Հակառակ դեպքում բնակիչները պատրաստ են բողոքի մեծ ակցիաներ անել ու բոլորին պատմել,
թե իրավապահներն ինչպես են պաշտպանում «տոկոսչիներին»:
Այս օրերին հարյուրավոր բնակիչներ շունչները պահած սպասում են, թե ինչպես է լուծվելու իրենց բնակարանների հարցը, որոնք, առանց բնակիչների գիտության, այսինքն՝ գաղտնի, մեծ գումարների դիմաց «Նորաշեն-2007» կոոպերատիվի տերերի կողմից գրավ են դրվել մի խումբ մարդկանց մոտ: Եվ քանի որ «տոկոսչիների» թվում կան պետական պաշտոնյաներ՝ հարկայինի, կադաստրի եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, ուստի օրեր առաջ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունից գործը տեղափոխվել է հատուկ քննչական ծառայության վարույթ: «Նորաշեն-2007»-ի գործը վարում են ՀՔԾ-ի քննիչներ Արթուր Հարությունյանը եւ Գոռ Մկրտչյանը: Սա այն կոոպերատիվն է, որի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը բնակարան հատկացնելու համար հարյուրավոր քաղաքացիներից հավաքելով հազարավոր դոլարներ՝ անհետացել էին, ավելի ուշ բնակիչները պարզել էին, որ իրենց բնակարանները նոր տերեր ունեն. 14 բնակարան գտնվում է Էջմիածնի հարկայինի պետ Դավիթ Բեգլարյանի մոտ, որը ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է, 10 բնակարանի պայմանագիր էլ ոմն Սաշի ձեռքում է:
Մոտ 10 բնակարան էլ ձեւակերպված է «Էսկո» կոնցեռնի տնօրեն Սարգիս Աղաբեկյանի հարազատների անունով եւ այսպես շարունակ: Մոտ 1 ամիս առաջ իրավապահները կալանավորել են կոոպերատիվի տերերից մեկին՝ Արմեն Թադեւոսյանին, ինչը բնակիչների մեջ փոքր-ինչ հույս էր արթնացրել, որ իրենց հարցը կլուծվի, սակայն երեկ մեր խմբագրություն դիմած բնակիչները խիստ կասկածներ ունեին, որ ՀՔԾ-ն արդար քննություն է տանում: Այսպես. այս օրերին հերթով ՀՔԾ հարցաքննության են կանչվում տուժած բնակիչները: Նրանց խոսքերով, երբ սկսում են անուններ տալ եւ ներկայացնել իրենց ձեռքի տակ եղած փաստերը, ասենք՝ թե ով քանի տոկոսի դիմաց է իրենց բնակարանը գրավ վերցրել, քննիչները միանգամից վրդովվում են, ասելով՝ «դուք ինչ գործ ունեք այդ մարդկանց հետ, նրանց հանգիստ թողեք» եւ այլն: Հենց սա էլ հիմք է տալիս մտածելու բնակիչներին, որ քննիչները բացահայտ կողմնապահություն են անում հօգուտ «տոկոսչիների»: Ի դեպ, տոկոսով գումար տալու բոլոր փաստերն ու փաստաթղթերը, որոնք «փախուստի» դիմելուց առաջ չեն հասցրել ոչնչացնել կամ իրենց հետ վերցնել կոոպերատիվի տերերը, գտնվում են ՀՔԾ-ի տրամադրության տակ, բնակիչների մոտ եւ «Առավոտի» խմբագրությունում: Հենց միայն այդ փաստաթղթերը բավարար ապացույց են, որպեսզի հատուկ քննչական ծառայությունը գործը ճիշտ ուղղությամբ տանի: Բնակիչների ներկայացմամբ, Էջմիածնի հարկայինի պետը ոչ մի գնով չի ցանկանում հետ տալ իր մոտ եղած բնակարանները՝ դրանց դիմաց յուրաքանչյուր բնակարանատիրոջից պահանջելով $10 հազար: Ըստ որոշ լուրերի, 3 բնակչի հետ նա եկել է համաձայնության եւ այդ բնակիչները, վախենալով, որ մնացածն էլ կկորցնեն, վճարել են նրա պահանջած գումարը եւ ՀՔԾ-ում արդեն ցուցմունք են տալիս նրա օգտին:
«Նորաշեն-2007»-ի բնակիչները իրենց բնակարանները գնել են նախավճարի պայմանագրերով, յուրաքանչյուր քմ-ի համար վճարելով $550-650, սակայն երբ նրանց բնակարանները վերավաճառվել են՝ գործարքները առուվաճառքի պայմանագրերում ձեւակերպվել են ընդամենը $200: Սա նույնպես փաստ է, որի վրա իրավապահները չպետք է աչք փակեն, այսինքն՝ ի սկզբանե էլ պարզ է եղել, որ այդ բնակարանների մասով ինչ-որ բան այն չէ, հակառակ դեպքում, նույնիսկ կադաստրային գներով մայրաքաղաքում այդքան ցածր գներով բնակարաններ գոյություն չունեն:
Բնակիչների պատմելով, իրենք հանդիպել են պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ, որը բնակիչներին խնդրել է բողոքի ակցիաների ժամանակ իր անունը չշահարկել եւ ինքը պատրաստակամ է վերադարձնել բնակարանները, սակայն, նրանց խոսքերով՝ «Այսօր արդեն թե՛ ինքը եւ թե՛ իր ամուսինը հրաժարվում են իրենց խոսքերից»: Բնակիչները գրեթե համոզված են, որ այս հանցագործությունն էլ կկոծկվի եւ արդյունքում կտուժեն «խեղճ ու կրակ բնակիչները, որոնք կոպեկ- կոպեկ գումարներ էին հավաքել՝ 1-2 սենյակ ձեռք բերելու համար»: Նրանք պատրաստվում են կրկին ցույցի դուրս գալ, քանի որ հարցի լուծման այլ ճանապարհ չեն տեսնում:
Նկատենք, որ մեր երկրում հենց այսպիսի հանցագործությունների անպատժելիությունն է մարդկանց մղում ընդդիմության շարքերը, այսինքն՝ մարդիկ այդ քայլին են գնում ոչ թե հանուն գաղափարների, այլ՝ պարզապես հիասթափված են լինում երկրից, իշխանություններից: