Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին ու ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ ցանկանում է պարզել, թե կոմբինատի Արծվանիկի թափոնավայրը ունի՞ անձնագիր, վտանգավորության ո՞ր դասակարգին է պատկանում, թափոնավայրում պահպանվո՞ւմ են ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 20-ի N 1026 Ն որոշման՝ հողի բերրի շերտի հանման նորմերը եւ այլն:
Կոմբինատից պատասխանել են, որ թափոնավայրը ոչ վտանգավորներից է ու սրանց համար անձնագիր չի պահանջվում: Նաեւ հավելել են, որ հողի բերրի շերտի հանման աշխատանքները իրականացնում է այլ կազմակերպություն, իրենք եւ համայնքապետարանը հսկում են:
Իսկ ահա բնապահպանության նախարարությունը չի պատասխանել հ/կ հարցմանը ու այս առթիվ հ/կ-ն հայտարարում է. «Մեր համոզմունքը նախարարության անգործության վերաբերյալ ավելի է խորանում: Իսկ կոմբինատի պատասխանը ուղղակի ստիպում է մեզ դիմել ԶՊՄԿ-ի սեփականատերերին, մասնավորապես՝ ամենամեծ բաժնետեր գերմանական «Քրոնոմետ» ընկերությանը, պահանջելով վերջ դնել բարբարոսական վերաբերմունքին հասարակ ժողովրդի եւ բնության նկատմամբ»: