Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՇԱՁԵՆ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿԼՈՈՒՆԱԴԱ» Է ՈՐԱԿԵԼ

Մայիս 10,2011 00:00

\"\"Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Երկրորդ հայրենական պատերազմի 66-րդ տարեդարձի առիթով վրաց ժողովրդին ՌԴ նախագահի կողմից ուղղված շնորհավորանքը «կլոունադա» է որակել: BBC-ի մատուցմամբ, Դմիտրի Մեդվեդեւն իր շնորհավորական ուղերձում դիմելով Վրաստանի ժողովրդին՝ հայտարարել է, թե «Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել եւ կմնա վրաց ժողովրդի հետ բարիդրացիության եւ բարեկամության դարավոր ավանդույթներին»՝ հավելելով, թե «մենք ուզում ենք Վրաստանը տեսնել որպես ծաղկող եւ ազատ, իր հարեւանների հետ խաղաղ ապրող պետություն»:
ՌԴ նախագահը տոնի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել նաեւ ԱՊՀ երկրների առաջնորդներին ու 2008թ.-ին Վրաստանից միակողմանի անկախություն հռչակած եւ ՌԴ կողմից ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի նախագահներին:
«Ցավոք, այն մարդկանց թոռները, որոնք 1941-45թթ. պայքարում էին ֆաշիզմի դեմ, որդեգրել են ֆաշիզմի մեթոդներն ու 400 հազար վրացի քաղաքացիների՝ էթնիկ զտումների արդյունքում տեղահան են արել: Չեմ կարծում, թե Ռուսաստանի նախագահի շնորհավորանքները վրաց ժողովուրդը կամ որեւէ վրացի ընդունի: «Կլոունադան» սահմաններ չունի, կարող ես ծաղրածու լինել այն տեսքով, որը կկամենաս»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը Թբիլիսիում Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո: Ի դեպ, երեկ այդ արարողությանը մասնակցել է վրաց դիվանագիտական ողջ կորպուսը, նաեւ այդ երկրում հավատարմագրված դեսպանները: Արարողությանը ներկա չի եղել ՌԴ ներկայացուցիչը, ինչը, Վաշաձեի դիտարկմամբ, «պատահական չէր»:
Վրաստանի ԱԳ նախարարը, այդուհանդերձ, ինքն էլ շնորհավորել է ռուս եւ մյուս ժողովուրդներին՝ Հաղթանակի օրվա առիթով, հայտարարելով, որ երբ Ռուսաստանը լինի «ժողովրդավարական ու նորմալ երկիր», վրաց եւ ռուս ժողովուրդները «մի անգամ էլ միասին կնշեն իրենց հաղթանակը ֆաշիզմի դեմ»:
Ի դեպ, Վրաստանի ղեկավարությունը հայտարարել է, թե մտադիր է հասարակական քննարկումներ ծավալել Հաղթանակի օրը մայիսի 8-ի՞ն, թե՞ 9-ին տոնելու առնչությամբ: Նախօրեին ԱԳ նախարար Վաշաձեն հանդես է եկել Հաղթանակի օրը Վրաստանում մայիսի 8-ին՝ «քաղաքակիրթ աշխարհի հետ միասին» նշելու նախաձեռնությամբ, քանի որ 1945-ին պատմականորեն հենց մայիսի 8-ին է հայտարարվել ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել