Անորակ գինով չեն խաբվում միայն եվրոպացիները
Հայաստանի գինեգործները շահագրգռված չեն գինու որակը բարձրացնելով, որովհետեւ գիտեն՝ ինչ էլ արտահանեն՝ կվաճառվի: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի համոզմամբ, հենց այս է պատճառը, որ Հայաստանի գինեգործությունը գնում է դեպի անկում: «Սփյուռքը մեզնից անորակ գինի է գնում: Հայ արտադրողն էլ տեսնում է, որ իր անորակ արտադրանքը սպառվում է, ոչինչ չի անում որակը բարձրացնելու ուղղությամբ: Սփյուռքը երբեք որակի պահանջ չդրեց, միայն ասում էր՝ հայկական գինի բերեք, կվաճառենք: Նոր-նոր են սկսել դժգոհել, որակի պահանջ ներկայացնել, բայց դա վաղուց պետք է անեին»: Պարոն Հարությունյանի խոսքով, Հայաստանին դեռ չի հաջողվում եվրոպացուն համոզել, որ հայկական էժան գինին նաեւ որակով է… «Հայաստանը արտասահմանյան շուկա մտավ խորհրդային տարիների արտադրության ու եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող գինու տեսականիով: Արտասահմանցի սպառողին չենք կարողանում համոզել, որ շատ բան է փոխվել»: Պարոն Հարությունյանի խոսքով, լավ գինին եվրոպացու համար թանկ գինին է. «Եվրոպական շուկայում ամենաթանկ հայկական գինին $5 է, ինչը անորակ գինու գին է: Եվրոպացու համար հայկական գինին ասոցացվում է վատ գինու հետ: Սրա համար էլ հայ գինեգործը չի էլ մտածում գինու գինը բարձրացնելու մասին: Այս առումով ռիսկային ենք»:
Հայ գինեգործները ոչ միայն սփյուռքահայ, այլեւ տեղացի սպառողին են խաբում գինու որակի հարցում: Ըստ պարոն Հարությունյանի, տեղական շուկայում վաճառվող գինին էլ է շատ անորակ: Անկախ խմիչքի որակից՝ հայ սպառողն այս տարվա առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի քիչ ալկոհոլ է օգտագործել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էապես նվազել է ալկոհոլի արտադրությունը, հատկապես օղու մասով՝ մոտ 29%:
Գինեգործների միության նախագահը անկումը բացատրում է սպառողի նախընտրության փոփոխությամբ. «Հայերի մեծամասնությունը օղուց անցնում է գինուն: Այն հայկական շուկայում այժմ այնքան մեծ պահանջարկ ունի, որ սպառողին բավարարելու համար ավելացել են ներմուծման ծավալները: Այս տարվա մարտին երեք անգամ ավելի է գինի ներմուծվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»:
Ազգային վիճակագրական ծառայությունն էլ արձանագրել է, որ այս տարի էլ Հայաստանում օղին մնում է ամենաշատ օգտագործվող խմիչքը՝ մոտ 2 միլիոն լիտր, նախորդ տարվա 2,7 լիտրի փոխարեն: Պարոն Հարությունյանն էլ շարունակում է. «Տեղական շուկայում գինիների մոտ 80%-ը մինչեւ 1500 դրամանոց տեղական արտադրության գինիներն են: Աղքատ ու միջին խավը օգտագործում է մինչեւ 4500 դրամանոց գինիները: Ներմուծված գինին սպառում է հարուստ խավը»:
Օղուց բացի՝ 2011-ի առաջին եռամսյակում հայերը նաեւ գարեջուր են սկսել ավելի քիչ օգտագործել: 3 ամսում սպառել են մոտ 1,8 միլիոն լիտր գարեջուր՝ նախորդ տարվա 2,3 միլիոն լիտրի փոխարեն: Ոլորտում գրանցված 14% անկումն էլ, ըստ պարոն Հարությունյանի. «Ներքին արտադրությունում գրանցված անկումը պայմանավորված է սեզոնով: Տարեկան կտրվածքով եթե նայենք, ապա 2010-ին 2009-ի համեմատ 1,5 անգամով սպառումն ավելի մեծ էր: Պարզապես պետք է հասկանանք, որ այս ամիսը գարեջրի ամիս չէ, դրանով կարելի է բացատրել անկումը»:
Կոնյակի արտադրությունը Հայաստանում մեծ է, բայց սպառումն է տեղական շուկայում նվազել: Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ գնաճը ոչ մի կերպ չի անդրադառնա ալկոհոլային խմիչքի գների վրա. «Առաջիկայում այս ոլորտում գնաճ չի լինի, որովհետեւ ալկոհոլն առաջին անհրաժեշտության ապրանք չէ: Ալկոհոլի գնաճը տնտեսական գլոբալ երեւույթների հետ է կապված»:
Պարոն Հարությունյանի խոսքով, տեղական շուկայում խմիչքի գների նվազման միտում է նկատվել. «Խոշոր ընկերությունները՝ «Մապը», «Վեդի Ալկոն» եւ «Պռոշյանի գինու գործարանը» դեմպինգային քաղաքականություն են վարում, որ կարողանան սպառել՝ միաժամանակ պահպանելով մրցակցությունը»: Ինչ վերաբերում է կոնյակի արտադրությանը, պարոն Հարությունյանը նկատեց, որ այն ներքին շուկայում սպառման մակարդակով զիջում է ալկոհոլային այլ խմիչքներին, բայց արտադրության ծավալներով զգալիորեն գերազանցում է: Առաջին եռամսյակում արտադրված 2,9 միլիոն լիտր կոնյակից արտահանվել է 93%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում 22%-ով աճել է արտահանումը, 5,4%-ով՝ արտադրությունը:
Պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ռուսական շուկայում հայկական կոնյակի պահանջարկը կմեծանա՞ վերջերս ռուսական երկու խոշոր՝ «Альянс-1892 եւ «КиН» կոնյակ արտադրող գործարանների փակման արդյունքում: Ըստ մեր զրուցակցի, ոչ մի էական փոփոխություն չի լինի: Ըստ նրա, ռուսական շուկան այնքան մեծ է, որ այնտեղի «խմորումները» երբեք Հայաստանի վրա չեն ազդի: