Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայիս 10,2011 00:00

Լրացավ հայազգի անվանի թատերագետ-դրամատուրգ եւ նաեւ անվանի  դերասան Մելիք Քոչարյանի ծննդյան 100-ամյակը։ Մի տարելից, որ արժանի է ոչ միայն ուշադրության ու գնահատանքի, այլ նաեւ պարտավորանքի, քանզի այնքան բազմաբնույթ ու բովանդակալից է եղել նրա եւ՛ կյանքը, եւ՛ գործունեությունը, որ հազիվ թե հնարավոր լինի՝ այն էլ մեկ-երկու էջում եւ՛ թվարկել, եւ՛ արժանավորել նրա  ողջ գործունեությունը։ Հենց միայն այն, որ նա հեղինակ է ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի տասնյակ պիեսների եւ առնվազն նույնքան էլ տպագիր հոդվածների ու հրապարակումների, բավական են, որ նա դասվի մեր ամենաանվանի մտավորականների շարքին: Անկարելի էր առնչվել նրա հետ եւ չզգալ, որ նա օժտված է նաեւ հայ մարդուն բնորոշ ահա թե ինչ բարեմասնություններով։ Մենք էլ համագյուղացիներ էինք եւ վերջին երկու երեք տասնյակ տարիներում  մայրաքաղաքում բնակվելուց հետո, ծննդավայրներիս էլ կողք-կողքի  բնակվեցինք որպես «դաչնիկներ»։ Պետք էր տեսնել, թե ինչպես էր նա օգնում եւ օգտակար լինում հենց թեկուզ ինձ՝ այն էլ ոչ միայն առանց որեւէ ակնկալիքի, այլ նաեւ, ըստ իս՝ դեմ լինելով նման պահվածքի։ Այս էլ ասեմ, որ առանց այս ամենի, նա ոչ միայն նկատեց, այլ նաեւ զգաց, որ ինքս էլ իր հանդեպ նույն պահվածքն ունեմ՝ մանավանդ մեր գյուղի ամառանոցում, երբ մենք  ոչ միայն հարեւաններ էինք, այլ նաեւ գրեթե եղբայրներ։
Ահա թե ինչու հենց հիմա էլ ոչ թե ուրիշ որեւէ մեկն է գրիչը ձեռք առել իր խոսքն ասելու, այլ, ինչպես նկատում եք՝ Ձեր էլ խոնարհ ծառան, որ ոչ միայն սովորել, այլ նաեւ ընդօրինակել է հանգուցյալին եւ հազիվ միայն այժմ էլ իրավունք ձեռք բերել արժանավորինս գնահատելու՝ ճիշտ 10 տարով իրենից ավագ գործընկերոջը, հայ ազգի էլ ոչ միայն արժանավոր դերասան-դրամատուրգին, այլեւ մեր մշակույթի  եզակի ներկայացուցչին, որի հետ էլ ամառանոցում կողք-կողքի բնակվել ենք գրեթե քառորդ դար։
Հազա՜ր, հազա՜ր օղորմի քեզ, Մելիք Քոչարյան…

ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆ
բանասիրական գիտությունների դոկտոր
Հայաստանի գրողների միության անդամ
Հայ աշուղների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել