Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՏԱՇԵՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 10,2011 00:00

Մայիսի 1-7-ը պատմական Հայաստանի Գարդման գավառի Գետաշեն բնակավայրի հայաթափման 20-րդ տարելիցն է

Գետաշենի անառիկության, նրա բնակիչների անկոտրում կամքի ու ոգու մասին բազմիցս է գրվել: Իր գոյության ողջ պատմության ընթացքում ոչ մի տեսակի թշնամի չի կարողացել գրավել այդ բնակավայրը: Ուշագրավ է, որ 1769 թվականին Գետաշենի իր նստավայրում գտնվող մելիք Հովսեփին հյուր եկած Հովսեփ Էմինը զարմանում է, թե ինչպես Գետաշենի վրա հանկարծակի հարձակված Շահվերդի խանի 4500 հոգանոց զորքի դեմ մի ամբողջ օր կռվել է 40 գետաշենցի ու փրկել շենը: Չեն հանձնվել, տեղի չեն տվել ու երբեք տեղի չէին տա, եթե չմիջամտեր մեր խորհրդային կայսրության բանակը:
Երբ 91-ի գարնանը ազերիները, բազմաթիվ փորձերից հետո, չեն կարողանում հայաթափել Գետաշենը եւ շրջակա գյուղերը, ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովի հրամանով արգելվում են դեպի Գետաշեն աշխարհի հետ ունեցած միակ կապն իրականացնող ուղղաթիռների թռիչքները: Բազմաթիվ նամակներ ու հեռագրեր են ուղարկվում Գորբաչովին, ՆԳՆ-ին, ՊԱԿ-ին՝ նպատակ ունենալով կանխել այդ հրամանը: «Գետաշեն» հայրենակցական միության վարչության նախագահ Բ. Սիսյանը վարչության 4 անդամների հետ մեկնում է Մոսկվա եւ ԽՍՀՄ պատգամավոր, ծնունդով մարտունաշենցի գեներալ-մայոր Վ. Մարտիրոսյանին հանձնում թռիչքների թույլատրման մասին նամակ-դիմումը: Մի քանի օր անց ստացվում է Մարտիրոսյանին ուղղված Յազովի 205/45 հրամանի պատճենը՝ միայն «սանիտարական» թռիչքները թույլատրելու մասին: Կարճ ժամանակ անց Յազովը, ԽՍՀՄ ներքին գործերի մինիստր Բակարինը ժամանում են Գետաշենի Տիզատեղ կոչվող վայրը, որը հարմարեցված էր ուղղաթիռների վայրէջքի համար: Պաշտպանության մինիստրը դիմում է ժողովրդին՝ բացատրելով, որ արգելումը կապված է տարածքի առանձնահատկությունների հետ, ուղղաթիռների վայրէջքի համար տարածքը պետք է լինի ասֆալտապատված ու ցանկապատված: Երբ Յազովն ասում է՝ «ես կզեկուցեմ Միխայիլ Սերգեիչին, որ եղել եմ Չայքենդում», գյուղացիները միաբերան գոչում են. «Գետաշենո՛ւմ, Գետաշենո՛ւմ, ոչ թե Չայքենդում» (չայ ադրբեջաներեն նշանակում է գետ, քենդ՝ գյուղ, շեն): 1991-ի ապրիլից իրավիճակը ծայրահեղ բարդանում է:
Գետաշենից Երեւան ուղարկվում է տագնապալի հաղորդագրություն.
«ՀՀ ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին,
Հատուկ ծրագրերի իրագործման պետկոմիտեի նախագահ Գ. Հարությունյանին,
Գերագույն խորհրդի «Արցախի մշտական հանձնաժողովի» նախագահ Ս. Բաղդասարյանին, «Արմենպրեսին»
Գետաշենում դրությունը ծայրահեղ լարված է: Ժողովուրդը ղեկավարությանը չի ենթարկվում: Տիրում է անիշխանություն: 10 օրվա ընթացքում Գետաշենի եւ Մարտունաշենի վրա ավելի շատ պետական հրազենով փամփուշտ է արձակվել, քան 3 տարում Ղարաբաղում եւ այժմ Ցխենվալիում: Ինձ արգելված է դուրս գալ Գետաշենից: Պահանջվում է կառավարական միջամտություն: Դրված է Գետաշենի եւ Մարտունաշենի լինել-չլինելու հարցը: Գետաշենի եւ Մարտունաշենի կորուստը ամբողջ Արցախ աշխարհի կորուստն է: Եթե այդ եղեռնը կատարվի, պատասխանատվությունը ընկնում եւ ծանրանում է Ձեր խղճին: Պատմությունը Ձեզ չի ների:
«Գետաշեն» հայրենակցականի նախագահ՝ Բ. Սիսյան
28 ապրիլի 1991թ., Գետաշեն
Նույն ժամանակահատվածում տեղի է ունենում Զորի Բալայանի հեռախոսազրույցը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովի հետ.
-Դուք գիտե՞ք, արդյոք, որ հրաման է տրված հայերին տեղահանել Գետաշենից:
-Դուք խոսո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ,-հարցին հարցով է պատասխանում Կրյուչկովը:
-Դուք հո չե՞ք ակնարկում, թե Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը պայքարում է հայերին հարազատ բնակավայրերից տեղահանելու համար:
-Ես ընդամենը հարցրի Ձեզ՝ Դուք խոսո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Եվ ոչ ավելին, ընդ որում, խնդրեցի չմեկնաբանել: (Բալայան Զ., «Դժոխք եւ դրախտ», Եր.,1995, էջ 70):
Ապրիլի 29-ին սկսվում է Գետաշենի վրա ուղիղ գրոհը: Անբավարար էր ռազմամթերքը. ընդամենը 1 գնդացիր, 4-5 ավտոմատ, 150 որսորդական հրացան, ինքնաշեն նռնակներ: Զենք կարող էր վերցնել ընդամենը 200 մարդ: Ռազմական տեխնիկային դիմակայելու համար դա ոչինչ էր: Ապրիլի 30-ին ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Թաթուլ Կրպեյանը դիմում է հուսահատ քայլի. արագորեն մագլցում է գյուղամիջում գտնվող զրահամեքենայի վրա, կանգնում բաց անցքի վրա, մի ձեռքով պահելով նռնակը, իսկ մյուսով բռնելով գնդապետ Մաշկովի օձիքը՝ բղավում է. «Եթե չհանձնվեք եւ զորքերը դուրս չբերեք գյուղից, կպայթեցնեմ»: Մյուս պաշտպանները 14 զինվորի պատանդ են վերցնում: Մաշկովի մոտ բանակցությունների գնալիս՝ վերջինիս նշանով թիկունքից կրակում են Թաթուլին, նրա զինակիցներ Հրաչին (Զարզանդ), Արթուրին: Մարտի արդյունքում գետաշենցիները առգրավում են «Կոլցո» կոչվող գործողության կոդավորված պլանը, որը հետագայում տարածվում է լրատվամիջոցներով: Մայիսի 1-ին իրադրությունը վերահսկվում է միայն հետ վերցված 14 պատանդների շնորհիվ: Նրանց փոխանակում են 27 հայ գերիների հետ, որոնք խոշտանգվել էին: Վիրավորներ են բերվում նաեւ Մարտունաշենից, որտեղ զոհվում է նաեւ քաջարի ազատամարտիկ Սիմոն Աչիքգյոզյանը (Դեդ): Մայիսի 3-ին, տեսնելով, որ պատանդների ետ ստանալուց հետո ավելի են ուժեղանում ճնշումները, գյուղի բնակիչները ստիպված են լինում համաձայնել լքելու գյուղը: Գետաշենի ռադիոկապից հղվում է վերջին հուսահատ ռադիոգիրը.
«Խորհրդային բանակը ոչնչացնում է մեզ՝ խորհրդային քաղաքացիներիս: Մեզ վրա կրակում են թնդանոթներից, գնդացիրներից, ավտոմատներից: Տանկերով տրորում են մեզ՝ մեր իսկ բակերում: Ադրբեջանական օմօնականները երեխաներին, կանանց, ծերունիներին պատանդ են վերցնում եւ խոշտանգում»
3 մայիսի 1991թ.
Ստիպված համաձայնություն է տրվում թողնել գյուղը, որին հետեւում է ԽՍՀՄ ներքին զորքերի նախարարի հրամանը՝ մայիսի 3-ից 6-ը հնարավորություն տալ կանանց, երեխաներին ու ծերերին տեղափոխելու Ստեփանակերտ: Մայիսի 7-ին մոտ 2000 մարդ ռազմական ուղղաթիռներով տեղափոխվում է, իսկ 700 տղամարդկանց ռուսները ավտոբուսով տեղափոխում են Իջեւան: Գետաշենի բռնագաղթն ավարտվում է 1991-ի մայիսի 7-ին: 7 օր շարունակ ԽՍՀՄ զինվորները եւ ազերի օմօնականները ստիպում են անզեն բնակչությանը ծնկաչոք սպասել ուղղաթիռների ժամանմանը: Այն, որ Գետաշենի եւ Մարտունաշենի զավթումը պետականորեն կազմակերպված ահաբեկչական գործողություն էր՝ հաստատում են նաեւ ռուս առաջադեմ մտավորականներ եւ գործիչներ: Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» («Կրիկ») կոմիտեի ընդունած դիմումում, որն ուղղված էր Ռուսաստանի խորհրդարանի անդամներին, ասվում է.
«Կոմիտեն պահանջում է, որ Կենտրոնը դադարեցնի անազնիվ խաղը եւ անհապաղ հրաժարվի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի օգտին կանոնավոր բանակն օգտագործելուց: Ձեռնարկվող ահաբեկչության անմիջական պատասխանատվությունը կրում է Կենտրոնը: Եթե նմանօրինակ գործելակերպը չդադարեցվի, Կոմիտեն կենտրոնի գործողությունները կգնահատի որպես չհայտարարված պատերազմ հայ ժողովրդի դեմ»:
17 մայիսի 1991թ., «Արմենպրես»
Նույն կոմիտեի անդամ, նշանավոր գրող Ի. Բուրկովան «Բոլորին, ում խիղճը դեռ ողջ է» բողոք-հոդվածում կոչ է անում ոտքի հանել բոլորին, վերջ դնել հայերի դեմ կատարվող սպանդին: Նա մարդկության թշնամիներ է հայտարարում ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովին, ներքին գործերի նախարար Պոգոդինին:
Նույն ժամանակահատվածում եղավ նաեւ ԱՄՆ Սենատի որոշումը.
Նկատի ունենալով, որ խորհրդային եւ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով միջազգայնորեն ճանաչված չափանիշները, ավերել են հայկական գյուղերը եւ տեղահանել են ԼՂ-ի եւ շրջակայքի հայ բնակչությանը՝
1.Դատապարտել ԼՂ-ում, նրա շրջակայքի հայկական բնակավայրերում եւ Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների վրա հարձակումները:
2.Դատապարտել զինվորական ուժի լայնածավալ գործողությունները:
3.Կոչ անել վերջ դնելու շրջափակումների եւ ուժի գործածության այլ ձեւերին, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ ահաբեկումներին: Կոչ անել, որ այդ նպատակով ուղարկված խորհրդային զորքերը ետ քաշվեն:
17 մայիսի 1991թ. ԱՄՆ Սենատի որոշումից

Հոդվածագիրն իր շնորհակալությունն է հայտնում «Գետաշեն» պատմաաշխարհագրական գրքի հեղինակներ Բ. Սիսյանին եւ Ռ. Չիլինգարյանին՝ փաստագրական նյութերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել