Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ

Մայիս 10,2011 00:00

Հայրենական մեծ պատերազմի մասնակցի հուշերը տպագրվում են առաջին անգամ

\"\"1945թ. մայիսի 1-ը տոնելու ենք Ալթդամում, եղանակը եւս իր ուրախ դեմքով մեզ ընկերացել է: Բացօթյա, մեծ, ճոխ սեղան է պատրաստված բոլորիս համար: Նվագը, որը մեզնից անբաժան է եղել առաջին օրվանից, բաց է արել մայիսի 1-ի տոնակատարության հանդեսը: Բոլոր եղբայրներով հավաքվել ենք սեղանի շուրջ՝ գետնին, որպես Նոյ նահապետի թոռներ: Գարունը, մանդոլինը, բալալայկան, երգերը թնդացնում են օդը: Ով կարող էր երեւակայել, որ մենք 1945թ. մայիսի 1-ը պետք է տոնեինք այստեղ, այսպես, եթե մեզ ֆաշիստները չստիպեին: Դեռ նոր էինք սկսել մեր տոնախմբության ուրախությունը, երբ հանկարծ հրաման է ստացվում՝ իսկույն մեկնել Բեռլին: Մի ակնթարթում թողնում ենք սեղանը նույնությամբ իր տեղում եւ վեր ենք կենում: Մարդ չկա մեջտեղում. ամեն մարդ իր տեղում է՝ կազմ ու պատրաստ: Մեր թնդանոթների պաշարները՝ ռումբի արկղերը բարձած ավտոները եւ թնդանոթները ավտոներին միացրած, բոլորս նստած ռումբի արկղերի վրա, պատրաստ ենք: Վաշտի հրամանատարը, նստելով վարորդի կողքին, դուռը փակում է: Մեքենան շարժվում է, բոլորն էլ ճանապարհ են ընկնում: Երեք րոպեից ոչ մի մարդ չմնաց: Ամբողջ ճանապարհով շարժվում է շարասյունը, ժամ առաջ հասնելու Բեռլին: Սլաքը ցույց է տալիս Բեռլինի հեռավորությունը՝ 167 կմ, որը րոպե առ րոպե ձյան պես հալչում է, փոքրանում: Ֆաշիստները թեւերին սպիտակ շորեր կապած՝ \"\"թողած հրացանները, ձեռքները վեր բարձրացրած՝ հանձնվում են: Ահա եւ գերիների շարանն անցնում է մեր կողքով, ավելի ճիշտ՝ մենք ենք անցնում նրանց կողքով: Մի խմբին հաջորդում է մյուս խումբը: Ոչ մի արգելք եւ ոչ մի դիմադրություն չկա մեր ճանապարհին: Զգում ենք պատերազմի մոտալուտ վախճանը: Զինվորների երգը թնդում է՝ տարածվելով ամբողջ անտառով մեկ: Ամեն վաշտ իր երգն է երգում, որոնք օդում իրար ձուլվելով՝ մի նոր սիմֆոնիա են ստեղծում, երգն էլ մեզ հետ՝ շարժվում ենք դեպի Բեռլին: Անվերջ տեսնում ենք գերիների, որոնք առանձին հսկողությամբ, ոտքով առաջ են շարժվում: Մեր ավտոները նրանց թողնում են հետեւում՝ առաջ անցնելով: Ֆաշիստական ոչ մի կործանիչ, ոչ մի տանկ մեզ չի դիմադրում այլեւս, բոլորն էլ գրողի ծոցն են մտել: Մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, ոչ ոք չի կարող այլեւս մեզ կասեցնել, մեր բանակը անպարտելի է: Գազանն իր վերջին հոգեվարքի խռխռոցն է արձակում անտառի խորքի թաքստոցից՝ հեռաձիգ թնդանոթից 10-15 րոպեն մեկ կրակելով աջ ու ձախ: Ռումբերը մեր գլխի վրայով թռչում, գնում են հեռու, անտառի մեջ պայթում: Երեւում է, որ նրանց ռումբերի պաշարը վերջանում է, կրակում են խնայողաբար՝ կրակած լինելու համար, Ֆյուրերի հրամանը կատարած լինելու համար: Եվս մի կրակոց, եւ ռումբն անցնելով մեր գլխի վրայով, նորից հեռվում պայթում է: Տասը րոպե անց եւս մի կրակոց, մենք անտարբեր շարժվում ենք: Ոչ վերջն է երեւում, ոչ սկիզբը: Այս անգամ ռումբը սուրալով թռչում է նախորդ արձակվածի ուղղությամբ, գնում է հեռու անտառի մեջ պայթում, որի ձայնը նույնպես լսվում է: Երգը երբեք չի դադարում: Մի ռումբին հաջորդում է մյուս ռումբի երգը: Դեռ մի րոպեից ավելի էր անցել վերջին կրակոցից: Կրակոց, գուցե դա երդվյալ ֆաշիստի վերջին ռումբն էր, որ կրակեց: Մեր ականջները սպասում են նրա թռիչքի ուղղությանը եւ պայթելուն: Ռումբը գալիս է օդի միջով ուղիղ մեր կողմը: Այն պայթում է վարորդի կողքին նստած մեր սիրելի հրամանատարի մեջքին: Ավտոյի առջեւի մասը իսկույն ցրիվ է գալիս օդում, վարորդին շպրտում մոտ 20 քայլ հեռու, իսկ մեր թանկագին եղբոր մարմինը ցրիվ է լինում օդի մեջ: Մենք՝ վաշտի բոլոր անդամներս, որ նստած էինք ավտոյի մեջ, ռումբի արկղերի վրա, պայթած ռումբից չէինք տուժել: Ամբողջ շարասյունը մեկ րոպե կանգ է առնում: Վարորդը ողջ էր, թեեւ ստացել էր վնասվածքներ: Վազում-գտնում ենք մեր սիրելի հրամանատարի մարմնի մասերը, ճանապարհի եզրին մի փոս ենք փորում եւ հրացանի զարկերի ներքո թաղում ենք՝ վրան մի հուշատախտակ ամրացնելով: Նրա անմոռանալի կերպարը մեր սրտերում վառ պահած, հրաժեշտ տալով, ստիպված ենք շարունակել մեր ճանապարհը…
Սլաքը ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք Բեռլինի մատույցներում: Ճակատի ամեն կողմից հասել, շրջապատել են Բեռլինը, տեղ ու դադար չկա: Բեռլինի շրջապատը փոքր է գալիս մեր տան անդամներին, որոնք բոլորը հավաքվել են: Ամեն չափ ու տեսակի թնդանոթներ, տանկեր, մեր սիրելի «Կատյուշաները», հետեւակը, մասնագիտական զորամասերը, բոլորն էլ եկել էին իրենց մասնակցությունն ունենալու ֆաշիստական վիշապի ջախջախման սրբազան գործին: Վերջապես հայտնվում ենք Բեռլինից 29 կմ հեռավորության վրա, անտառում: Այստեղ այլեւս թշնամու ոչ մի կակոց չի լսվում: Մեր զինվորների առաջապահները Բեռլինում փողոցային մարտեր են մղում, երդվյալ ֆաշիստները թափում են իրենց վերջին թույնը, ավելացնելով անմեղ զոհերի թիվը:
Մեր գնդին հրաման է տրվում շարժվել դեպի Բեռլին: Մինչ այդ պտտվել էինք Բեռլինի շուրջը միայն: Մեր ամբողջ ճանապարհը ծածկված էր զենքով, թշնամու տեխնիկայով, ասեղ գցելու տեղ չկա, թնդանոթի փողերը ուղղված են իրար վրա:
Մայիսի 9-ն է. ոչ քուն, ոչ հոգնություն, ոչ էլ դադար ունեինք, ասես հարսանիքի մեջ էինք, խաղաղությունն է ծնվելու: Մայիսի 9-ի իրիկվա դեմ կանգնել եմ հերթապահ, հրացանը ձեռքիս, գետնին կա դրված մեկ արկղ փամփուշտ: Ակամայից մտքումս երդվում եմ. ախ, ինչպիսի հանդիպում կլինի կայարանում պատերազմի ավարտին: Պատկերացնում եմ պատերազմի ավարտը, կայարանները, վերադարձող զինվորներին: Մութը տարածվել է չորս կողմը: Հանկարծ նկատում եմ մեկին, որը վազելով իմ կողմն է գալիս: Չեմ կարող որոշել, թե ով է եկողը եւ ինչու է այդպես վազում: Հրացանս ուղղում եմ վազողի կողմը եւ գոռում՝ կանգնիր, կկրակեմ:
– Կարապետյան,- գոռում է մեր նոր հրամանատարը,- Վանյա, պատերազմը վերջացավ, արի սալյուտ տանք:
Ամեն կողմից լսվում են հրացանազարկեր, մենք վերջին անգամ կրակում ենք օդի մեջ: Հաղթանակն ապահովված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել