Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը գոհ է մնացել Էրդողանի հայտարարություններից

Մայիս 10,2011 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին ելույթը Իգդիրում, որում շեշտվում էր Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար, Ադրբեջանում ջերմորեն ողջունվեց: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով թուրքական Zaman-ը:
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, այս հայտարարությունը ամրապնդում է վստահությունը երկու եղբայրական պետությունների միջեւ:
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում ելույթ ունենալով Իգդիրում, Էրդողանը անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը՝ ասելով, թե հայ – թուրքական հարաբերությունների բարելավումն այնքան կարեւոր չէ, որքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Առանց հակամարտության լուծման՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացն անհնար է, հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
«Ես պարզորոշ հայտարարում եմ եւս մեկ անգամ՝ առանց ղարաբաղյան հակամարտության փակուղին հաղթահարելու, մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն կարող վերադառնալ ճիշտ ուղի»,- ասել է Էրդողանը եւ հավելել, թե Հայաստանը պետք է հասկանա, որ եթե Ադրբեջանը սպառնալիքի տակ լինի, Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին:
Բաքվում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ջավիդ Վելիեւը Today’s Zaman-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ռեջեփ Էրդողանի այսպիսի հայտարարությունները պարզորոշ ցույց են տալիս Թուրքիայի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ եւ նպատակ ունեն հասկացնել Ադրբեջանին, որ այդ երկիրն ավելի կարեւոր է Թուրքիայի համար, քան Հայաստանը:
Պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը կարճ ժամանակով խաթարեցին թուրք – ադրբեջանական բարեկամությունը, երբ Թուրքիան ստորագրեց ցյուրիխյան արձանագրությունները 2009 թվականի հոկտեմբերին:
Zaman-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի փորձագետ Էլնուր Սոլթանովը ասել է, որ Թուրքիայի վարչապետի Իգդիրում ունեցած ելույթը ոչ միայն առաջիկա ընտրություններում քվեներ շահելու միջոց է, այլեւ արտահայտում է Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը:
Թուրքական նույն պարբերականին տված հարցազրույցում Բաքվի «Ատլաս» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն ասել է, որ Էրդողանը Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը նույնքան կարեւոր է համարում, որքան Թուրքիայի անվտանգությունը, եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելը շատ կարեւոր ուղերձ է միջազգային հանրությանը, Հայաստանին եւ Ադրբեջանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել