Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ՞

Մայիս 10,2011 00:00

Նրանց վերաբերյալ որեւէ պետական աջակցություն չկա

\"\"

Թեեւ ծնելիութան մակարդակի բարձրացմանը նպաստող մի շարք ծրագրեր արդեն արվել են, սակայն սոցիալական տեսանկյունից բազմազավակ ընտանիքների անդամները պետության կողմից որեւէ աջակցություն չունեն։ Սոցիալական պաշտպանության դաշտում բազմազավակ ընտանիքների մասին անգամ օրենք գոյություն չունի, մեր օրենսդրության մեջ առհասարակ բացակայում է բազմազավակ ընտանիքի սահմանումը, ուստի նման ընտանիքների նկատմամբ չկան նաեւ պետական պաշտպանություն ու պարտավորություն։ Մեր կառավարությունը ծնելիությունը խրախուսում է միայն բանավոր՝ ելնելով ազգաբնակչության վերարտադրողականության ցածր մակարդակից, իսկ երբ այդ երեխաները ծնվում են՝ այլեւս աջակցություն չկա։ Օրենսդրական բացի պատճառով է, որ բազմազավակները մի տեղ կարողանում են որոշակի պետական կամ մասնավոր օգնություններ ստանալ, մի այլ տեղ՝ ոչ։ Անգամ կրթական եւ առողջապահական հիմնարկներում աշխատակիցներն իրենց հայեցողությամբ են ընտրում, թե ինչպիսի զեղչեր կարող են կիրառել բազմազավակ ընտանիքի անդամների համար։
Բազմազավակների ֆորումի նախագահ, 7 երեխաների մայր Մարիետա Կարապետյանն արդեն մի քանի տարի՝ Ազգային ժողով, կառավարություն եւ տարբեր կուսակցությունների նամակներ է գրում, որպեսզի բազմազավակների մասին եւ նրանց հոգսերը թեթեւացնող օրենք մշակվի, սակայն՝ ապարդյուն. «Առաջ այդպես չէր, բազմազավակների մասին օրենք կար, որի համաձայն մեզ նման ընտանիքներին տուն էին տալիս, մեքենա, անգամ շատ պետական ծառայություններից կարող էինք անվճար օգտվել, 50 տարեկանից թոշակ էին տալիս, բայց հիմա ոչինչ էլ չկա։ Ուր գնում ենք օգնություն կամ աջակցութուն խնդրելու մեզ համար, հաճախ հարցնում են, թե ինչու ենք այդքան երեխա ունեցել, եթե չէինք կարող պահել։ Ախր, այդպես չի կարելի, չէ, իմ պայմանները, օրինակ, լավ են եղել, ի՞նչ իմանայինք, որ սենց կլինի, մեր կյանքը կփոխվի, մենք ամուսիններով ուզել ենք ու 7 երեխա ենք ունեցել։ Մեր ազգի համար ենք ունեցել, ինչո՞ւ են մեզ վիրավորում։ Որ օրենք լիներ, նման կերպ ոչ ոք էլ մեզ հետ չէր խոսի, ամեն ինչ կլիներ հստակ եւ կարգավորված»։ Տիկին Մարիետան դեռ 57 տարեկան է, այսինքն՝ չի հասել թոշակի տարիքի. «Եթե թոշակ ստանայի, մի քանի հարց գոնե կկարողանայինք լուծել։ Մեր տանը միայն ամուսինս է աշխատում, շինանյութի շուկայում բեռնակիր է, արդեն վատառողջ է, 2 անգամ ավատովթարի է ենթարկվել, հաջորդ տարվանից թոշակի է անցնելու: Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, ասացին, որ գնամ հետազոտվեմ, հիվանդանոցի ստացիոնարում էլ պառկեմ ու թոշակ կստանամ, սակայն չեմ կարող, բա տան անդամներին ո՞վ տիրություն անի, սկեսուրս էլ է մեզ հետ ապրում, անկողնային հիվանդ է։ Մի տղաս հաշմանդամ է, աղջիկս ուսանող է։ Բացի այդ՝ սննդի եւ գումարի խնդիր կա։ Մենք բոլորս էլ թերսնված ենք, ինչպե՞ս ինձ թույլ տամ հիվանդանոց պառկել»։
Նրա որդիներից մեկը իր հղի կնոջ եւ երեխայի հետ նրանց տան բակում է ապրում՝ «տնակի» մեջ, մյուս տղան էլ տատի բակում է նման պայմաններով ապրում՝ իր 2 երեխաների եւ կնոջ հետ, որը նույնպես պատրաստվում է մայրանալ։ «Մեծ աղջիկս մորս տան խոհանոցում է բնակվում իր 3 երեխաների հետ՝ մի տղան ծառայում է բանակում։ 2 աղջիկներս վատ չեն ապրում, համենայնդեպս տուն ունեն, մենք էլ մեր փոքրիկ եւ կիսախարխուլ տանը բնակվում ենք 5 հոգով՝ ես, ամուսինս, փոքր տղաս, աղջիկս եւ սկեսուրս։ Տանս պայմաններն էլ այն չեն, պատերը փլվում են խոնավությունից, կտուրից հաճախ ջուր է կաթում։ Կոմունալ վարձերը չենք կարողանում մուծել՝ 37 հազար դրամ գազի վարձ պետք է մուծեմ, 12 հազար՝ էլեկտրաէներգիայի, որտեղի՞ց մուծենք, ամուսինս օր է լինում գումար չի կարողանում տուն բերել։ Մեծ ընտանիք ենք, ո՞նց հասցնենք։ Մեր տունն անգամ չենք կարողանում սեփականաշնորհել»,- սրտնեղած պատմում էր տիկին Մարիետան։
Նրանց Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունը փոքր-ինչ օգնում է՝ որպես համայնքի անապահով եւ բազմանդամ ընտանիքի, սակայն դա էլ չի բավականացնում. «Մեր մոտի բոլոր խանութներին ու բուդկաներին պարտքեր ունենք։ Մտածում էինք, որ եթե թաղապետարանը կարողանա շինանյութ հատկացնել, մեր տունը մի քիչ կարգի կբերենք, 2-րդ հարկ էլ կկառուցենք, որ տղայիս ընտանիքը 2-րդ հարկում բնակվի, ոչ թե «դոմիկում», բայց թաղապետարանից ասացին, որ նման գումարներ չունեն։ Միակ բանը, որ չենք նեղվում, հագուստն է, քանի որ ես բարեգործական ընկերությունում եմ, հագուստ եմ ստանում»։
Նշենք, որ արդեն 1 տարուց ավելի է, ինչ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բազմազավակների մասին օրինագիծ է մշակում, իսկ մինչ այդ՝ բազմազավակները ստիպված են «յոլա» գնալ ու սպասել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել