«Կեցցե սովետական ժողովուրդը, որը ջախջախեց ֆաշիզմը եւ աշխարհը փրկեց», «Կեցցե կոմունիստական կուսակցությունը, որը ղեկավարեց այդ պատերազմը եւ հասցրեց հաղթանակին», «Կեցցե Ստալինն, ում դերը մեծ եղավ այդ հաղթանակի գործում», «Փառք վետերաններին», «Հավերժ հիշատակ նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հաղթանակի». այս կոչերը երեկ առավոտյան «Հաղթանակ» զբոսայգում հնչեցրել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը, ով իր կուսակիցների հետ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-րդ եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի առթիվ ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ: Կոմունիստների պսակը խորհրդանշում է Մեծ հայրենականի մասնակցությունը խորհրդանշող շքանշանը: Ի դեպ, երեկ ՀԿԿ ԿԿ-ականների եւ շարքայինների հետ «Հաղթանակ» զբոսայգի էր այցելել ժամանակին կարկառուն կոմկուսական, այժմ՝ առաջադիմական կոմունիստ Վազգեն Սաֆարյանը՝ իր համակիրներով: Ընկեր Թովմասյանը չցանկացավ հակադարձել «Առավոտի» դիտարկմանը, որ սա կոմունիստների բազմաչարչար միավորմանն ուղղված առաջին քայլն էր, միայն հիշեցրեց, որ վերջին համագումարում ի գիտություն է ընդունվել «առաջադիմականների»՝ համագործակցության առաջարկը: Հետաքրքրվեցինք՝ հատո՞ւկ էին կոմունիստներն իրենց այցելության ժամն առավոտյան նշանակել, որպեսզի այդտեղ չհանդիպեին ՀՀ ԱԺ նախագահին եւ վարչապետին, ընկեր Թովմասյանն ասաց, որ իրենք սովորաբար առավոտյան են գնում եւ անգամ տեղյակ էլ չէին, թե որեւէ պաշտոնական այր նախատեսո՞ւմ է այցելել, թե՞ ոչ, կամ կա՞ արդյոք տոնակատարությունների գրաֆիկ: «Այսօր մեզ դաս տվող Եվրոպան Մեծ հայրենականում Հիտլերի առջեւ 116 օրում ծնկի եկավ: Աշխարհի պատերազմների պատմության մեջ Մեծ հայրենականն աննախադեպ էր՝ այն իմաստով, որ 130 ազգեր եւ ազգություններ էին ոտքի ելել՝ հանուն ընդհանուր հայրենիքի, ու դա գալիս էր սոցիալիստական գաղափարախոսությունից»,- իր շնորհավորանքներն օրվա առիթով հղելով եւ պարծանքով ասում է ընկեր Թովմասյանը՝ հպարտանալով, որ հայ ժողովուրդը ոչ միայն Մեծ հայրենականի մասնակից է, այլեւ հաղթանակը կռած ժողովուրդ: Զուգահեռներ տանելով Մեծ հայրենականի եւ արցախյան պատերազմի, մասնավորաբար, Շուշիի ազատագրման հետ՝ նա նկատում է, որ Շուշիի ազատագրումն էլ խորհրդային ռազմահայրենասիրական դաստիարակության շնորհիվ եղավ: