Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքը վնասվել է

Մայիս 10,2011 00:00

\"\"Արագածոտնում կարկուտ է, Արարատյան դաշտավայրում՝ խոնավ

Խոնավ կլիման բարձրադիր գոտում գտնվող բնակավայրերի բերքին ոչ մի վնաս չի հասցնի: Գյուղացու մտահոգություններին ի պատասխան՝ վստահեցնում է գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը. «Հացահատիկների համար հրաշալի ջերմաստիճան է ու խոնավությունն էլ՝ օգտակար: Խնդիրը միայն այն է, որ ուշանում են գարնանացանի աշխատանքները»: Ըստ գյուղատնտեսի, հարթավայրային գոտում, ընդհակառակը, խոնավությունը խիստ անցանկալի է. «Բացասական ազդեցություն է թողնում պտղի վրա: Սնկային, ծակոտինային բծավորում հիվանդություններն են զարգանում: Կորիզավորների ու հատկապես դեղձենու մոտ տարածված է գանգրոտությունը»։
Պարոն Պետրոսյանը գյուղացուն խորհուրդ է տալիս հիվանդությունների դեմ պայքարել ճիշտ ժամանակին. «Թունաքիմիկատներից մի՛ խուսափեք, դրանք լավագույն պայքարի միջոցներն են: Ազդեցիկ միջոց են նաեւ տոպազի ու անդրակոլի խառնուրդով սրսկումները՝ համատեղելով կարատեզեն, արիվո կամ այլ պրեպարատով»: Պտղի հիվանդություններից ամենից շատ տուժում է Արարատյան դաշտավայրը, կարկուտից էլ՝ Արագածոտնը: Ըստ գյուղատնտեսի, այս մարզում կարկտահարությունից լուրջ վնասներ են արձանագրվել. «Վնասները մեծ են Աշտարակի տարածաշրջանում: Վնասվել են հատկապես հացահատիկային, կերային մշակաբույսերի ցանքեր, պտղատու ծառեր: Նախարարությունը հաշվում է վնասների չափերը»:
Պարոն Պետրոսյանի խոսքով, խոնավությունն էլ իր «սեւ» գործն է արել Արարատյան դաշտում. «Այստեղ նկատելի է, որ ծիրանենու ճյուղերը սեւանում են, հետո թափվում: Պետք չէ շատ մտահոգվել, բուժումները գյուղացին թող անի ժամանակին, մնացածը եղանակի խնդիրն է: Ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Չնայած կարկուտին ու խոնավությանը, մեր զրուցակցի գնահատմամբ, գյուղատնտեսական լավ տարի է սպասվում. «Ամենակարեւորն այն է, որ ցրտահարություն չեղավ: Մտահոգություն ունենք հնարավոր տեղումներից՝ կարկուտի վտանգը դեռ երկար կունենանք՝ մինչեւ հունիս»: Պարոն Պետրոսյանի խոսքով, այս տարի կարտոֆիլի լավ բերք է սպասվում. «Խոնավ եղանակը նպաստավոր է կարտոֆիլի ցանքերի համար: Ժողովուրդը այս տարի շուկայում կնկատի ոչ միայն կարտոֆիլի առատությունը, այլեւ գների նվազումը: Նախորդ տարվա աստղաբաշխական գներն էլ չեն լինի, հունիսից բավականին էժան է լինելու»: Գյուղատնտեսի համոզմամբ, կարտոֆիլից ոչ պակաս առատ ու մատչելի են լինելու նաեւ կորիզավոր պտուղները. «Պտուղը հաստատ շատ առատ կլինի: Հատկապես դեղձն ու ծիրանը: Խնձորի բերքն էլ վատ չէ, գոլդեն խնձորի տեսակը հաջող չէ, շատ տեղերում չաճեց, բայց մյուս տեսակները փայլուն են»: Նրա համոզմամբ, ոլորտում նախորդ տարվա 14% անկմանը այս տարի հաստատ աճ կգրանցվի. «Անցած տարվա տխուր վիճակը չենք ունենա: Բավականին լուրջ քայլեր են արվում՝ գյուղգործիքների, մեքենաների, սերմացուի, պարարտանյութի ու բոլոր մնացած առումներով: Այս քայլերը, բնականաբար, կտան իրենց դրական արդյունքը: Չեմ կարող ասել, թե աճը կհասնի՞ գյուղնախարարության նախանշած 10%-ին, բայց դրական տեղաշարժ հաստատ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել