Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկը հանդիսացող, գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող SPAYKA ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը նոր է վերադարձել Վրաստան կատարած գործուղումից եւ զբաղված է իր պարտականությունների կատարմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, թե Ղազարյանի դեմ գործ է հարուցվել, եւ նա ձերբակալվել է, ապա քննիչի որոշմամբ ազատ է արձակվել: «Մենք մեկնաբանության որեւէ պատճառ չունենք, քանի որ մենք չենք հասկանում, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը գնում»,- հայտարարել է Բաղդասարյանը:
NEWS.am-ը փորձել է ճշտել՝ հնարավո՞ր է կապվել Դավիթ Ղազարյանի հետ եւ անձամբ նրանից մեկնաբանություն ստանալ: Կարեն Բաղդասարյանն ասել է, թե Ղազարյանը զբաղված է եւ «իր աշխատավայրում իր աշխատանքն է իրականացնում»:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործին, ապա այս մասին SPAYKA-ի ներկայացուցիչն ասել է. «Խոսվում է մի բանի մասին, որը գոյություն չունի, հետեւապես՝ գոյություն չունեցող բանը մեկնաբանության կարիք չունի: Իսկ այն, ինչը որ պետք կլինի հերքել, առաջիկայում կհերքվի»:
Կարեն Բաղդասարյանը առաջարկեց այցելել SPAYKA եւ համոզվել, որ ամեն բան կարգին է, եւ եթե հարկ լինի՝ զրուցել անձամբ Դավիթ Ղազարյանի հետ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, SPAYKA-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Ղազարյանն, ըստ մամուլի հրապարակումների, երեկ պետք է կալանավորվեր, սակայն քննիչի որոշմամբ ազատ է արձակվել:
Ի դեպ՝ ՊԵԿ–ը պաշտոնապես հաստատել է, որ SPAYKA ընկերության տնօրենի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: