Վանաձորի «Տարոն 4» ծայրամասային թաղամասի բնակիչներն այսուհետեւ մարդու իրավունքների անվամբ այգի կունենան:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության եւ ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Քեթրին Լեսթինայի նախաձեռնության նպատակն է բնակիչների շրջանում տարածել մարդու իրավունքների գաղափարները:
«Սա նաեւ միջոց է՝ իրազեկելու մարդկանց իրենց իրավունքների մասին»,- ասում է իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը:
Վանաձորի քաղաքապետարանը 4.500 քմ մակերեսով տարածքը անվարձահատույց օգտագործման է տվել իրավապաշտպան կազմակերպությանը, «Հայանտառն» էլ մշտադալար ծառերի շուրջ 40 տնկի է հատկացրել:
Վանաձորի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվության կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանի կարծիքով՝ կազմակերպված ծառատունկը ոչ միայն նպաստում է հասարակության անդամների կողմից բնական միջավայրի դերի բարձրացմանը, այլեւ մարդիկ սովորում են համայնքի համար բարի գործ անել: «Եթե մարդիկ սկսեն ծառ տնկելով զբաղվել, ապա անտառ կտրելու ժամանակ էլ չեն ունենա»,- ասում է Բոջուկյանը:
Վանաձորցի 60-ամյա Համեստ Առաքելյանը թոռնիկի հետ եկել էր այգի՝ իր բաժին ծառը տնկելու: Նա ասում է, որ հետագայում եւս կխնամի այգին, թույլ չի տա, որ իր իրավունքները ոտնահարեն.«Ես իրավունք ունեմ այգում հանգստանալու, ցանկացած ժամանակ ծառ տնկելու, բայց առավել եւս ես իրավունք ունեմ յուրաքանչյուրին կարգի հրավիրելու՝ ամեն մի թուփը կտրելու համար»:
Ըստ նրա՝ ծառերը բնության թոքերն են, ցանկացած մարդ պարտավոր է ամեն մի կանաչի, ամեն մի թփի համար ուրախանալ:
Ծառատունկի մասնակից 75-ամյա Ռաֆիկ Մալխասյանն էլ հավելում է, որ յուրաքանչյուրը պետք է մտածի շրջակա միջավայրի պաշտպանության մասին: Ինքը կգնա եւ կամավոր անտառի դատարկ փեշին ծառ կտնկի: «Այսօր կանաչապատ տարածքներ քիչ կան: Անտառներն ո՞ւր են, քաչալացրին սաղ: Թող «Հայանտառը» կազմակերպի, մենք էլ գնանք, սարերի լանջերին ծառ տնկենք»,- ծառահատ անտառի կողմն է ցույց տալիս վանաձորցին:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը փաստում է, որ, ի տարբերություն այլ քաղաքների, վանաձորցիների շրջանում նկատվում է իրավունքի պաշտպանության մասին տեղեկատվության բարձր մակարդակ:
Իսկ փաստաբան Կարեն Թումանյանն էլ, ով եւս մասնակցում էր ծառատունկին, մարդու իրավունքների պաշտպանությունը ամբողջական գործընթաց է համարում, որտեղ ներգրավված են թե իրավապաշտպան կառույցները, թե փաստաբանները եւ թե լրագրողներն ու հանրությունը: «Մարդու իրավունքների պաշտպանությունը 1 անձով կամ մեկ կազմակերպությամբ չէ պայմանավորված»,-ասում է նա:
Նշենք, որ թաղամասը մինչ օրս այգի չուներ: