Երեկ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 2-րդ խմբի հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքը 2 նոր բնակարան նվեր ստացավ Երեւանի քաղաքապետարանից: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանների բանալիներն անձամբ հանձնել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ շնորհավորել Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրը. «Թող ձեր երեխաները ապրեն խաղաղ պայմաններում եւ դառնան մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներ: Մենք բոլորս պարտական ենք ձեզ՝ Արցախյան եւ Հայրենական պատերազմների մասնակիցներին: Այդ պարտքը նման է ծնողի նկատմամբ ունեցած երեխայի պարտքին, որը հնարավոր չէ մարել»: Բացի բնակարաններից, քաղաքապետը նվիրել է նաեւ կենցաղային տեխնիկա, Գ. Հովհաննիսյանի երեխաները նույնպես նվերներ են ստացել: Բազմազավակ հայրը երդվել է, որ 12 տղա պետք է ունենա՝ ի հիշատակ զոհված 12 ընկերների: Առայժմ ունի 11 երեխա՝ 7 տղա եւ 4 աղջիկ, սակայն, ինչպես ինքն է վստահեցնում՝ ամեն ինչ առջեւում է:
Նշենք, որ ազատամարտիկը այս տարվա մարտին՝ բնակարան ստանալու խնդրանքով դիմել էր պաշտպանության նախարարությանը: