ահա Գյումրիի «Վերածնունդը» առիթ հանդիսացավ, որ երազանքս իրականանա: Գիտեք, որ փառատոնի կազմակերպիչն է կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը, նշանակալի է, որ փառատոնն էլ անցկացվում է ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո»: Վ. Վարդանյանից տեղեկացանք, որ եղել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, աշխատել ուսանողների հետ: Նա նշեց, որ արդեն դաշնակահարների մրցույթի 4-րդ օրն է, ուրախ է, որ ինքը ժյուրիի կազմում է:
Վաղը Երեւանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա նրա մենահամերգը: Արվեստագետը շոյված է, որ այն կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Հույս ունեմ, որ սա իմ վերջին այցը չէ»,- հայտնեց նա: Մեր հարցին՝ համատեղ նախագծեր լինելո՞ւ են, դաշնակահարը հումորով պատասխանեց. «Համատեղ նախագիծը հենց ես եմ: Պիտի հանդես գամ նոր ծրագրով, խոսքը հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստի ստեղծագործությունների մասին է, ծրագիրն էլ նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 200-ամյակին: Ընտրված են այնպիսի ստեղծագործություններ, որոնք կատարող «նորեկներին» թեեւ բարդ կթվան, բայց միաժամանակ անչափ հաճելի կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել