Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԱՍՆ» ՈՒ ՀԱՅԵՐԸ

Մայիս 10,2011 00:00

Թուրքիայի միակ հայկական «Արաս» հրատարակչությունը շարունակում է գրատպության ավանդույթները

\"\"

Ստամբուլի «Իստիկլալ» պողոտայի Հիդիվյալ Փալասի ներքնահարկում է գտնվում Թուրքիայի միակ հայկական «Արաս» հրատարակչությունը: Ընդամենը 5 աշխատակցից բաղկացած այս հրատարակչության առաքելությունն է շարունակել Թուրքիայում խոր արմատներ ունեցող հայ հրատարակչական ավանդույթը եւ այլազգի ընթերցողին ծանոթացնել հայ գրականության էջերին: «Արասը», որն իր գործունեությունը սկսել է 1993 թվականից եւ ստեղծման օրից շուրջ 120 անուն գիրք է հրատարակել, յուրահատուկ պատուհան է դեպի հայ գրականություն: «Թուրքիայում հայկական գրականության մասին մինչեւ 1993-ը ոչ ոք ոչինչ չգիտեր: Հրատարակչության հիմնումից հետո թե՛ հայերենին չտիրապետող հայերի, թե՛ թուրքերի կողմից մեծ հետաքրքրություն առաջացավ հայ գրականության նկատմամբ, քանի որ մարդիկ թուրքերենով էլ սկսեցին ծանոթանալ հայերին, նրանց պատմությանն ու մշակույթին»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց հրատարակչության տնօրեն Փայլինե Թովմասյանը: Հրատարակչությունը տարեկան հազիվ վեց-յոթ գիրք է հասցնում տպագրել: «Արասի» հրատարակած առաջին գիրքը եղել է Մկրտիչ Մարկոսյանի «Մեր այդ կողմերը» պատմվածքը, որը նախքան հրատարակչության հիմնումը՝ տպագրվել էր «Մարմարա» օրաթերթում: Գրքի թուրքերեն տարբերակը՝ «Գյավուր Մահալլեսին» մեծ արձագանք ունեցավ եւ մինչ այսօր թուրք ընթերցողի կողմից պահանջված է ու արդեն տասներորդ թուրքերեն հրատարակությունն է ունենում: Այժմ «Արասի» աշխատակիցներն աշխատում են ֆրանսիացի պատմագետ Ռենե Գուրուսեի հայոց պատմությունը ներկայացնող գրքի թուրքերեն թարգմանության վրա: Մոտ օրերս արդեն պատրաստ կլինի Արշիլ Գորկու գիրքը, որը տպագրության է պատրաստել Նուրիցա Մաթոսյանը: Վերջինս մայիսի 28-ին կլինի Ստամբուլում, գրքի շնորհանդեսից զատ թուրք հանդիսատեսին կներկայացնի նաեւ Արշիլ Գորկուն նվիրված իր բեմադրությունը:
Փ. Թովմասյանի փոխանցմամբ, որպես հայկական հրատարակչություն, «Արասի» դժվարությունները չեն տաբերվում թուրքական հրատարակչությունների դժվարություններից, ավելին՝ ինչպես տնօրենն է փաստում, գրքի տոնավաճառների ժամանակ Թուրքիայի մշակույթի նախարարն «Արասի» տաղավար է այցելում ու շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար: Այս շաբաթ «Արասի» աշխատակազմը մեկնելու է Տիգրանակերտ եւ առանձին տաղավարով թուրքական հրատարակչությունների կողքին մասնակցելու գրքի տոնավաճառին: Մարալ Աքթոքմաքյանն արդեն չորրորդ տարին թարգմանիչ է աշխատում հրատակչությունում: Ստամբուլի Բողազիչիի համալսարանում անգլերեն գրականություն է ուսումնասիրել, այժմ էլ դոկտորական ատենախոսությունն է պատրաստվում պաշտպանել նույն համալսարանում: Նրա փոխանցմամբ, 2007 թվականից Բողազիչիի համալսարանում գործում է օտար լեզուների ամբիոնը, որտեղ նաեւ հայերեն դասընթացներ են անցկացվում: Նրա խոսքով, հայերեն դասերի նկատմամբ համալսարանում հետաքրքրությունը մեծ է նաեւ թուրքերի կողմից: «Բողազիչին առաջադիմական համալսարաններից մեկն է, համալսարանի դասախոսները, որոնցից միայն մեկն է հայ, ինձ միշտ քաջալերում են, որ թեզս հայկական թեմայով պաշտպանեմ: Նման քաջալերություն չես տեսնի Թուրքիայի մնացած համալսարաններում»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Մարալը: Ավելի ուշ հավելում է, որ հայն իր մշակույթով, գիտելիքով պետք է ներկայանա աշխարհին: Մեր զրուցակիցն ասում է, որ մոտ քսան տարի առաջ հայ լինելու առումով վախ ունենալը բնական կարող էր լինել, բայց Հրանտ Դինքի մահից հետո շատ բան է փոխվել. «Դինքի մահից հետո տգետ հասարակությունը հայ բառի հետ ծանոթ եղավ, որովհետեւ այդ բառը, մինչ այդ, որպես հայհոյանք էր հնչում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել